Ավանդույթի համաձայն, ամեն տարի հունվարին անցկացվում է ԱՊՀ եւ մերձբալթյան երկրների չեմպիոնների գավաթի հերթական խաղարկությունը: Այս տարի մոսկովյան մրցաշարն անցկացվում է 13-րդ անգամ: Բնականաբար, հայ մարզասերների ուշադրության կենտրոնում ՀՀ յոթակի չեմպիոն «Փյունիկի» մրցելույթներն են: Հուրախություն մեզ, «Փյունիկը» հաջող մեկնարկեցՙ տպավորիչ հաղթանակ տոնելով Տաջիկստանի չեմպիոն «Ռեգար Թադազի» նկատմամբ: «Սպարտակի» ֆուտբոլային մանեժում անցկացրած այդ խաղում Հայաստանի չեմպիոնը բոլոր առումներով գերազանցեց մրցակցինՙ հաղթելով 5-1 հաշվով: Հաշիվը 23-րդ րոպեին բացել է փյունիկցի Վալերի Ալեքսանյանը: 3 րոպե անց տաջիկ ֆուտբոլիստները ստացել են 11 մ հարվածի իրավունք, սակայն «Փյունիկի» նորեկ դարպասապահ Գեւորգ Կասպարովը հետ է մղել Համիդովի հարվածը: Վեց րոպե անց Վալերի Ալեքսանյանը կրկնապատկել է հաշիվը: Ընդմիջումից հետո Չորիեւը կրճատել է հաշվի տարբերությունը, սակայն մինչեւ խաղավարտ «Փյունիկը» եւս երեք գնդակ է ուղարկել մրցակցի դարպասը: Աչքի են ընկել Ալեքսանդր Պետրոսյանը, Մամադու Դիավարան եւ Ալեքսանդր Թադեւոսյանը:
Այդ խաղում «Փյունիկը» հանդես է եկել հետեւյալ կազմով. Գեւորգ Կասպարով, Ալեքսանդր Թադեւոսյան, Սարգիս Հովսեփյան, Վալերի Ալեքսանյան (Տիգրան Դավթյան, 84), Ռոբերտ Արզումանյան (Գեւորգ Նռանյան, 88), Աղվան Մկրտչյան, Ալեքսանդր Պետրոսյան (Ժորա Հովհաննիսյան, 73), Կարեն Ալեքսանյան (Խորեն Վերանյան, 77), Մամադու Դիավարա (Կառլեն Աբրամով, 81), Լեւոն Փաչաջյան, Մխիթար Գրիգորյան (Օկան, 60): Մեր ֆուտբոլիստներից զգուշացվել են Հովսեփյանը, Կարեն Ալեքսանյանն ու Պետրոսյանը:
«Ռեգար Թադազի» հետ հանդիպումը մոսկովյան մրցաշարերում «Փյունիկի» 20-րդ խաղն էր եւ ամենախոշոր հաշվով տոնած հաղթանակը: Մինչ այդ, «Փյունիկն» առավել արդյունավետ էր գործել 1997 թ. Ղրղզստանի «Մետալուրգի» հետ խաղում (4-0): Իսկ հայաստանյան թիմերից «Համագործակցության գավաթի» մրցաշարերում ամենախոշոր հաշվով հաղթանակը տոնել էր «Երեւանը»ՙ 1998 թ. 6 անպատասխան գնդակ ուղարկելով Տաջիկստանի չեմպիոն «Բախշ» թիմի դարպասը:
«Փյունիկը» գլխավորեց «C» խմբի աղյուսակը: Այսօր փյունիկցիները կմրցեն Ռիգայի «Սկոնտոյի» հետ, որը «Ռեգար Թադազին» հաղթել էր 4-1 հաշվով: Այնպես որ, քառորդ եզրափակիչ դուրս գալու համար մեր չեմպիոնին այդ խաղում բավարարում է նույնիսկ ոչ-ոքի արդյունքը: Հուսանք, որ «Փյունիկին» կհաջողվի հաղթահարել խմբային մրցաշարի արգելքը: Այդ դեպքում քառորդ եզրափակիչում «Փյունիկը» կմրցի Բաքվի «Նեւթչիի» հետ: Վերջինս առայժմ միակն է, որ արդեն նվաճել է հաջորդ փուլի ուղեգիրը: «Նեւթչին» մեծ անակնկալ մատուցեց իր հաջող մրցելույթներով: Մեկնարկում ադրբեջանցի ֆուտբոլիստները 1-0 հաշվով հաղթեցին Մոլդովայի չեմպիոն «Շերիֆին», իսկ հաջորդ խաղում 4-1 հաշվով առավելության հասան Թուրքմենստանի «Նեբիտչիի» նկատմամբ:
«A» խմբում 2 տուրից հետո աղյուսակը 4 միավորով գլխավորում է Էստոնիայի չեմպիոն «Լեւադիան», որը հաղթել է Մինսկի «Դինամոյին» (1-0) եւ ոչ-ոքի (0-0) խաղացել հաշվարկից դուրս հանդես եկող Ռուսաստանի պատանեկան հավաքականի հետ: 3-ական միավոր ունեն «Կայրաթն» ու Մինսկի «Դինամոն»: Նրանց միջեւ կայացած խաղը շահել է Բելառուսի չեմպիոնը (2-1): «Կայրաթը» 3-1 հաշվով հաղթել է ՌԴ պատանեկան հավաքականին: Խմբի հաղթողը կորոշվի այսօր կայանալիք «Լեւադիա»-«Կայրաթ» մրցախաղում:
«B» խմբում հաղթողի հիմնական հավակնորդը «Կաունասն» է, որը հաջորդաբար պարտության է մատնել «Թբիլիսիին» (1-0) եւ «Դորդոյ-Դինամոյին» (2-1): 3-ական միավոր ունեն «Պախտակորն» ու «Թբիլիսին»: Նրանց միջեւ կայացած խաղում 1-0 հաշվով հաղթել են վրաց ֆուտբոլիստները: Իր հերթին «Պախտակորը» նույն հաշվով պարտության է մատնել «Դորդոյ-Դինամոյին»: Ուղեգրի հարցում վճռորոշ կլինեն «Կաունաս»-«Պախտակոր», «Դինամո-Դորդոյ»-«Թբիլիսի» հանդիպումները: