«Հայաստանի անտառներ» հասարակական կազմակերպությունը Ջինիշյան հիմնադրամի ֆինանսավորմամբ տարին սկսել է բնապահպանական երկարատեւ ծրագրով: Սկիզբը բնապահպանական եռօրյա դասընթացն է հասարակական կազմակերպությունների համար: Այն մեկնարկեց երեկ Թեքեյան մշակութային միությունում: Մասնակցում են նախապես հայտարարված մրցույթով անցած 12 հասարակական կազմակերպություններ, 7-ը մարզերից (Սյունիք, Կոտայք, Շիրակ, Լոռի), 5-ըՙ Երեւանից: Հիմնական պահանջն ուսանողության հետ աշխատանքի փորձն է եղել: Դասընթացի ավարտին երեք շաբաթվա ընթացքում մասնակից ՀԿ-ները պետք է ներկայացնեն շրջակա միջավայրի պահպանության ծրագրեր, որոնցից 5-ը կընտրվեն «Հայաստանի անտառներ» կազմակերպության մասնագիտական խմբի կողմից եւ կիրականացվեն մինչեւ տարեվերջ: Առաջարկվող ծրագրերի իրականացման ժամկետը պետք է լինի 8 ամիս, արժեքըՙ ոչ ավելի, քան 7 հազար դոլար եւ պարտադիր պետք է ներառեն ուսանողներին: «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի նախագահ Ջեֆրի Թուֆենկյանը ցանկալի է համարում ուսանողների աշխատանքի համար որոշակիորեն վճարելը: ՀԿ-ների կողմից առաջարկվող ծրագրերում այդ կետի առկայությունը գնահատելու են կազմակերպիչները: 30-35 հազար ամերիկյան դոլար արժեցող այս ծրագրի իրականացումը կազմակերպիչը վերահսկելու է կատարող ՀԿ-ի երկամսյա հաշվետվությունների միջոցով: Արդյունավետության դեպքում ծրագիրը կարող է դառնալ շարունակական, ինչպես վստահեցրեց «Հայաստանի անտառներ» կազմակերպության նախագահ Ջեֆրի Թուֆենկյանը:
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ