«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#4, 2005-01-14 | #5, 2005-01-15 | #6, 2005-01-18


ՄԻ ԲՈՒՌ ԽԱՉԱՊԱՇՏ ՈՒԴԻՆԵՐ

Նրանք տեղահանվել են Ադրբեջանից եւ բնակություն հաստատել Դեբեդի աջ ափին

68-ամյա Արշալույս Մովսիսյանը Ադրբեջանի Գաբալայի (նախկինումՙ Կուտկաշեն) Նիժ գյուղում թողել է իր քրոջ եւ եղբոր երեխաներինՙ 11 ընտանիք: «Սիրտս կտոր-կտոր է լինում, ուզում եմ նրանց դեմքը տեսնել», լացը կոկորդում խեղդում է նա:

Տիկին Արշալույսն ազգությամբ ուդի է, սակայն 1988-ին տեղահանվել է Ադրբեջանից, քանի որ ամուսինը հայ էր: «Ամուսինս մահացավ Դեբեդավան գալուց 3 տարի հետո: Մեր նախնիները թաղված են Ադրբեջանում», ասում է նա:

Նոյեմբերյանի շրջանի (Տավուշի մարզ) Դեբեդավան գյուղում ուդիների 3 ընտանիք է հաստատվել: Եվս 7 ուդիներ հաստատվել են Բագրատաշենում, եւ 2 կամ 3-ըՙ Հաղթանակ գյուղում: Հատուկենտ ուդիների կարելի է հանդիպել նաեւ Հայաստանի այլ բնակավայրերում եւս, նրանց մեջ, ովքեր տուն-տեղ թողել եւ հեռացել են Ադրբեջանի Վարդաշենի (այժմՙ Օղուզ) եւ Կուտկաշենի շրջաններից:

Ովքե՞ր են ուդիները: Պատմական Աղվանքի (1-9-րդ դդ.) ժողովուրդներից են եղել ուդիները: Լեզգիներին ցեղակից կովկասյան այս ժողովրդի լեզուն ուդիերենն է: ԽՍՀՄ ժամանակներում ուդիները բնակվում էին 3 գյուղերումՙ Նիժում, Վարդաշենում (այստեղ գերազանցապես հայեր էին բնակվում) եւ Արեւելյան Վրաստանի Օկտեմբերի գյուղում, այս բնակավայրը հիմնել են Վարդաշենից հեռացած ուդիները 1922 թ.:

Ղարաբաղյան պատերազմն ուդիներին ցաքուցրիվ արեց ամբողջ աշխարհում, թեեւ նրանք ազգակցական որեւէ կապ չունեն ոչ թուրքախոս ադրբեջանցիների, ոչ էլ հնդեվրոպացի հայերի հետ: Պարզապես դեռ 5-րդ դարում ուդիներն ընդունել էին Հայ առաքելական եկեղեցին, իսկ ժամանակի ընթացքում իրենց հայրենի ուդիերենի հետ հավասարապես գործածել են նաեւ հայերենը, ընդունել հայկական ավանդույթները, նիստուկացը, ընդունել հայկական ազգանունների վերջին «յան»-ը: Ուդիների մեջ ամենատարածված ազգանուններն են Դալլաքյանը, Կուրանյանը, Ֆալչյանը, Գուկասյանը, Մուրադյանը: Ժամանակակից ուդիերենն ունի երկու բարբառՙ Վարդաշենի եւ Նիժի:

«Մենք էլ հայերի նման խաչապաշտ ենք, ունեցել ենք եկեղեցիներ: Մենք Ադրբեջանում թուրքին աղջիկ չենք տվել, նրանից աղջիկ չենք առել, որովհետեւ խաչապաշտ ենք: Հայի պես սպիտակ շորերով, բաց երեսով հարս ենք բերում, նույն ձեւով պարում ենք, մահացածներին թաղում հայկական ծեսով: Բացի լեզվից, մենք հայերից այլ բաներով չենք տարբերվում», ասաց Արշալույս Մովսիսյանը:

Արզու Դարգիյանը, որը ուդի է մորական կողմից, հիշում է, որ Ադրբեջանում իրենք պաշտել են նաեւ սուրբ ծառերը: «Մեր այգում ընտրել ենք որեւէ պտղատու ծառ, պաշտել, շուրջը մատաղ արել, մոմ վառել: Մենք իրավունք չունեինք բարձրանալու սուրբ ծառը, քաղել պտուղները: Երբ բերքը թափվում էր, այն ժամանակ էինք ուտում», ասում է Արզուն:

Բագրատաշենում է հաստատվել Ռոզա Ղազարովան, ում ամուսինըՙ Ալեքսեյ Ղազարովը, եւս ուդի է եւ արդեն քանի տարի օրվա հաց է աշխատում Սադախլոյի շուկայում: «Ուդիներին էլ էին քշում, ասում էինՙ դուք էլ եք հայ: Մենք փախել ենք, ամեն ինչ թողել այնտեղ: Եթե ընտանիքում ամուսիններից մեկն ու մեկը հայ էր, քշվել են Ադրբեջանից», ասում է Ռոզան:

1989 թ. մարդահամարի տվյալներով, Ադրբեջանում բնակվում էին 7971 ուդիներ: Նիժում մնացել են 4500 ուդիներ, ամբողջ աշխարհում այսօր ուդիների թիվը չի գերազանցում 10 հազարը: Բնականաբար, Նիժում բնակվողներն ազգանվան «յան» վերջավորությունը փոխել են, սակայն չեն մոռացել հայերենը: Վարդաշենում մնացել են մի քանի տասնյակ ուդիներ, որոնք եւս խոսում են հայերեն, իսկ վրացական Օկտեմբերի գյուղում բնակվողները խոսում են ուդիերեն եւ վրացերեն:

Ժաննա Լալայանը 43 տարեկան է, գաղթել է Նիժից, հաստատվել Բագրատաշենում, ամուսինը հայ է: «Ես մաքուր ուդի եմ: Իմ եղբայրըՙ Օլեգը, եւ իմ մյուս բարեկամները բնակվում են Նիժում», ասաց Ժաննան եւ համոզելու համար, որ հրաշալի գիտի մայրենին, մեկ նախադասություն ասաց ու թարգմանեց. «Զու ուդիզու: Յան տիտերյան Ազերբայջանախուն» (թարգմ.ՙ «Ես ուդի եմ, փախել եմ Ադրբեջանից»):

Դեբեդավանում, Բագրատաշենում եւ Հաղթանակում հաստատված մի քանի տասնյակ ուդիները եւ Հայաստանի այլ բնակավայրերում ցրված նրանց եւս մի քանի տասնյակ հայրենակիցները միմյանց հետ կապ չեն պաշտպանում: Ճիշտ է, երբ, օրինակ, հարսանիքի կամ թաղման արարողություն է լինում, Նոյեմբերյանում հաստատված ուդիները անմիջապես առանձնանում են, որպեսզի, ինչպես ասում է Ժաննան, «միմյանց հետ ուդիերեն խոսելու հնարավորությունը չկորցնեն»:

Արզու Դարգիյանն ասում է, որ Ադրբեջանում մնացած իրենց բարեկամները շատ վատ են ապրում: «Մորաքրոջս աղջիկը ԱՄՆ քաղաքացի է: Անցած ամռանը գնացել էր Նիժ, նրան նեղել էին Բաքվի օդանավակայանում, քանի որ ազգանունը հայկական է»: Արզուն ասում է, որ դժվարություն չկա Վրաստան անցնելու եւ այնտեղ հանդիպելու իրենց բարեկամներին: Սակայն, Արզուի ասելով, ադրբեջանցիներն ուշադիր հետեւում են Նիժում բնակվող ուդիներին: Նա հիշեցրեց, որ մի քանի տարի առաջ Բագրատաշենում բնակվող ուդիներից մեկի բարեկամը Նիժից Վրաստանով անցել էր Հայաստանՙ հանդիպելու քրոջը: Ադրբեջանի հատուկ ծառայություններն իմացել էին այդ մասին եւ Նիժ վերադառնալուց հետո նրան եւ որդիներին նեղություններ պատճառել:

Ուդիներին համարում են պատմական թատերաբեմից հեռացված Աղվանք պետության հետնորդներ: Նրանք դասվում են աշխարհի այն ժողովուրդների շարքում, որոնց ինքնությունն ապագա տասնամյակներում վտանգված է: «Իմ եղբայրն ընտանիքով բնակվում է Ուկրաինայում, նրա երեխաներն արդեն չգիտեն ուդիերեն: Ռուսաստանում, ԱՄՆ-ում, այլ երկրներում հաստատված ուդիների նոր սերունդը չգիտի մայրենին: Մեր ազգը հետզհետե քչանում է», ասում է Ժաննա Լալայանը:

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ, Դեբեդավան-Բագրատաշեն-Երեւան


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4