Ֆրանսիական «Պլանետ» հեռուստաալիքով ցուցադրված Միքայել Հակոբյանի «Հայաստանյան վերհուշ» վավերագրական ժապավենը պարունակում է մի ամբողջ շարք արժեքավոր փաստաթղթեր: Ֆիլմի հիմքը կազմում են Մեծ եղեռնը վերապրած, Խարբերդի 1915 թ. ջարդերի ականատես, 1990-ական թթ. Ֆրեզնոյում (Կալիֆոռնիա) բնակված անձանց 400 հարցազրույցները, ինչպես նաեւ 1915 թ. առնչվող լուսանկարները, վավերագրական ժապավենները, հուշագրությունները եւ մանավանդ այդ թվականին Խարբերդում ապրած 5 օտարերկրացիների օրագրերը: Նրանցից մեկն ամերիկացի հյուպատոս Դեւիսն է, որն առանձնապես աչքի չէր ընկնում հայամետ կեցվածքով:
Ականատեսներից մեկի օրագիրը, չնայած ավելի ուշ կատարված բազմաթիվ ջնջումներին, վերծանվել է եւ Հայոց ցեղասպանության կազմակերպման մեջ զգալի չափով մեղադրում է գերմանացիներին:
Խարբերդի հայերը դեռ 1915 թ. սկզբներին ապրում էին երջանիկ ու բարգավաճ կյանքով: Նրանք ձեռնարկությունների, մասնավորապես մանածագործարանների տերեր էին, արտադրում էին մետաքս, խաղող, ուսուցիչներ էին, բժիշկներ, փաստաբաններ, առաջնակարգ արհեստավորներ: Թուրքերից շատերը նախանձով էին նայում հայերին:
Ֆիլմի հեղինակ, ներկայումս ամերիկահայ Միքայել Հակոբյանի հայրը Խարբերդում հայտնի վիրաբույժ էր եւ, ի թիվս այլոց, փրկել էր մի շարք թուրք պաշտոնյաների կյանքը: Ամերիկացի միսիոներները սերտ կապեր ունեին հայերի հետ: Բայց 1915 թ. մայիսի 2-ին սկսվեցին քաղաքի եւ շրջակայքի հայերի ձերբակալությունները, կտտանքներն ու աքսորը: 51 հազար հայեր աքսորվեցին, 10 հազար դիակներ հայտնաբերվեցին Գոլյուք լճում: Փարիզի «Աշխարհ» թերթը նշում է, որ ջարդերից փրկված Միքայել Հակոբյանը 1923 թվականից ապրում է Ֆրեզնոյում:
Պ. Ք.