Ինտերնետ հեռախոսակապի ծառայություն մատուցող ընկերությունները ձեռնարկատիրական միություն են ստեղծել եւ օրերս հանդես կգան հայտարարությամբ: Այս մասին «Ազգին» տեղեկացրեց միության կազմկոմիտեի անդամ Մուշեղ Միլիտոնյանը:
Այս պահին աշխատում են միայն օրինական դաշտում գտնվող մոտ 50 ընկերությունները, որոնցից էլ ստեղծվել է նոր միությունը: Նրանք մտադիր են դիմել «Արմենտելին»ՙ առաջարկելով բանակցություններ սկսել այդ ծառայությունն իրենց միության անունից մատուցելու վերաբերյալ:
Ըստ Միլիտոնյանի, «Արմենտելն» ինքն է ուզում մրցույթ հայտարարել այսպիսի գործունեությամբ զբաղվող ընկերությունների միջեւ: Իսկ իրենք «պարզապես ուզում են շարունակել աշխատանքը»:
Առայժմ դեռ ոչինչ հստակ չէ, բայց ինչ վերաբերում է գներին, փոխգործակցությունը հաջողելու դեպքում միությունը մտադիր չէ ծառայության գները բարձրացնել: «Ինտերնետ հեռախոսակապի 2 տեսակ կա` մուտքային եւ ելքային: Մուտքայինը արտասահմանից եկող զանգերն են, ելքայինը` Հայաստանից գնացողները: «Արմենտելի» կողմից թանկացումների հավանականությունը վերաբերում է մուտքայինին: Եթե միայն մուտքայինն իրեն մնա, ելքայինը թողնեն մեր կազմակերպություններին, գները ընդամենը 10-20 դրամի տատանումներ կունենան: Իսկ եթե «Արմենտելը» սահմանի սակագինը, մենք չենք կարող ասել` կաշխատե՞նք, թե ոչ»:
Կ. Դ.