ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
Հունվարի 13-ին, ըստ ռուսաստանյան լրատվամիջոցների, Մոսկվայում լրագրողների հետ վիդեոկոնֆերանսի ընթացքում ԱՄՆ պետքարտուղարի օգնական Էլիզաբեթ Ջոնսը Մերձդնեստրի, Աբխազիայի, Հարավային Օսիայի եւ Լեռնային Ղարաբաղի մասին արտահայտվելիս այս երկրներում գործող վարչակարգերը հանկարծ «քրեական» է անվանում եւ ընդգծում դրանց վերացման անհրաժեշտությունը:
Արտահայտությունն, ինչ խոսք, վիրավորական է նշված երկրների ղեկավարության համար, որոնց թվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարությունը: Թվում էր, թե այս հանգամանքը կստիպի Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարություններին արձագանքել ԱՄՆ պետքարտուղարի օգնականի հայտարարությանը եւ տարակուսանք հայտնել այդ առնչությամբ:
Դրա փոխարեն հունվարի 18-ին ՀՀ Ազգային ժողովում մամուլի ասուլիս է հրավիրում պատգամավոր Համլետ Հարությունյանըՙ հրապարակելու համար «Արցախ» հայրենակցական միության հայտարարությունը: Միությունը խստագույնս դատապարտում է Էլիզաբեթ Ջոնսին, ընդգծում, որ Լեռնային Ղարաբաղում խոսք անգամ չի կարող լինել քրեական անջատողականների իշխանության մասին, ապա եւ ավելացնում. «Հուսով ենք, որ ԱՄՆ-ի բարձր ատյանները կարգի կհրավիրեն զբաղեցրած պաշտոնում իր գործունեությունն ավարտող տիկնոջը կամ կհերքեն ԶԼՄ-ներում տարածված նրա հայտարարությունը»:
Հայաստանյան տարբեր շրջանակներ տարաբնույթ արձագանք են տալիս միության հայտարարությանը: «Քրեական անջատողականների իշխանության» մասին Ջոնսի անփառունակ արտահայտությունն առանձնակի հրճվանք էր պատճառում պնակալեզի բնազդով Հայաստանում թուրք-ադրբեջանական քարոզչություն ծավալելու հարկադրանքի տակ գտնվող թերթերին: Հակառակ սրանց, Հայաստանի երիտասարդական եւ ուսանողական կազմակերպությունների ներկայացուցիչները «Ամոթ Էլիզաբեթ Ջոնսին» կարգախոսով բողոքի ցույց են անցկացնում ԱՄՆ դեսպանատան առջեւ եւ ընդգծում իրենց վրդովմունքը: Բողոքի հարցում նրանց պաշտպանում են ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորներն ու Երեւանի տարբեր համայնքների ղեկավարները: Այս ամենն աղմուկի տեղիք է տալիս:
Էլիզաբեթ Ջոնսի անփառունակ արտահայտությունների պարագայում վերոհիշյալ թերթերի հրճվանքը հասկանալի է, երիտասարդական կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների եւ տարբեր համայնքների վրդովմունքըՙ առավել եւս: Հասկանալիությունը, սակայն, առանձնակի հրճվանքի հետ ավելորդությունից չի ձերբազատում նաեւ ընդգծված վրդովմունքի դրսեւորումները:
Ի՞նչ առումովՙ այն, որ Էլիզաբեթ Ջոնսն ընդամենը ԱՄՆ պետքարտուղարի օգնականներից է, լրացրել է իր պաշտոնավարության ժամկետը եւ վերջապես, նա այդ արտահայտություններն արել է այն վիդեոկոնֆերանսի ժամանակ, որն անցկացվել է Մոսկվայումՙ այն էլ լրագրողների հետ: Որքան էլ անփառունակ լինեն Ջոնսի արտահայտությունները, վիդեոկոնֆերանսը պաշտոնական միջոցառում չէ, այլ ընդամենը հանդիպում լրագրողների հետ, էլ չենք խոսում հանուն ազդեցության Անդրկովկասում Ռուսաստանի հետ ԱՄՆ-ի ծավալած անհաշտ մրցապայքարի մասին:
Այս հանգամանքը Ջոնսի արտահայտությունների անփառունակությունը գոնե մասամբ այդ մրցապայքարով պայմանավորելու հիմք է տալիս: Սակայն խնդիրը սոսկ մրցապայքարը չէ, այլեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի օգնական Էլիզաբեթ Ռութի հունվարի 18-ին կայացած հեռախոսազրույցն ԱՄՆ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Վարդան Բարսեղյանի հետ, ինչպես նաեւ ԱՄՆ պետքարտուղարության հաղորդագրությունը, որը հունվարի 19-ին Երեւանում պաշտոնապես տարածեց ամերիկյան դեսպանատունը:
Եթե Ռութը հեռախոսազրույցի ընթացքում տեղեկացնում է, որ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Էլիզաբեթ Ջոնսի հայտարարությունները վերաբերում էին հետխորհրդային տարածքում Ռուսաստանի վարած քաղաքականությանըՙ առանց Լեռնային Ղարաբաղի իշխանություններին քննադատելու որեւէ նպատակի, ապա պետքարտուղարությունը հաղորդագրությամբ ընդգծում է. «ԱՄՆ քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի առնչությամբ չի փոխվել: Մենք գիտակցում ենք, որ յուրաքանչյուր հակամարտություն պայմանավորված է առանձին եւ բացառիկ հանգամանքներով»:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի օգնականի հայտարարությամբ Էլիզաբեթ Ջոնսի արտահայտությունները հանգում են Անդրկովկասում Ռուսաստանի հետ ԱՄՆ-ի մրցապայքարին, իսկ ԱՄՆ պետքարտուղարության հաղորդագրությունը, այնուամենայնիվ, ղարաբաղյան հակամարտությունը տարանջատում է մյուս հակամարտություններից:
Այլ կերպ, ԱՄՆ պետքարտուղարի օգնական էլիզաբեթ Ջոնսի հայտարարությունը սրբագրվում է, ընդ որում դա հենց պետքարտուղարությունն է կատարում, որին հաստատում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը: Այսպիսով, Ջոնսի անփառունակ արտահայտությունները դառնում են ավելորդ: Նման իրավիճակում արտահայտությունների առնչությամբ հրճվելը միանգամայն տհաճ տպավորություն է գործում: Ինչ վերաբերում է անընդմեջ ցուցաբերվող հակազդեցությանը, ապա դա օրակարգում պահելը, ակամա նպաստում է, որ օրակարգում մնան նաեւ Լեռնային Ղարաբաղի ղեկավարության մասին Էլիզաբեթ Ջոնսի անփառունակ արտահայտությունները: