Դրամավարկային քաղաքականության ծրագրի ներկայացման ժամանակ նշեց ԿԲ նախագահը
2005 թ. դրամավարկային քաղաքականության առաջին եռամսյակի հիմնական ուղղությունները երեկ Կենտրոնական բանկում ներկայացվեցին կոմերցիոն բանկերի ներկայացուցիչներին: Ներկայացնելով դրանք, ԿԲ դրամավարկային քաղաքականության վարչության պետ Աշոտ Մկրտչյանը հայտնեց, որ այս տարվա համար ծրագրված է 8 տոկոս տնտեսական աճ: Նախորդ տարվա 11 ամիսներին գրանցվել է 10 տոկոս տնտեսական աճ: Առավել մեծ աճ արձանագրած ճյուղը գյուղատնտեսությունն է եղելՙ 14 տոկոս: Հաջորդ, գնաճային ցուցանիշը չի գերազանցել նախատեսված 3 տոկոսը, կազմելով 2 տոկոս: Հիշեցնենք, որ այստեղ խոսքը նվազագույն սպառողական զամբյուղի մեջ մտնող ապրանքների գնաճին է վերաբերում, իսկ ընդհանուր գնաճը կազմել է 7 տոկոս:
Կոմերցիոն բանկերի ղեկավարներին եւ ներկայացուցիչներին երեկ ներկայացվեց նաեւ պետական պարտատոմսերի թողարկումների եւ մարումների ծրագիրը: Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության վարչության պետ Արշալույս Մարգարյանը մասնավորապես տեղեկացրեց, որ այս տարվա ընթացքում նախատեսվում են երկարաժամկետ պարտատոմսերի թողարկումներՙ 8, 10, 12 եւ 15 տարի ժամկետայնությամբ: Նա նաեւ հայտնեց, որ անցյալ տարվա ընթացքում լավագույն գործակալ բանկ է ճանաչվել «Կոնվերս բանկը» եւ լավագույն դիլեր բանկ «Ինեկո բանկը»:
Դրամավարկային քաղաքականության ծրագրի մասին լրագրողներին պարզաբանումներ տալով, ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը նշեց, որ ծրագրի ներկայացումը նպատակ ունի շուկայի մասնակիցներինՙ բանկերին, դիլերներին եւ գործակալներին տեղյակ պահել, թե դրամական բազայի կառավարման տեսակետից ինչպիսի գործողություններ է իրականացնելու Կենտրոնական բանկը: Դա հնարավորություն կտա, որպեսզի վերջիններս իրենց քաղաքականությունը համահունչ դարձնեն ԿԲ քաղաքականության հետ:
Փոխարժեքի ներկա վիճակի մասին հարցին պատասխանելով, Տիգրան Սարգսյանը նշեց, որ տարեսկզբին շուկայում մշտապես դրսեւորվում է սեզոնայնության գործոնը: Այսինքն, տարեվերջին բնակչությունը մեծածավալ գնումներ է իրականացնում հիմնականում դրամով, որի արդյունքում դրամի տեսակարար կշիռը կտրուկ ավելանում է դրամական բազայի մեջ: Իսկ հաջորդ տարվա սկզբին դրամի տեսակարար կշիռը դրամական բազայի մեջ նորից նվազում է: Այս տարվա առանձնահատկությունն, ըստ ԿԲ նախագահի, նաեւ այն է, որ սեզոնայնությանն ավելացավ դոլարի դիրքերի ուժեղացումը եվրոյի նկատմամբ: Այս երեւույթն էլ իր ազդեցությունն է թողնում մեր շուկայում: Այդուհանդերձ, Տիգրան Սարգսյանն ընդգծեց, որ Հայաստանը շարունակում է մնալ դոլարացված երկիր, չնայած նախորդ տարի եվրոյով գործառույթները կտրուկ աճել են: Մեր քաղաքացիները շարունակում են իրենց խնայողությունները պահել դոլարով, մասնավոր փոխանցումների 95 տոկոսը դոլարային է:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ