«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#7, 2005-01-19 | #8, 2005-01-20 | #9, 2005-01-21


ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ՄՏԱՎ 3-ՐԴ ՓՈՒԼ

Թենիսի Ավստրալիայի բաց առաջնությունում 2-րդ հաղթանակը տոնեց Դավիթ Նալբանդյանը: Նրա մրցակիցն իսպանացի Սանտյագո Վենտուրան էր: Դավիթից մեծ ջանքեր չպահանջվեցին մրցակցին հաղթելու համար: Առաջին խաղափուլում Վենտուրային չհաջողվեց գեթ մեկ միավոր վաստակել (0-6): Երկրորդ խաղափուլն էլ շահեց Դավիթը (6-3): Ճիշտ է, հաջորդ խաղափուլում Վենտուրան հաղթեց 6-2 հաշվով, սակայն չորրորդն իր օգտին գրանցեց Նալբանդյանը եւ մտավ հաջորդ փուլ: 1/32 եզրափակիչում նրա մրցակիցը կլինի չիլիացի Ֆեռնանդո Գոնսալեսը, որը պարտության էր մատնել ռուսաստանցի Իգոր Անդրեեւին (7-5, 6-2, 6-3): Հաջող հանդես եկան նաեւ Նալբանդյանի հայրենակիցներ, արգենտինացիներ Կորիան ու Կանյասը, որոնք պարտության մատնեցին համապատասխանաբար Մելոյին (6-4, 6-7, 6-3, 7-6) եւ Վերդասկոյին (3-6, 7-5, 6-3, 6-0):

Պայքարից դուրս մնաց Աթենքի օլիմպիական չեմպիոն, չիլիացի Նիկոլաս Մասուն: Գերմանացի Ֆիլիպ Կոլշռայբերի հետ մրցավեճում երկրորդ խաղափուլում նա վնասվածք ստացավ եւ չկարողացավ շարունակել պայքարը: Տղամարդկանց մրցաշարում պայքարը շարունակում են Նադալը, Ռեյնոլդսը, Չելան, Ստեպանեկը, Մելցերը, Դավիդենկոն, որոնք հաջողությամբ հաղթահարեցին 2-րդ փուլի արգելքը:

Կանանց մրցաշարում հաջողությամբ են հանդես գալիս ռուսաստանցի թենիսիստուհիները: Հերթական հաղթանակները տոնեցին Անաստասիա Միսկինան, Տատյանա Պանովան, Ելենա Դեմենտեւան: 2-րդ փուլը հաջողությամբ հաղթահարեցին նաեւ Ռեյմոնդը, Սկյավոնեն, Սպիրսը, Դեւենպորտը, Սերենա Ուիլյամսը, Հանտուխովան, Սմաշնովան եւ Դեշին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4