Սակայն այդ հարցը որպես թուրք-ամերիկյան տարաձայնությունների նոր դրսեւորում ներքաշվում է ԱՄՆ-ի եւ Թուրքիայի հարաբերությունների ոլորտ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
«Ազգը» նոյեմբերի 27-ի համարում «ԱՄՆ-ը ցեղասպանություն է իրագործել Իրաքում» խորագրով անդրադարձել էր Թուրքիայի ազգային մեծ ժողովիՙ Մեջլիսի մարդու իրավունքների հանձնաժողովի արտահերթ նիստին, տեղեկացնելով, որ դրա բացմանը ելույթ է ունեցել երկրում իշխող «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության պատգամավոր Մեհմեդ Էլքաթմըշը, որը հանձնաժողովի նախագահն է նաեւ: Թերեւս ելույթին կարելի էր չանդրադառնալ, եթե նա ԱՄՆ-ին չմեղադրեր Իրաքում ցեղասպանություն իրագործելու մեջ: Ավելին, Էլքաթմըշն ընդգծելու համար դրա աննախադեպ բնույթը, Մեջլիսի ամբիոնից ի լուր աշխարհի հայտարարել էր. «Այսպիսի ցեղասպանություն չի իրագործվել ո՛չ Եգիպտոսի փարավոնների, ո՛չ Հիտլերի, ո՛չ էլ Մուսոլինիի օրոք»:
Էլքաթմըշի հայտարարությանը բուռն հակազդեցությամբ արձագանքել էր պաշտոնական Վաշինգտոնը, նախազգուշացնելով թուրքական իշխանություններին. «ԱՄՆ-ին հասցեագրված մեղադրանքները չդադարեցնելու դեպքում կնպաստենք Հայոց ցեղասպանության ճանաչմանը»: Սպառնալից այս նախազգուշացմանը նոյեմբերի 29-ի առավոտյան արձագանքել էր թուրքական հանրային հեռուստատեսությունը, ապա եւՙ համանուն թերթերը:
Հունվարի 11-ին Էլքաթմըշի հայտարարությունը նոր արձագանք գտավ: Թերեւս դա պայմանավորված էր Անկարայում ԱՄՆ հանրապետական սենատոր Ջոն Քիլի գլխավորած պատվիրակությանՙ Մեջլիսի նախագահ Բյուլենթ Արընչի եւ արտգործնախարար Աբդուլլահ Գյուլի հետ հանդիպմամբ: Դրան հետեւեց ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ռիչարդ Արմիթեյջի այցն Անկարա, որին, բացի Արընչից եւ Գյուլից, ընդունեց նաեւ Թուրքիայի նախագահ Ահմեդ Նեջդեթ Սեզերը:
Սենատոր Քիլը նկատի ունենալով Էլքաթմըշի Իրաքում ցեղասպանություն իրագործելու ԱՄՆ-ին հասցեագրված մեղադրանքը, զգուշացրել էր Արընչին. «Նմանօրինակ հայտարարությունները կարող են որոշակի հետեւանքի հանգեցնել ԱՄՆ Կոնգրեսում: Հուսով եմ, դուք ի վիճակի եք դրանից խուսափել»: Ի տարբերություն սենատորի, պետքարտուղարի օգնականն ուղղակի սպառնացել էր, որ ցեղասպանության թուրքական մեղադրանքների պատճառով Հայոց ցեղասպանության բանաձեւը հավանության է արժանանալու ԱՄՆ-ում:
Ի պատասխան նախազգուշացումների, Արընչը «Միլիեթի» հունվարի 11-ի համարի վկայությամբ հարկ էր համարել ընդգծել, որ Թուրքիան տարածաշրջանում ԱՄՆ-ի վստահելի բարեկամն է: Թեեւ նա ԱՄՆ-ին մեղադրելու համար դատապարտել էր Էլքաթմըշին, բայց եւ այնպես ավելացրել. «Թուրք հասարակությունը խիստ զգայուն է Իրաքում մեր քաղաքացիների սպանության, Հյուսիսային Իրաքում Թուրքիայի համար սպառնալիք դարձած PKK-ի ներկայության, ինչպես նաեւ խաղաղ իրաքցիների զրկանքների նկատմամբ: Որքան էլ որոշ ձեւակերպումներն անցնեն տեսանելի եւ անտեսանելի սահմանները, այնուամենայնիվ, պետք է հաշվի նստել թուրքական հասարակական կարծիքի հետ»:
Թուրքիայի ղեկավարության հետ սենատոր Քիլի եւ պետքարտուղարի օգնական Արմիթեյջի հանդիպումների մանրամասները հայտնի չեն: Ակնհայտը թուրք-ամերիկյան հարաբերություններում Հյուսիսային Իրաքի քաղաքական զարգացումներից բխող լարվածությունն է: PKK-ի ներկայությունն այնտեղ դա սրում է, իսկ Քիրքուքի նկատմամբ քրդական հավակնությունները նոր լիցք են հաղորդում:
Հարցի էությունը, սակայն, հավակնություններով չի սահմանափակվում: Քիրքուքը շարունակ վերաբնակեցվում է քրդերով, իսկ Վաշինգտոնը, անտեսելով Անկարայի վերաբնակեցման առնչությամբ մտահոգությունները, նպաստում է դրան: Այդ առումով պատահական չէր ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Ռիչարդ Բաուչերի դեկտեմբերի 14-ի գրավոր հայտարարությունը, որտեղ նա թուրքերին հիշեցնում է Իրաքի ժամանակավոր սահմանադրության մասին, որպեսզի քրդերի վերաբնակեցումը Քիրքուքում հիմնավորի դրա 58 հոդվածով:
Ակամա հարց է ծագումՙ ի՞նչ առնչություն ունեն Իրաքում ցեղասպանություն կատարելու թուրքական մեղադրանքներն ու դրան ի պատասխան Հայոց ցեղասպանությունը ճանաչելու ամերիկյան սպառնալիքները Հյուսիսային Իրաքի քաղաքական զարգացումների հետ: Ըստ երեւույթին այն, որ Քիրքուքի քրդերով վերաբնակեցման պայմաններում աննախադեպ ընդարձակվում է Հյուսիսային Իրաքում կենտրոնացած քրդերի վերահսկողության տարածքը: Թեեւ PKK-ն այդ տարածքում որեւէ լուրջ դեր չունի, սակայն նրա գործունեության ոլորտը Հյուսիսային Իրաքին անմիջականորեն սահմանակից Թուրքիան է:
Այս հանգամանքը PKK-ի ներկայությունը Հյուսիսային Իրաքում ավելի վտանգավոր է դարձնում Թուրքիայի համար, քան քաղաքական զարգացումներն այնտեղ: Այլ կերպ, ԱՄՆ-ը Հյուսիսային Իրաքի քաղաքական զարգացումները Թուրքիայի միջամտությունից զերծ պահելու համար նրա դեմ օգտագործում է PKK-ին: Զարգացումներին հակազդելու անկարողությունը թուրքերին այլ ելք չի թողնում, քան ԱՄՆ-ին մեղադրել ցեղասպանության մեջ: Դրան Վաշինգտոնը պատասխանում է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու սպառնալիքով:
Նման մոտեցմամբ Թուրքիայի դեմ օգտագործվում է նաեւ ցեղասպանության հարցը: Այս պայմաններում Հայոց ցեղասպանությունը որպես հավելյալ լծակ ակամա համադրվում է PKK-ի հետ, դա ենթադրում է Հայկական հարցի համադրումը քրդականի հետ: Գուցե դրանով չի մեծանում Հայոց ցեղասպանության ճանաչման հավանականությունն ԱՄՆ-ում, սակայն հարցը որպես թուրք-ամերիկյան տարաձայնությունների նոր դրսեւորում ներքաշվում է երկու դաշնակից երկրների հարաբերությունների ոլորտ: