«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#6, 2005-01-18 | #7, 2005-01-19 | #8, 2005-01-20


ԱՆԴՐԱԴԱՐՁ ՏՊԱԳՐՎԱԾԻՆ

Հունվարի 18-ի «Ազգի» համարում լույս տեսած «Հոգեորսությունը շարունակվում է» վերնագրով հոդվածը մեծ արձագանք է գտել ընթերցողների շրջանակում: Նույն օրը եւ երեկ շատ էր թիվը խմբագրություն զանգահարողների, որոնք գոհունակություն էին հայտնում մեր հրապարակման համար: Զանգահարողների մեջ էին նաեւ Իսակովի փողոցի 44 շենքի բնակիչներ, որոնք հույս էին հայտնում, որ հրապարակումն ի վերջո իրենց կազատի նույն շենքի 7-րդ հարկի թիվ 20 բնակարանում ամեն շաբաթ եւ կիրակի օրերին կատարվող «աղանդավորական խրախճանքներից»:

Խմբագրություն զանգահարողների թվում էր նաեւ Կարեն Խաչատրյան անունով ներկայացած եւ իրեն «Հոգեգալստական եկեղեցու ծառայող» համարող մի անձ, որը բողոքեց մեր հրապարակման մեջ հոգեգալստականների մասին տրված տեղեկություններից: Նա հայտարարեց, թե իրենց աղանդը (իր բառովՙ «եկեղեցին»), որը Հայաստանում, ասաց, 25 հազար հետեւորդ ունի, Աստծո խոսքն է միայն քարոզում եւ ջատագով է բարի վարքուբարքի, ամենեւին էլ չի կիրառում մեր նյութի մեջ նկարագրված արտառոցություններըՙ սպիտակ շոր գցել գլխներին, գոռալ մինչեւ էքստազի մեջ ընկնելը եւ այնուհետեւ զբաղվել խառը սեքսով:

Խմբագրությունն առաջարկեց նրան մեր թերթում հանդես գալ իրենց աղանդի մասին ոչ քարոզչական, այլ ճանաչողական բնույթի հոդվածով, որին ի պատասխան երիտասարդն ասաց, թե կմտածի այդ մասին (ըստ երեւույթին պետք է խորհրդակցեր աղանդի հայաստանյան կամ արտասահմանյան շեֆերի հետ):

Զանգահարողների մեջ էր նաեւ ճանաչված դերասան Արմեն Էլբակյանը: Խոր ցասումով նա հերքեց իր եւ տիկնոջ մասնակցությունը նման «խրախճանքների» (թեեւ մեր հրապարակման մեջ ամենեւին չէինք նշել, թե Էլբակյանները երբեւէ մասնակից են եղել նման բաների, այլ պարզապես գրել էինք, թե հաճախակի այցելուներից են այդ տան եւ գուցե այցելում են այնտեղՙ մյուսներին դարձի բերելու համար): Պրն Էլբակյանը հեռախոսազրույցում հիմնավորապես հերքեց նաեւ հոգեգալստականների կամ 50-ականների աղանդին իրենց պատկանելը եւ հայտարարեց, որ իրենց ընտանիքը, ինչպես նաեւ նշյալ տանտիրոջ ընտանիքըՙ Ռընե Լեւոնյանի ավետարանական (բողոքական) եկեղեցուն են պատկանում, աստվածավախ են եւ առաջնորդվում են Քրիստոսի պատվիրաններով: Նա ասաց, որ այդ տանտերն իր մոտիկ ընկերներից է, եւ իրենք երբեմն այցելում են նրանց տուն, որտեղ տիրում է քրիստոնեական մթնոլորտ:

Հիմք ընդունելով պրն Էլբակյանի պնդումները, խմբագրությունս ցավ է արտահայտում, որ ճանաչված արտիստի եւ տիկնոջ անունը մեր այդ հրապարակման մեջ տարընթերցման առիթ է տվել նրան եւ վիրավորանքի պատճառ դարձել, ինչն ամենեւին մեր նպատակը չի եղել: Ներողություն ենք խնդրում ակամա թյուրիմացություն պատճառելու համար:

Ինչ վերաբերում է 50-ականների եւ տարբեր աղանդավորների շեղված եւ մեր երիտասարդությանը շեղումների առաջնորդող վարքագծին, մեր թերթը շարունակելու է ավելի մոտիկից հետեւել նրանց գործունեությանը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4