Այսօր Մոսկվայում մեկնարկում է ԱՊՀ եւ մերձբալթյան երկրների չեմպիոնների գավաթի 13-րդ խաղարկությունը, որի մրցակարգը որոշակի փոփոխության է ենթարկվել: Ռուսաստանի չեմպիոն «Լոկոմոտիվը» եւ Ուկրաինայի ուժեղագույն ակումբ Կիեւի «Դինամոն» մրցաշարը կսկսեն կիսաեզրափակիչից, իսկ մյուս 14 թիմերըՙ բաժանված չորս ենթախմբի, հանդես կգան նախնական փուլից: ՀՀ յոթակի չեմպիոն Երեւանի «Փյունիկը» 4-րդ տարին անընդմեջ կմասնակցի մրցաշարին: «Փյունիկն» ընդգրկվել է «C» ենթախմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Լատվիայի 14-ակի չեմպիոն Ռիգայի «Սկոնտոն» եւ Տաջիկստանի Թուրսունզադեի «Ռեգար Թադազը»: Մյուս ենթախմբերի կազմն այսպիսին է.
«A» խումբ. «Դինամո» Մինսկ (Բելառուս), «Կայրաթ» Ալմաթի (Ղազախստան), «Լեւադիա» Տալլին (Էստոնիա), ՌԴ պատանեկան հավաքական:
«B» խումբ. «Թբիլիսի» Թբիլիսի (Վրաստան), «Պախտակոր» Տաշքենդ (Ուզբեկստան), «Կաունաս» Կաունաս (Լիտվա), «Դորդոյ-Դինամո» Նարին (Ղրղզստան):
«D» խումբ. «Շերիֆ» Տիրասպոլ (Մոլդովա), «Նեբիտչի» Բալկանաբատ (Թուրքմենստան), «Նեւթչի» Բաքու (Ադրբեջան):
«Փյունիկը» 7-րդ անգամ է մասնակցելու «Համագործակցության գավաթի» խաղարկությանը: Նախորդ խաղարկություններում փյունիկցիներն ընդհանուր առմամբ անցկացրել են 19 հանդիպում, որից 4-ում հաղթել են, 4-ն ավարտել են ոչ-ոքի, 11-ում զիջել են մրցակիցներին: «Փյունիկը» խփել է 22 գնդակ, սեփական դարպասը բաց է թողել 39 գոլ: Մոսկովյան մրցաշարերում «Փյունիկի» լավագույն ռմբարկուն Արսեն Ավետիսյանն է, որը խփել է 5 գոլ, իսկ թիմի ներկայիս գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը մասնակցել է 4 խաղարկությանՙ անցկացնելով 12 խաղ: Երկու ցուցանիշներն էլ ռեկորդային են Հայաստանի ֆուտբոլիստների համար:
«Փյունիկին» առայժմ միայն մեկ անգամ է հաջողվել հաղթահարել մոսկովյան մրցաշարի նախնական փուլի արգելքը եւ մտնել քառորդ եզրափակիչ: Դա 1997 թ. էր, երբ ենթախմբում «Փյունիկը» ոչ-ոքի (2-2) խաղաց Լիտվայի «Կարեդայի» հետ, հաղթեց Ղրղզստանի «Մետալուրգին» (4-0) եւ զիջելով Կիեւի «Դինամոյին» (0-2), խմբում գրավեց 2-րդ տեղը եւ մտավ քառորդ եզրափակիչ: Սակայն այդ փուլում մեր չեմպիոնը 0-3 հաշվով զիջեց Մոսկվայի «Սպարտակին» ու դուրս մնաց հետագա պայքարից:
Ենթախմբի իր երկու մրցակիցների հետ էլ «Փյունիկը» նախկինում հանդիպել է: «Ռեգար Թադազի» հետ առաջին խաղումՙ 1993 թ. փյունիկցիները հաղթել են 2-1 հաշվով: Այդ խաղում «Փյունիկին», որն այն ժամանակ հանդես էր գալիս ՀՄԸՄ անվանմամբ, հաղթանակ պարգեւեցին Հայկ Մարգարյանի եւ Արսեն Ավետիսյանի խփած գոլերը: Մրցակիցների հաջորդ հանդիպումը կայացավ 10 տարի անց: Այս անգամ Տաջիկստանի չեմպիոնը ռեւանշի հասավ 3-1 հաշվով: «Փյունիկից» միակ գոլի հեղինակը Էդգար Մանուչարյանն էր: Հենց այդ տարի էլՙ 2003 թ. կայացել է «Սկոնտոյի» հետ միակ հանդիպումը, որն ավարտվել է լատվիացիների հաղթանակով (2-1): Փյունիկցիներից գոլի հեղինակ է դարձել Վարդան Մինասյանըՙ իրացնելով 11 մ հարվածը:
Իհարկե, փյունիկցիների համար բավական դժվար կլինի պայքարել ենթախմբի միակ ուղեգրի համար, քանի որ թիմի կազմից բացակայում են առաջատար մի խումբ ֆուտբոլիստներ: Սակայն ամեն դեպքում Հայաստանի չեմպիոնը պետք է ձգտի արժանավայել խաղ ցուցադրել եւ պատշաճ մակարդակով ներկայացնել հայկական ֆուտբոլը մոսկովյան մրցաշարում:
Վերջին տարիներին «Համագործակցության գավաթի» խաղարկությունների անցկացումը մշտապես հարցականի տակ է: Ինչպես նշել է ՌԴ ֆուտբոլային միության նախագահ Վյաչեսլավ Կոլոսկովը, մրցաշարի կազմակերպումն իր գլխավորած կազմակերպությանը 500-700 հազար դոլար է արժեցել, ուստի բացառված չէ, որ հերթական խաղարկությունը վերջինը լինի: Որպես մրցաշարի պատվավոր հյուրեր Մոսկվա կժամանեն ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերն ու ՖԻՖԱ-ի գործկոմի անդամ Միշել Պլատինին:
Ներկայացնում ենք մոսկովյան մրցաշարի խաղացանկը.
15 հունվարի
«Շերիֆ»-«Նեւթչի» | 15.00 |
«Լեւադիա»- ՌԴ հավ. | 15.00 |
«Թբիլիսի»-«Պախտակոր» | 17.00 |
«Սկոնտո»-«Ռեգար Թադազ» | 17.00 |
«Դինամո» Մն.- «Կայրաթ» | 19.00 |
«Դորդոյ Դին.»- «Կաունաս» | 19.00 |
16 հունվարի
«Նեւթչի»-«Նեբիտչի» | 15.00 |
ՌԴ հավ.-«Կայրաթ» | 15.00 |
«Դինամո» Մն.-«Լեւադիա» | 17.00 |
«Փյունիկ»-«Ռեգար Թադազ» | 17.00 |
«Կաունաս»-«Թբիլիսի» | 19.00 |
«Պախտակոր»-«Դորդոյ-Դին.» | 19.00 |
18 հունվարի
«Սկոնտո»-«Փյունիկ» | 15.00 |
«Դինամո» Մն.-ՌԴ հավ. | 15.00 |
«Լեւադիա»-«Կայրաթ» | 17.00 |
«Նեբիտչի»-«Շերիֆ» | 17.00 |
«Կաունաս»-«Պախտակոր» | 19.00 |
«Դորդոյ-Դին.»-«Թբիլիսի» | 19.00 |
19 հունվարի
1/4 եզրափակիչ
1. «A» եւ «B» խմբ. հաղթողներ - 16.00
2. «C» եւ «D» խմբ. հաղթողներ - 19.00
21 հունվարի
Կիսաեզրափակիչներ
«Դին.» Կիեւ-1-ին զույգի հաղթ. - 16.00
«Լոկոմոտ.»- 2-րդ զույգի հաղթ. - 19.00
23 հունվարի
Եզրափակիչ - 15.00
Խաղերի սկիզբը նշված է Մոսկվայի ժամանակով: