Լուրջ պատճառներ կան մտահոգվելու, երբ արեւմտյան գլխավոր լրատվամիջոցները սկսում են ուշադրության կենտրոնում պահել Հայաստանն ու նրան բաժին ընկած դժբախտությունները: «Նյու Յորք թայմսի» դեկտեմբերի 9-ի եւ 26-ի հոդվածներըՙ Սյուզան Սաքսի ստորագրությամբ, պատահական չի կարելի համարել: Դավադրական մտածելակերպ ունենալու մեջ մեղադրվելու ռիսկին դիմելով փորձելու ենք ուշադրության այս հանկարծակի բռնկումը դասել աշխարհի այդ մասում ծրագրվող դավադրությունների շարքին:
Սաքսի վերնագրերն անգամ արտահայտում են այդ մտադրությունները, «Երիտասարդ հայերի համար խոստացված մի երկիրՙ առանց խոստումների», «Հայաստանի մեկուսացումը խորանում է»: Նրա եզրակացությունը չի կարելի ֆրեյդյան սայթաքում համարել. «Առանց արտաքին միջամտության հեռանկարները մռայլ են»: Այս «արտաքին միջամտություն» բառերն են հուշում երկրին սպասվող վտանգը: Թվում է, թե Հայաստանի տնտեսական ազատականացումը, որ երկիրը զարգացման առավել բարձր աստիճանի վրա է դրել, բոլորովին էլ չի տպավորել հոդվածի հեղինակին, քանի որ Հայաստանի վերաբերյալ իր մռայլ կանխատեսումները հաստատելու համար նա չի զլացել հարցազրույցներ անցկացնել մի քանի շատ կարիքավոր եւ դժգոհ երիտասարդների հետ: Մենք պատճառներ չունենք կասկածելու այդ երիտասարդներին դժգոհությունների հավաստիության մեջ: Սակայն չենք կարող չնշել, որ Հայաստանի ներքին համախառն արտադրանքի աճը (13 տոկոս 2002 թ. եւ 15 տոկոսՙ 2004 թ.) անտեսելն անպայմանորեն իր հետին քաղաքական դրդապատճառներն ունի: Այդ աճը Հայաստանին դարձրել էր նախկին խորհրդային հանրապետություններից ամենաարագ զարգացող տնտեսությունն ունեցող մի երկիր եւ դրա փոխարեն հուսահատ մի պատկեր ներկայացնել նշանակում է լուրջ դրդապատճառ ունենալ:
Ադրբեջանը, մյուս կողմից, իր նավթի պաշարներով գտնվում է ծայրահեղ թշվառության մեջ եւ միջնադարյան բռնապետական իշխանության ներքո, սակայն «Նյու Յորք թայմսի» ուշադրությանը չի արժանանում: Ոչ էլ հարեւան Վրաստանը, որը հակառակ իր «վարդյա» հեղափոխությանը, գտնվում է էներգաճգնաժամի մեջ եւ ստիպված է ճակատամարտ մղել երեք տարբեր ուղղություններով:
Ի լրացումն «Նյու Յորք թայմսի» երկու հոդվածների, մի երրորդ հոդված Դեյվիդ Ֆիլիպսի ստորագրությամբՙ հրատարակված «Ուոլ սթրիթ ջոռնլում», վերջերս փորձում է հավաստիացնել, որ Հայաստանը կարող է խաղաղ եւ բարգավաճ ապրել իր սահմաններից հանելով ռուսական ռազմակայանները, եւ ապավինելով Թուրքիայի նրբանկատ ողորմածությանը:
Վերոնշյալ երկու ազդեցիկ թերթերը, որոնք հանկարծակի հետաքրքրություն են ցուցաբերել Հայաստանի ներկա վիճակի հանդեպ, ոչ մի տող անգամ չգրեցին այն չորս հազար եվրոպահայերի մասին, որոնք համախմբվելով Բրյուսելում, բողոքեցին Թուրքիայի Եվրոմիությանն անդամակցելու բանակցություններն սկսելու կոնկրետ թվական նշանակելու դեմ: Այդ հսկայական ցույցն արժանի չհամարեցին լուսաբանել:
Քաղաքական մեքենայությունների խճանկարն ավարտելու համար մենք պետք է գրենք նաեւ մեկ ուրիշ նախաձեռնության մասին, որը տեղի ունեցավ վերջերս, երբ նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, դուրս գալով իր ինքնակամ մեկուսացումից, հրավիրվեց շփվելու ներկա եւ նախկին ԱՄՆ նախագահների հետՙ Քլինթոնի գրադարանի բացման արարողության ժամանակ: Դա էլ բավական հստակ ակնարկ չէ՞ր արդյոքՙ ուղղված Երեւանի ղեկավարներին:
Չափազանց ակներեւ է, որ հետսառըպատերազմյան նոր կարգ ու կանոնն աշխարհում ստեղծվում է երկու տարբեր մակարդակներով, երկու տարբեր մեթոդներով, ուժի գործադրմամբ եւ վստահությունը քայքայելու, խորտակելու միջոցով: Հարավսլավիան անդամահատվեց կեղծ, շինծու պատրվակներով: Իրաքն օկուպացվեց Իսրայելի քաղաքական կարիքները բավարարելու համար, ի գին ամերիկացիների փողերի եւ արյան:
Մյուս կողմից, գունավոր «հեղափոխությունները» սկսեցին փթթել աշխարհի տարբեր վայրերում: «Վարդագույն» հեղափոխությունը մի անփորձ երիտասարդ իրավաբանի իշխանության գլուխ բերեց Վրաստանում, «խաղաղորեն» ջարդելով խորհրդարանի դարպասները: «Նարնջագույն» հեղափոխությունը Յուշչենկոյին դարձրեց Ուկրաինայի նախագահՙ թուլացնելով Ռուսաստանը: Սառը պատերազմը շարունակվում է տարբեր դիմակով, բայց խաղի միեւնույն վերջնակետովՙ սահմանափակել Ռուսաստանի հնարավորությունները:
Դժբախտաբար, Հայաստանն ակամա ընդգրկված է այս աշխարհաքաղաքական շախմատային խաղում: Միակ մխիթարական կետը գուցե այն է, որ ինչ հեղափոխություն էլ նյութվի մութ անկյուններում, բացառված է, որ գույնը «կարմիր» լինի:
Վերջերս Քոչարյանի վարչակարգը ստիպված էր ապացուցել իր վարած «կոմպլեմենտարիզմի» իսկությունըՙ համաձայնելով խորհրդանշական թվով մի խումբ ուղարկել Իրաքՙ միանալու օկուպացիոն ուժերին, որոնք քողարկվում են «կոալիցիոն» անվան տակ:
Հայաստանի կառավարությունը դժվարին կացության էր մատնվել, քանի որ Ադրբեջանը մեծապես գնահատվում էր Իրաքի հարցում դիրքորոշման եւ մասնակցության համար, Հայաստանը պարտավոր էր հետ չմնալ Արեւմուտքի հանդեպ Բաքվի պարտավորվածությունից: Հայաստանը ստիպված համաձայնեց մասնակցել Իրաքի պատերազմինՙ քաջ գիտակցելով, որ վտանգի է ենթարկում ոչ միայն Իրաքում, այլեւ ամբողջ մահմեդական աշխարհում ապրող հայերի կյանքը:
Նույնիսկ նախքան այդ խմբի ժամանումն Իրաք, զգուշավորական ահազանգեր հնչեցին, երբ ռմբակոծվեցին Իրաքի հայկական եկեղեցիները: Մենք պետք է զգուշանանք ավելորդ հոգսեր պատճառելուց արաբական աշխարհին, որտեղ հայերին գրկաբաց ընդունեցին ցեղասպանությունից հետո:
Այս բոլոր զարգացումները կարծեք բաղադրատոմսերն էին նման մեկ ուրիշ ծրագրի, որի նպատակն է Հայաստանին մղել առավել զիջումների գնալու Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ իր հարաբերություններում: Կամ էլ երկիրը առաջնորդել դեպի իր վերջնական բնաջնջումը: Սա, իհարկե, չպետք է դիտվի որպես ծայրահեղ հոռետեսական մոտեցում, քանի որ «Նյու Յորք թայմսի» հոդվածագիրն այդ մասին էլ է հոգացելՙ հարցաքննելով մի երիտասարդ գյումրեցի ակտիվիստի, որն ասում է. «Եթե ոչինչ չփոխվի, Հայաստանը կհայտնվի կղզիացած վիճակում: Մարդիկ կմոռանան Հայաստանը»:
«Նյու Յորք թայմսի» խմբագիրը գոհունակությամբ մեջբերել է այդ երիտասարդի խոսքերը, որոնք համահունչ են հոդվածի ոգուն:
Այս բոլոր հոդվածներն ու զարգացումները, սակայն, սառցաբեկորի գլխամասային հատվածն են կազմում միայն: «Ծրագրի» հիմնական մասը մեզ դեռ հայտնի չէ, ջրի տակ է, գաղտնի:
Հուսանք, որ ապագան այդքան մռայլ չի լինի: Մենք պարզապես չենք կարող թույլ տալ, որ այդքան մռայլ լինի:
«ԱՐՄԵՆԻԱՆ ՄԻՐՈՐ ՍՓԵՔԹԵՅԹՐ»