«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#1, 2005-01-11 | #2, 2005-01-12 | #3, 2005-01-13


ԴԱԼՄԱՅԻ ԱՅԳԻՆԵՐԻ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ստրասբուրգում քննության է ընդունել Երեւանի Դալմայի այգիների հողամասերը վարձակալման տալու գործը: Հայցը ընդդեմ Հայաստանի Հանրապետության ներկայացրել են Ա.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնը, Տարածաշրջանային զարգացման կենտրոնը (Տրանսպարենսի ինտերնեյշնլ) եւ Հայկական բուսաբանական ընկերությունը: Ինչպես հայտնեց Կենտրոնի իրավաբան Մերի Խաչատրյանը, հիշյալ կազմակերպությունների Եվրոպական դատարան դիմելու պատճառը Դալմայի այգիների սեփականաշնորհման մասին Հայաստանի կառավարության որոշումները անվավեր ճանաչելու վերաբերյալ հայցը քննարկման ընդունելուց տեղի դատարանների հրաժարվելն է:

Կառավարության որոշումներին համապատասխան, «Ֆրանկ Մյուլլեր Հայաստան» եւ «Ռենկո Արմսթեյդ» ՍՊԸ-ները 50 տարի ժամկետով վարձակալության են ստացել, համապատասխանաբար, 3 հա եւ 5 հա հողակտորներ, Տավրոս եւ Սիրանուշ Գալշոյաններըՙ 5 հազ. քմ, «Հայկական ավիաուղիներ» ընկերությունը (որն անմիջապես իր իրավունքները փոխանցել է «Միկա Լիմիթեդ» ընկերությանը)ՙ 5 հա:

Ըստ իրավաբան-իրավապաշտպանների, կառավարական որոշումներում իրենք բացահայտել են օրենսդրության, մասնավորապես «Իրավական ակտերի մասին» եւ «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքների, ՀՀ Հողային օրենսգրքի, Օրհուսի կոնվենցիայի մի շարք դրույթների բազմաթիվ խախտումներ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4