«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#4, 2005-01-14 | #5, 2005-01-15 | #6, 2005-01-18


ԿՈՄԻՏԱՍԻ ԱՆՎԱՆ ԶԲՈՍԱՅԳՈՒՄ ԿԱՌՈՒՑՎՈՒՄ Է ՇԵՆԳԱՎԻԹԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆԻ ՇԵՆՔԸ

Պանթեոնից քիչ հեռու կընթանան դատավարություններ...

Կոմիտասի անվան պանթեոնի բարեկարգման խնդիրն արդեն մի քանի տարի մնացել է անլուծելի: Փոխարենը պանթեոնի հարակից տարածքի ծառերը հատվել ու նոր կառույցի հիմքերն են գցվել: Շենգավիթի թաղապետի տեղակալ Համլետ Հակոբյանի ասելով, քաղաքապետ Երվանդ Զախարյանի 2003 թվականի օգոստոսի որոշման համաձայն այնտեղ թույլատրվել է կառուցել Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի նոր շենքը:

Պանթեոն տանող ճանապարհի ձախ կողմում «Գուսան» ռեստորանն էՙ գիշերային ցոփ խրախճանքներով, ամառային ընդարձակ սրճարանով, որից ընդամենը մի քանի քայլ հեռու ննջում են հայ ազգի մեծերըՙ Կոմիտասը, Ավետիք Իսահակյանը, Արամ Խաչատրյանը, Սերգեյ Փարաջանովը եւ ուրիշներ: Նրանց անունները սրբացրած մեր ժողովրդի համար այս վայրը սրբատեղի պիտի լիներ, մինչդեռ տարածքի կատարյալ անտերությունը, մարմնավաճառների երեկոյան ցուցահանդես-բազարը, հուսալքության ու հիասթափության խոր զգացում են պատճառում այնտեղ այցելող յուրաքանչյուրիս:

«Պանթեոն» բարեգործական հիմնադրամը 2002 թվականից զբաղվում է պանթեոնի բարեկարգման հարցով, իր ձեռքի տակ ունենալով ճարտարապետ Ստեփան Քյուրքչյանի նախագիծը, ըստ որի պանթեոնի մուտքի դիմացի շենքում նախատեսված է ստեղծել թանգարանային համալիր, սակայն մշակույթի նախկին պալատի այդ շենքը տարիներ առաջ 12 հազարով վաճառվել է ԱԺ նախկին պատգամավոր Տարոն Սահակյանին, որը 250 հազար դոլարով գրավ է դրել «Մելաթ» բանկին: Իսկ դա նշանակում է, որ Երեւանում առ այսօր թանգարան չունեցող Պարույր Սեւակի, Համո Սահյանի եւ այլոց սուրբ մասունքներն այնտեղ պահելու գաղափարն այլեւս ի չիք է դարձել:

Քաղաքապետ Երվանդ Զախարյանից հիմնադրամի նախագահ Աստղիկ Սարգսյանը մեկ տարի առաջ գրություն է ստացել, որ բարեկարգման համար քաղաքապետարանի ձեռք բերած 30 հազար դոլարը սառեցվել է «Կրեդիտ-Երեւան» բանկում, սակայն գումարը ստանալու հույսն ինքը չի կորցրել: Ինչպես Երեւանի պատմական մյուս հուշարձանների, այնպես էլ պանթեոնի միջավայրի պահպանման հարցը բազում բողոքների տեղիք է տվել: «Եթե քաղաքի նախկին ճարտարապետ Նարեկ Սարգսյանը պանթեոնի բարեկարգման նախագծում ընդգրկեր նաեւ մշակույթի տունն ու «Գուսան» ռեստորանը, դրանք ինքնըստինքյան կհանձնվեին պետությանը: Կարծում եմ, որ ճարտարապետ Քյուրքչյանին նա ընտրեց հենց այդ նպատակով, որպեսզի վերջինս նախագիծը կազմի իր թելադրանքով: Օպերայի զբոսայգին բաժան-բաժան անելուց հետո հերթը հասել է Կոմիտասի անվան զբոսայգուն: Արդեն կապույտ պաստառներն են խփվել հենց պանթեոնի մուտքի մոտ», ասում է հիմնադրամի նախագահը: Հանրապետության նախագահին, վարչապետին, Ազգային ժողովի նախագահին, քաղաքապետին եւ գլխավոր ճարտարապետին ուղարկած բազում բողոքներից ու խնդրանքներից հետո պանթեոնի վերանորոգման հարցը տեղից չի շարժվել: Տկն Սարգսյանը համոզված է, որ դրա պատճառը նաեւ չինովնիկական ապարատի ստեղծած պարիսպն է, որի պատճառով երկրի ղեկավարներին ուղղված դիմումները հաճախ տեղ չեն հասնում:

Հիմնադրամի պատվո անդամ, ճարտարապետ Վարազդատ Հարությունյանը դիմել է քաղաքի գլխավոր ճարտարապետին Կոմիտասի անվան զբոսայգու տարածքը ապականությունից փրկելու խնդրանքով, սակայն, ինչպես վերեւում նշեցինք, շինարարական աշխատանքներն արդեն ընթանում են:

Քաղաքապետարանի մամլո ծառայության հաղորդմամբ, պանթեոնի բարեկարգման համար այս տարվա պետբյուջեում հատկացվել է 69 մլն դրամ, որով նախատեսվում է ամրացնել հենապատերը, հուշաքարերը եւ կատարել նախագծից բխող այլ աշխատանքներ: «Պանթեոն» բարեգործական հիմնադրամի նախագահի պնդմամբ, այդպիսի խոստում քաղաքապետարանի ղեկավարները տվել էին նաեւ անցած տարի, սակայն դեռեւս ոչինչ չի արվել:

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4