Հայրիկյանը պատրաստ է առաջնորդելու սահմանադրական բարեփոխումների գործընթացը
ԱՄՆ պետքարտուղարի օգնական Էլիզաբեթ Ջոնսի հայտարարությունը Հայաստանի ներքաղաքական անշարժությունը հրահրելու ազդակ դարձավ: Առայժմ մամուլի ասուլիսների ու բողոքի ակցիաների մակարդակով է արձագանքվում իր լիազորություններն այդ պաշտոնում ավարտող տիկնոջ անսպասելի դարձվածքը:
Հիշեցնենք, որ էլիզաբեթ Ջոնսը Աբխազիայի, Մերձդնեստրի, Հարավային Օսիայի հետ հիշատակել էր նաեւ Լեռնային Ղարաբաղի անունը, ուր «իշխանությունից պետք է հեռացնել քրեական անջատողականներին, որպեսզի այդ երկրները լինեն կայուն եւ չկոռումպացված»:
«Որքանով առողջ դիտարկում կլիներ, եթե 1775 թվականին անգլիական կայսրության դեմ ամերիկյան ազատագրական պայքարը բնորոշվեր իբրեւ քրեական սեպարատիստների պայքար: Անգլիական պետական շրջանակները այդ ժամանակ հենց այդպես էլ բնութագրում էին այդ պայքարը` իբրեւ քրեական շարժում: Ի՞նչ է, ամերիկացիներն ուզում են նմանվել անգլիական գաղութարարների՞ն», իր հերթին այսպես արձագանքեց Էլիզաբեթ Ջոնսին ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը երեկվա մամուլի ասուլիսում:
Նորահայտ եռյակը, որ միավորում է մեր քաղաքական տարեգրության 3 դեմքերի` Վազգեն Մանուկյան, Աշոտ Մանուչարյան, Պարույր Հայրիկյան, օրերս հանդես է գալու ԱՄՆ պետքարտուղարի օգնականի ելույթը դատապարտող հայտարարությամբ: Սակայն ԱԻՄ նախագահը շեշտեց, որ այդպիսի հայտարարությամբ պիտի հանդես գային ոչ թե անհատները կամ կազմակերպությունները, այլ նախ եւ առաջ արտգործնախարարությունը` պետության անունից:
«Որպեսզի այդ հայտարարությունը Բուշի կամ Կոնգրեսի կարծիքը չդառնա, պետք է արժանի ու դիպուկ հակահարված տալ, եթե ես լինեի Հայաստանի նախագահը, Էլիզաբեթը 1 ժամ հետո պատասխան կստանար», պատասխանելով մեր հարցադրմանը, թե հնարավո՞ր է, որ տիկինն արտահայտել է նախագահ Բուշի կարծիքը, ասաց Պարույր Հայրիկյանը:
Հնարավոր է նաեւ, որ հայտարարությունն արվել է դիմացինի հակազդեցությունը շոշափելու նպատակով, նաեւ դրա համար պետք է անպայման պատասխանել:
Հունվարի 30-ի իրաքյան ընտրություններում ամերիկացիները իշխանության կբերեն նոր ուժերի, որոնց միջոցով էլ կշարունակեն պայքարը ահաբեկչության դեմ: Այս ընդհանուր համատեքստում ԱԻՄ նախագահը բնական ու պատվաբեր է համարում Իրաք հայկական զորախմբի ուղարկումը եւ այս երկրի վերականգնողական աշխատանքներին մեր մասնակցությունը:
Ինչ վերաբերում է մյուս տարածված հարցապնդմանը, թե ուկրաինական սցենարի կրկնությունը հավանակա՞ն է Հայաստանում, Պարույր Հայրիկյանը կարծում է, որ թեեւ Հայաստանը, Ուկրաինան ու Վրաստանը 1988 թվականին միաժամանակ սկսեցին ազատագրական պայքարը, եւ Հայաստանն առաջինն էր նրանց մեջ, «այսօր, ազատագրական պայքարի երկրորդ փուլում բացառված չէ, որ Հայաստանը նրանց շարքում երրորդը լինի»:
«Ազգային համաձայնություն հանուն սահմանադրության», այսպես կարելի է սեղմագրել Հայրիկյանի ասուլիսի հիմնական բովանդակությունը: Հանդիպման գլխավոր նպատակը, այնուամենայնիվ, ոչ թե Էլիզաբեթ Ջոնսը, Իրաքն ու Ուկրաինան էին, այլ սահմանադրության բարելավման համար իշխանական ու արտաիշխանական ուժերի միասնական աշխատանքի թեման: Առանց այդ 2` «խորհրդարանական ու արտախորհրդարանական ուժերի համագործակցության, կրկնվելու են 1995 թվականի իշխանության սխալները», զգուշացնում է Հայրիկյանը: Նա տեղեկացրեց, որ արդեն ստեղծվել է սահմանադրության ընդամենը մեկ բարեփոխման ազգային համաձայնության հասարակական խորհուրդ, որը պիտի առանձնացնի այն ընդհանրությունները, որոնք առկա են իրարամերժ քաղաքական ուժերի դիրքորոշումներում: Եթե հստակ դիրքորոշում չլինի սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ, ԱԻՄ նախագահը մտադիր է հանդես գալ մենակ եւ իբրեւ առանձին անհատ ներկայացնել այս ասպարեզի իր ներդրումները, «ինչպես Սախարովը Ռուսաստանում»:
Ապագայի սահմանադրության մեջ ԱԻՄ նախագահը նախատեսում է ավելացնել Սահմանադիր ժողովի մասին դրույթը: Սահմանադրական բարեփոխումները, ըստ Հայրիկյանի, ճիշտ կլինի քննարկել ոչ միայն հանրաքվեի, այլ Սահմանադիր ժողովի միջոցով: Այն պիտի կազմվի հատուկ այդ նպատակի համար, ժողովրդի կողմից:
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ