«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#4, 2005-01-14 | #5, 2005-01-15 | #6, 2005-01-18


ԻՆՆՍՈՒՆԻ «ՍԵՎ ՀՈՒՆՎԱՐԸ»

Հայկական ջարդերն ինտերնացիոնալ Բաքվում

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ

15 տարի առաջ այս օրերին, 1990թ. հունվարի 13-19-ը, երբ դեռ Ադրբեջանում խորհրդային կարգեր էին, իշխանության ձգտող, ազգայնական Ժողովրդական ճակատ կուսակցության հրահրմամբ ինտերնացիոնալ Բաքվում տեղի ունեցան հայերի կոտորածներ: Մի քանի օրերում խորհրդային ուժային կառույցների եւ Միխայիլ Գորբաչովի թողտվությամբ Բաքվի 200 հազարանոց հայությունը կոտորվեց, խոշտանգվեց եւ դուրս քշվեց քաղաքից:

Դա չխանգարեց որ Գորբաչովը մի քանի ամիս անց ստանա Խաղաղության Նոբելյան մրցանակ: Մի քանի տարի անց ԽՍՀՄ վերջին նախագահը խոստովանեց, որ Բաքվում արտակարգ վիճակ հայտարարելը եւ այնտեղ զորքեր ուղարկելն իր քաղաքական կենսագրության ամենամեծ սխալներն էին: Գորբաչովն իր այս հայտարարությամբ, փաստորեն, ներողություն խնդրեց ադրբեջանցիներից, որոնց հայրենակիցների մի մասը հունվարի 19-ին եւ 20-ին սպանվել էին Բաքվում: Սակայն Գորբաչովն ափսոսանք չհայտնեց եւ չզղջաց այն տասնյակ հայերի սպանության համար, որոնք հունվարի 13-19-ը դարձել էին ադրբեջանական խուժանի զոհը: Ի դեպ, Սումգայիթի հայկական ջարդերը Գորբաչովը որակել էր խուլիգանություն:

Բրիտանացի լրագրող Թոմ դի Վաալն իր «Սեւ այգի» գրքում գրում է, որ, ինչպես Սումգայիթում, այնպես էլ Բաքվի հայկական թաղամասը, դարձել էր սպանության վայր: Մարդիկ (հայերը) դուրս էին շպրտվում բարձրահարկ շենքերի իրենց բնակարաններից, ամբոխը հայերին ծեծելով սպանում էր: Հազարավոր ահաբեկված հայեր ապաստան գտան ոստիկանական տեղամասերում կամ «Շաֆագ» կինոթատրոնում, հազարավոր ջարդված ու ահաբեկված հայ փախստականներ հասան Թուրքմենստանի Կրասնովոդսկ նավահանգիստ: Նրանցից ոմանք մահացան Կասպից ծովումՙ նավակներում, կամ Երեւանի հիվանդանոցներում:

Ադրբեջանցի լրագրող Ռուֆաթ Ահմեդովը գրում է. «Անկասկած հայերը ենթարկվեցին կոտորածների: Մինչեւ 1990 թ. հունվարի 20-ը Բաքվում բնակվող 200 հազար հայերից մի քանի տասնյակը սպանվել էին, մնացածներըՙ փախել: Նրանցից շատերը թաքնվել էին ադրբեջանցիների տներում: Այդուհանդերձ, խորհրդային 11 հազարից ավելի ներքին զորքերը, որոնք տեղակայված էին Բաքվում, կարող էին հեշտությամբ կանխել կոտորածները»:

Որ Ադրբեջանի իշխանությունների ցուցումներով էին տեղի ունեցել Բաքվի հայկական ջարդերը, կասկած չի հարուցում: Դիմենք ժամանակագրությանը: Հունվարի 12-ին Ժողճակատի առաջնորդներից Նեյմեդ Փանահովը եւ Ռահիմ Ղազիեւը հեռուստատեսությամբ ելույթում ասացին, որ Բաքուն լի է անտուն փախստականներով, մինչդեռ քաղաքում դեռ բնակվում են հազարավոր հայեր: Նույն օրն Ադրբեջանի առաջնորդ Աբդուռահման Վեզիրովը հեռուստատեսությամբ կոչ արեց վճռական գործողություններ սկսել հայերի դեմ. «Կենտրոնը (Մոսկվան) մեր ձեռքում է»:

Ադրբեջանցի հայտնի քաղաքական մեկնաբան Զարդուշտ Ալիզադեի ասելով, Բաքվի ջարդերից մի քանի օր առաջ Ռաշիդ Բեյբութովի փողոցում գտնվող Ժողճակատի շենքի պատերին կախված ցուցակները հուշում էին, թե քաղաքի ո՞ր բնակարաններում էին ապրում հայերը: Անկախ փորձագետ Արիֆ Յունուսովի հաշվարկներով Բաքվում սպանվել է 86 հայ, հազարավոր ջարդված հայեր նավերով հասել են Կրասնովոդսկ:

Ուշագրավ է, որ Բաքվում էին գտնվում Եվգենի Պրիմակովն ու Դմիտրի Յազովը, երբ քաղաքում շարունակվում էին հայերի կոտորածները: Հունվարի 19-ին միայն, երբ հայկական ջարդերն ավարտվել էին, այսինքնՙ Բաքվում այլեւս հայ չէր մնացել, խորհրդային ներքին զորքերը ձեռնամուխ եղան ադրբեջանական ջարդերին: Առնվազն 130 ադրբեջանցիներ սպանվեցին, մի քանի հարյուրըՙ վիրավորվեցին: Անշուշտ, նրանց մեջ քիչ չէին խաղաղ բնակիչները: Երկօրյա «օպերացիայի» ընթացքում խորհրդային զորքերը տվեցին 21 զոհ:

1990 թ. հունվարի 20-ին Մոսկվայում Ադրբեջանի ներկայացուցչությունում Հեյդար Ալիեւն ասուլիս տվեց եւ դատապարտեց Բաքվի ջարդերի «ադրբեջանական» մասը: 1990 թ. «սեւ հունվարով» սկսվեց Ալիեւի քաղաքական նոր վերելքը: Նույն օրը, հունվարի 20-ին Վեզիրովի փոխարեն Ադրբեջանի առաջնորդ դարձավ Այազ Մութալիբովը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4