«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#4, 2005-01-14 | #5, 2005-01-15 | #6, 2005-01-18


ՀՆԴԿԱՍՏԱՆՈՒՄ ՈՄԱՆՔ ՉԵՆ ՈՒԶՈՒՄ ԳՐԱՆԴ ՓՂԻ ՀԱՐՍՆԱՑՈՒԻՆ ՈՒՂԱՐԿԵԼ ԵՐԵՎԱՆ

Արդեն քանի տարի Երեւանի կենդանաբանական այգում Գրանդ փիղն ամուրի է մնում: Նրա առաջին հարսնացունՙ Կոմալա փիղը, անցյալ տարի Հնդկաստանի Բանգալոր քաղաքի կենդանաբանական այգում մութ պայմաններում թունավորվեց ու սատկեց: Փոխարենը նույն այգում կայացած «աղջիկտեսից» հետո ընտրվեց 6 տարեկան սիրունիկ Վեդան, որի Հայաստան տեղափոխման համար այս անգամ արգելքներ են հարուցում տեղի կենդանասերներն ու երեխաները: Նրանք կիրակի օրը, ինչպես հաղորդում է հնդկական DH News գործակալությունը Բանգալորից, Մահատմա Գանդիի հուշարձանի մոտ ստորագրահավաք էին կազմակերպելՙ ընդդիմանալու Գրանդի հարսնացուի տեղափոխմանը:

Կենդանասերներն ու երեխաները նույն օրը Բաներղաթա կենսաբանական այգու առաջ, որտեղ բնակվում է Վեդան, բողոքի պիկետ էին կազմակերպել: Բողոքավորների ասելով, իրենք չեն ցանկանում, որ սիրելի փղիկը բնակվի Հայաստանում, ուր ջերմաստիճանը, իբր, 4-ից 6 ամիս իջնում է մինչեւ մինուս 14: Ակտիվիստներից ոմանք պնդում են, որ իրենք կապ են պահել Հայաստանում մի շարք հասարակական կազմակերպությունների հետ, որոնք տեղեկացրել են, որ Երեւանի կենդանաբանական այգում Վեդային հատկացվելիք տարածքը 3000 քմ-ից պակաս է, իսկ կացարանըՙ ավելի քիչ, քան 800 քմ-ը, ինչը չի համապատասխանում պահանջվող չափերին: Ակտիվիստները պնդում են նաեւ, որ կապ են հաստատել Երեւանի կենդանաբանական այգու նախկին պետիՙ ինչ-որ մի կնոջ հետ, որը հայտնել է, թե մեր պայմանները պատշաճ չեն փղերի համար...

Այսուհանդերձ, տեղեկացնում է գործակալությունը, Կաոնատակա նահանգի կենդանական աշխարհի գլխավոր պատասխանատունՙ Ռամ Մոհան Ռայն ասել է, որ փղին ուղղակի Երեւան տեղափոխելու հրահանգը վարչապետի գրասենյակից է եւ իրենք շատ բան չեն կարող անել: «Մենք պարզապես խնդրել ենք, որ Վեդայի կոնֆորտի համար անհրաժեշտ կարգադրությունն անեն Հայաստանում», հայտարարել է նա:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4