«Հայաստանում վթարներից, հրդեհներից բացի տեխնածին աղետների մեծ վտանգ են ներկայացնում քիմիական արդյունաբերության ձեռնարկությունները եւ ամոնիակի պես ուժեղ ներգործող թունավոր նյութ օգտագործող սառնարանային տնտեսությունները: Կառավարության որոշմամբ այդ ձեռնարկություններում պարտադիր մշակվում են վտանգի ռիսկերը նվազեցնող, միջոցառումների որոշակի ծրագրով նորմատիվ փաստաթղթեր ու վկայագրեր, որոնք փորձաքննություն են անցնում արտակարգ իրավիճակների վարչությունում: Այդ միջոցառումների նպատակը վտանգի ռիսկայնության նվազեցումն է: Հաշվարկվում են հնարավոր ներգործության տարածքային ծավալները, օդերեւութաբանական տարբեր գործոնների ազդեցությունը, մթնոլորտ դուրս եկած թունավոր նյութերի քանակը եւ այլն:
Հայաստանում այսօր այդպիսի 27 ձեռնարկություն կա: «Այդ ձեռնարկություններից ամենավտանգավորը պետք է համարել «Նաիրիտը», որտեղ կա եւ քլոր, եւ ամոնիակ, եւ աղաթթու», նշում է արտակարգ իրավիճակների վարչության տեխնածին աղետների կառավարման բաժնի պետ Լյուդվիգ Նազարյանը:
Առայժմ արձանագրվել են միայն քլորի, ամոնիակի արտաքին միջավայր դուրս գալու դեպքեր, որոնք, բարեբախտաբար, տեղական նշանակություն են ունեցել եւ չեն վնասել բնակչությանը:
Այս պահին մթնոլորտ թունավոր նյութեր իրապես արտանետող ձեռնարկությունը մնում է Ալավերդու լեռնամետալուրգիական կոմբինատը, հանրահայտ «Մանես-Վալեքսը»: 15 տարի առաջ խնդրի լուծումն իր վրա էր վերցրել խորհրդային կենտրոնացված կառավարությունը:
Ձեռնարկությունում մաքրման որեւէ տեխնոլոգիա ընդհանրապես չի գործում, եւ այս տարածքում մարդը ֆիզիկապես զգում է օդի մեջ թունավոր նյութերի գոյությունը: Առայժմ այս խիստ վտանգավոր իրողության դեմ «պայքարը» սահմանափակվում է օրը 3 անգամ մթնոլորտում ծծմբի օքսիդների պարունակության ուսումնասիրություններով:
Տեխնածին հնարավոր աղբյուր են նաեւ ջրամբարները, որոնք երկրաշարժերով հարուստ Հայաստանում ուժեղ ցնցումների դեպքում կարող են ցունամիի նման սրբել, տանել իրենց տարածքի բնակավայրերը:
Կ. Դ.