Բաքվի ջարդերի հետեւանքով քաղաքում բնակվող շուրջ 250.000 հայեր բռնագաղթեցին, եւ քաղաքի կառուցման գործում նշանակալի ավանդ ներդրած հայերը զրկվեցին այնտեղ ապրելու իրավունքից: 1988-1992 թթ. Ադրբեջանից բռնագաղթած 500.000 մարդկանցից 311.000 այժմ ապրում են Հայաստանում: Նրանցից շատերն ապրում են հանրակացարաններում, հաճախ ծանր սոցիալական պայմաններում:
Նոր Նորքի երկրորդ զանգվածում գտնվող հանրակացարանում ապրում են Բաքվի ջարդերից փրկված տասնյակ մարդիկ: 84-ամյա Եվգենյա Ցատուրովնան դստեր եւ երկու թոռների հետ Բաքվից փախել է 1990 թ. հունվարի 18-ին: Մինչ այդ թաքնվել է իր բնակարանում, իսկ ադրբեջանցիների ներխուժման մասին զգուշացրել են հարեւանները: «Ադրբեջանցիները մեզ ասում էին, որ դուռը բացենք, հակառակ դեպքում կջարդեն: Ես չհասցրեցի անգամ հագուստ վերցնել: Մեզ հրելով եւ հարվածելով փողոց շպրտեցին», հիշում է Եվգենյա Ցատուրովնան: Հունվարյան ցրտին փողոցում հայտնված կիսամերկ ընտանիքը ապաստան է գտնում ոստիկանական տեղամասում: Հայաստանում հաստատվելուց հետո էլ Եվգենյա Ցատուրովնայի դժբախտությունները չեն ավարտվում: 43 տարեկանում քաղցկեղից մահանում է նրա դուստրը, իսկ թոռները մեկնում են Ռուսաստան: Նա այսօր ստանում է 3900 դրամ թոշակ եւ օգնություն «Փարոս» ծրագրից: «Ասում են, որ «Փարոսից» ուզում են զրկել: Չգիտեմ, թե այդ ժամանակ ինչ պետք է անեմ», ասում է նա:
Եվգենյա Ցատուրովնան ծանր հիվանդ է, նրա համար շարժվելն անգամ դժվար է: Նրան խնամում է հարեւանուհինՙ Լիդիա Ամիրյանցը, որը նույնպես ծնվել է Բաքվում եւ դարձել է փախստական: «Մենք Բաքվից դուրս եկանք 1988 թ.: Եղբայրս գնդապետ էր եւ տեսնելով, որ կյանքն անտանելի է դառնում, ինձ եւ որդուս դուրս է բերում Բաքվից: Այդ տարիներին հայերին նույնիսկ հաց չէին վաճառում այն պատճառաբանությամբ, որ հայ ենք», ասում է Լիդիա Ամիրյանցը` հավելելով, որ նույնիսկ նման վերաբերմունքից եւ Սումգայիթի դեպքերից հետո շատերը չէին հավատում, որ մայրաքաղաքում ջարդեր տեղի կունենան:
Պատմում է, որ դեռ 1988 թ. իր տունը ադրբեջանցիները հիմնահատակ ավերել էին: «Ես լուսանկարեցի ավերված տունս եւ ներկայացնում էի տարբեր ատյանների: Սակայն ամենուր իմ ջանքերի վրա պարզապես ծիծաղում էին, պատմում է Լ. Ամիրյանցը: Արդարությունը դեռ չի հաղթանակել, սակայն ես հավատում եմ, հակառակ դեպքում ապրելը պարզապես անիմաստ կլինի»:
ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ