«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#3, 2005-01-13 | #4, 2005-01-14 | #5, 2005-01-15


ՀԱՅԱՍՏԱՆԸ ՈՉ ՄԻԱՅՆ ՉԻ ԲՆԱԿԵՑՆՈՒՄ ԱԶԱՏԱԳՐՎԱԾ ՇՐՋԱՆՆԵՐԸ, ԱՅԼԵՎ ԻՐ ՓՆԹԻ ՔԱՅԼԵՐՈՎ ՎԱՐԿԱԲԵԿՈՒՄ Է ՎԵՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ԳԱՂԱՓԱՐԸ

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ

Քարվաճառ-Քաշաթաղ-Ստեփանակերտ

Քաղաքական վերլուծաբան Դավիթ Բաբայանը կարծում է, որ ԼՂՀ-ի շուրջ ստեղծված անվտանգության գոտու մի շարք ռազմավարական կարեւորագույն տարածքների բնակեցումը Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի գոյատեւման եւ ապագա անվտանգ զարգացման խնդիրն է: «Վերոնշյալ ենթատեքստում առանցքային դեր են խաղում Քաշաթաղի (Լաչին) եւ Քարվաճառի (Քելբաջար) շրջանները: Առաջինը Ղարաբաղը եւ Հայաստանը միմյանց կապող օղակն է, երկրորդըՙ երկու հայկական պետությունների ջրային պաշարների դոնորը», ասաց ստեփանակերտցի վերլուծաբանը:

Հունվարի վերջերին ԵԱՀԿ փաստահավաք առաքելությունը մոնիտորինգ է անցկացնելու ղարաբաղյան ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքներում, համոզվելուՙ արդյոք Հայաստանը յուրացման եւ բնակեցման պետական քաղաքականությո՞ւն է իրականացնում այդ վայրերում: Նախքան փաստահավաք առաքելության ժամանումը «Ազգն» իր նախաձեռնությամբ որոշեց մի քանի օր անցկացնել անվտանգության գոտու այն շրջաններում, որտեղ ակնկալվում է եվրոպացի դիտորդների ժամանումըՙ Քարվաճառի եւ Քաշաթաղի շրջաններ: Մեր առաջին թղթակցություններն արդեն լույս են տեսել:

Պաշտոնական Երեւանի եւ Ստեփանակերտի պնդումները, որ անվտանգության գոտում վերաբնակեցման պետական քաղաքականություն չի իրականացվում, ցավոք, համապատասխանում են իրականությանը: Մենք չենք ցանկանում թվեր ներկայացնել, սակայն չենք կարող ուշադրություն չհրավիրել հետեւյալ իրողությանը. Քաշաթաղի շրջանից վերջին մի քանի տարիներին բնակչության 25 տոկոսն արտագաղթել է: Ըստ էության, պաշտոնական Երեւանը ոչ միայն չի վերաբնակեցնում եւ յուրացնում անվտանգության գոտին կամ, ադրբեջանական բառապաշարով ասած, գրավյալ շրջանները, այլեւ իր գործողություններով վարկաբեկում է վերաբնակեցման գաղափարը:

Արդյոք վերաբնակեցում կարելի՞ է համարել, երբ Բաքվից, Սումգայիթից, Հյուսիսային Արցախից բռնահանված հայերը տանիք եւ ջերմություն չգտնելով Հայաստանում, ստիպված են լինում նոր կյանք ստեղծել Քարվաճառում կամ Քաշաթաղում: Արդյոք վերաբնակեցո՞ւմ պետք է համարել, երբ Հայաստանում սովի մատնված հայ որոշ ընտանիքներ տեղափոխվում են այդ տարածքներ: Ճիշտ է, որոշ դեպքերում պետությունը նրանց, ասենք, կարող է մեկ կով գնելու վարկ տրամադրել: Չհարմարվելով նոր պայմաններին, ընտանիքի տղամարդը մորթում է անասունը կամ վաճառում եւ կրկին տեղափոխվում Հայաստան:

Պետական մակարդակով բնակեցում է իրականացնում Բաքուն, եւ Երեւանն ու Ստեփանակերտը նրանից սովորելու բան ունեն: 2001 թ. Հեյդար Ալիեւը պետական միջոցներից 18 մլն դոլար տրամադրեց եւ կարճ ժամանակում 1400 ընտանիք վերաբնակեցրեց ԼՂՀ-ից բռնազավթած Շահումյանում եւ Վերին Շենում: Անձամբ ինքըՙ Հեյդար Ալիեւը, մասնակցել է հայկական այս երկու գյուղերում 1000 ադրբեջանական ընտանիքների բնակեցման պաշտոնական արարողությանը: Բնակեցումից հետո այդ գյուղերը վերանվանվեցին Աշաղը Աղջաքենդ եւ Յուխարը Աղջաքենդ:

Ազատագրված տարածքների պաշտպանություն հասարակական նախաձեռնության քաղաքական քարտուղար Արմեն Աղայանը կարծում է, որ ազատագրված տարածքները պետք էր բնակեցնել թշնամուց մաքրելուց առաջին օրվանից եւ պետք էր սկսել ոչ թե Լաչինի միջանցքից, այլ Ղարաբաղի թիկունքից: «Այն հայտարարությունները, որ Հայաստանը պետական մակարդակով բնակեցում չի իրականացնում, ցավոք, համապատասխանում են իրականությանը: Հայաստանը շատ քիչ է նպաստել կամ ընդհանրապես չի նպաստել այդ տարածքների բնակեցմանը», ասաց Աղայանը:

Ստեփանակերտում լույս տեսնող «Դեմո» թերթի գլխավոր խմբագիր Գեղամ Բաղդասարյանը կարծում է, որ պետությունը պիտի ամեն ինչ անի իր քաղաքացիներին բնականոն պայմաններով ապահովելու համար: «Կարծես թե մոռացվել է, որ հայերս նույնպես մեծ թվով փախստականներ ունենք եւ նրանց առաջ ծառացած լուրջ խնդիրներ կան: Այս, այլ ոչ թե «բնակեցումՙ հանուն բնակեցման» բանաձեւի տեսանկյունից ելնելով, ես դրականորեն եմ պատասխանում հարցինՙ ազատագրված տարածքները պետք է բնակեցվեն», ասաց Բաղդասարյանը:

Մյուս կողմից, Բաղդասարյանը կարծում է, որ հարցն առնչվում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին: «Միանշանակ պատասխանելու համար պիտի տիրապետել բանակցային գործընթացի բոլոր մանրամասներին: Այդ տեղեկատվությունն ունի միայն իշխանությունը: Ուստի հենց իշխանությունը կարող է միանշանակ եւ համապարփակ պատասխան տալ հարցինՙ պիտի բնակեցվե՞ն ազատագրված տարածքները»:

ԵԿՄ վարչության փոխնախագահ Մյասնիկ Մալխասյանը հիշեցնում է, որ այդ տարածքներն ազատագրվել են Ղարաբաղի անվտանգությունն ապահովելու նպատակով: Քանի որ ընթանում է բանակցային գործընթաց Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, ապա, ըստ Մալխասյանի, այդ մասին կարելի կլինի խոսել, երբ հայտնի լինեն բանակցությունների մանրամասները: «Ամեն դեպքում Լաչինը եւ Շուշին չեն կարող սակարկության առարկա լինել, իսկ մնացած տարածքների մասին պետք է բանակցություններ գնան: Այլապես անհասկանալի կլինի, թե ինչի շուրջ են բանակցում կողմերը», ասաց նա:

ԼՂՀ խորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովի անդամ, դաշնակցական Մաքսիմ Միրզոյանը հիշեցնում է, որ Խորհրդային Ադրբեջանում հայերը կորցրել են 180 հազար բնակարան: Նա ասում է, որ ազատագրված տարածքները պետք է բնակեցվեն այն հայերով, ովքեր իրենց տունը կորցրել են Խորհրդային Ադրբեջանում, որոնց թիվը շուրջ 400 հազար է: «Բանակցություններում ցանկացած փոխզիջում պետք է դնել անվտանգության կշեռքին», ասաց Միրզոյանը:

Ստեփանակերտում լույս տեսնող «Ի՞նչ անել» ռուսատառ թերթի հրատարակիչ Մուրադ Պետրոսյանն ասում է, որ լավ կլինի Մասիսն էլ վերցնենք, սակայն հարց է տալիսՙ մենք կարո՞ղ ենք դա անել: «Իրական եւ անհրաժեշտ եմ համարում Լաչինի եւ Քելբաջարի բնակեցումը: Վազգեն Սարգսյանը եւ Սամվել Բաբայանն ավելի լավ գիտեին մեր ուժը, եւ նրանց կարծիքով էլ այդ երկու շրջանները պետք է բնակեցվեին», ասում է Պետրոսյանը եւ հավելում, որ Հայաստանն իր դեմ կարող է հանել միջազգային հանրությանը, եթե չհամաձայնի հետ տալ որոշ տարածքներ:

Դավիթ Բաբայանը նշում է, որ Քարվաճառում են սկիզբ առնում Լեռնային Ղարաբաղի խոշորագույն երկու գետերըՙ Թարթառը եւ Խաչենը, Թարթառի վրա է կառուցված Սարսանգի ջրամբարը: Քարվաճառում են սկիզբ առնում Արփա եւ Որոտան գետերը, որոնք կարեւորագույն դեր են կատարում Հայաստանի ջրային անվտանգության եւ Սեւանի փրկության հարցերում:

«Այդ բոլոր ասպեկտները պետք է հաշվի առնվեն կարգավորման գործընթացում: Վերոնշյալ ենթատեքստում բացարձակապես անթույլատրելի է Քաշաթաղի եւ հատկապես Քարվաճառի շրջանների կարգավիճակի փոփոխությունը: Հակառակ դեպքում Լեռնային Ղարաբաղը եւ Հայաստանը խոցելի կդառնան Ադրբեջանի կողմից կիրառելի հնարավոր հիդրոտեռորի դեպքում», ասաց Բաբայանը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4