«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#6, 2005-01-18 | #7, 2005-01-19 | #8, 2005-01-20


ԻՏԱԼԻԱՆ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼ Է ԲԵՍԼԱՆՑԻ ԱՇԱԿԵՐՏՈՒՀԻ ՍԻՐԱՆՈՒՇ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ

ՀՌՈՄ, 19 ՀՈՒՆՎԱՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ֆլորենցիայի քաղաքապետարանը Սուրբ Մարտինի ինստիտուտի արծաթե մեդալով եւ պատվոգրով է պարգեւատրել Հյուսիսային Օսիայի խորհրդարանի նախագահ Թայմուրազ Մամսուրովին, ինչպես նաեւ կրթաթոշակով ու պատվոգրովՙ Բեսլանի թիվ 1 դպրոցի տասներորդ դասարանցի Սիրանուշ Սիմոնյանին: Այս մասին հաղորդվում է Իտալիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Մեշկովի հանրապետությանն ուղարկած նամակում, հաղորդում է «Նովոստի» գործակալությունը:

Ռուսաստանի դեսպանի նամակում նաեւ հաղորդվում է, որ Ֆլորենցիայի հրապարակներից մեկը կոչվել է ի պատիվ Բեսլանի երեխաների:

Բացի այդ, Բեսլանի երեխաների անունով կոչվել է նաեւ տարրական դպրոց իտալական մեկ այլՙ Ռոկկագորգա (Լացիոյի մարզ) քաղաքում, որի շենքին ամրացվել է հուշատախտակ:

Ահաբեկիչների կողմից թիվ 1 դպրոցի գրավման ժամանակ պատանդների թվում հայտնվեցին Հյուսիսային Օսիայի խորհրդարանի նախագահ Թայմուրազ Մամսուրովի երկու երեխաները: Դպրոցից երեխաներին դուրս բերելու Ռուսլան Աուշեւի առաջարկությանը Մամսուրովը պատասխանել էր մերժմամբ:

Տասներորդ դասարանցի Սիրանուշ Սիմոնյանը, ականատեսների վկայությամբ, հերոսաբար է իրեն դրսեւորել ահաբեկչության ժամանակ, գրոհի ժամանակ օգնելով դպրոցի շենքից դուրս գալ իր ընկերներին եւ փոքրերին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4