Ութ երկար տարիների քրտնաջան ուսումնասիրությունների արդյունքում հայտնի ազատամարտիկ Մոնթե (Ավո) Մելքոնյանի եղբայրըՙ Մարգար Մելքոնյանն ավարտել է իր վաղամեռիկ եղբոր կենսագրահուշագրական հատորը, որը վերնագրել է «Իմ եղբոր ճանապարհը»: Հաղթահարելով տպագրական բազմաթիվ դժվարություններ, գիրքը փետրվարի 1-ին ԱՄՆ-ում պաշտոնապես կտպագրվի «I. B. Tauris» լոնդոնյան հրատարակչատան կողմից:
«Դա երրորդ սերնդի կալիֆոռնիաբնակ մի երիտասարդի մասին է, որը հնէաբանության ֆակուլտետի խոստումնալի ուսանող էր, գործադուլի ղեկավարՙ հեղափոխական Իրանում, ոստիկանՙ Բեյրութում, պարտիզանական մարտիկ Ղարաբաղում եւ փախստականՙ մի տասնյակի հասնող անվտանգության մարմիններից», գրում է Մարգարը: Գիրքը ոգեշնչող մի պատմություն է, որի մասին հայտնի գրող, պատմաբան Քրիստոֆեր Ուոքերն ասել է. «Գրված է նվիրվածության մի այնպիսի զգացումով, որը չի ընկնում շովինիզմի կամ սենտիմենտալիզմի ճիրանները»:
Գրքի լույսընծայման մասին գրելով, Մարգար Մելքոնյանը հայտնում է, որ գրքի վաճառքից ստացված հասույթը հատկացվելու է Մոնթե Մելքոնյանի անվան հիմնադրամին, որը Հայաստանում ամենակարիքավորների հոգսերն է թեթեւացնում բարեգործության միջոցով:
Հ. Ծ.