ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ) ուսանողական խորհուրդը նախատեսել է այս տարի եւս աշխարհի տարբեր երկրների բնակիչների էլեկտրոնային հասցեներով տեղեկատվություն տարածել հայոց ցեղասպանության մասին 1,5 մլն էլեկտրոնային հասցեներով: Ինչպես տեղեկացրեց ՀՊՃՀ ուսխորհրդի նախագահ Հայկ Ակարմազյանը, այդ թիվը խորհրդանշում է ցեղասպանության զոհերի թիվը: Նշվեց, որ 2004 թ.-ին ցեղասպանության մասին տեղեկատվություն է առաքվել 150 հազար էլեկտրոնային հասցեներով: Հասցեատերերից շատերն, ըստ պատասխան նամակների, առաջին անգամ են տեղեկացել Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած հայոց ցեղասպանության մասին, նրանցից ոմանք էլ խրախուսել են հայ երիտասարդների նախաձեռնությունը: Իսկ թուրք եւ ադրբեջանցի հասցեատերերը բողոքել են նման «հերյուրանքներ» տարածելու համար:
Հ. Ակարմազյանը նշեց, որ իրենց այս գործում օժանդակում են Սփյուռքի երիտասարդներըՙ տրամադրելով իրենց երկրների հասարակական, քաղաքական, պետական եւ ոչ պետական հաստատությունների էլեկտրոնային հասցեները: