Դեսպան Էվանս. «Մենք Հայաստանի լավ բարեկամներն ենք»
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Մարշալ Էվանսը երեկ երեկոյան «Արմենիա» հեռուստատեսությանը տված հարցազրույցում հինգ անգամ կրկնեց, որ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Էլիզաբեթ Ջոնսը Ղարաբաղի իշխանություններին չի որակել քրեական տարրեր: «30 տարի ճանաչում եմ դեսպան Ջոնսին: Երբ առաջին անգամ լսեցի, մտածեցի, որ ինչ-որ բան այդքան էլ ճիշտ չէ: Ես շատ ուշադիր կարդացի իր պատասխանների տեքստը եւ հասկացա, որ այն, ինչ նկատի ուներ, Ղարաբաղին չէր վերաբերում», ասաց դեսպան Էվանսը:
«Ջոնսը նշել էր, որ Ռուսաստանը պետք է ավելի սերտորեն համագործակցի ԱՄՆ-ի հետ չորս սառեցված հակամարտությունների լուծման հարցում, եւ իր միտքն ավելի շեշտելու համար նշել էր, որ որոշ շրջանակներումՙ անմիջապես Ռուսաստանի սահմանի մոտ, որոշակի հանցավոր անջատողական տարրեր կան: Ես գիտեմ աշխարհագրությունը եւ չեմ կարծում, որ նա խոսում էր Ղարաբաղի մասին, բացի այն համատեքստից, որտեղ նա նշում էր այս չորս սառեցված հակամարտությունների լուծման անհրաժեշտության մասին», նշեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանըՙ հավելելով. «Չեմ կարծում, որ խոսքը Ղարաբաղի մասին է»:
«Արմենիայի» մեկնաբանի ուղղակի հարցին, թե դեսպան Ջոնսը Ղարաբաղի իշխանություններին չի՞ անվանել քրեական տարրեր, Ջոն Էվանսը պատասխանեց. «Եթե դուք կարդաք այդ տեքստը, կտեսնեք, որ նա խոսում է նման (քրեական-խմբ.) տարրերի մասինՙ երկուսը Վրաստանում, մեկը Մոլդովայում: Իսկ հաջորդ նախադասության մեջ նշում է, որ կան որոշ չլուծված խնդիրներ Ղարաբաղում»:
Դեսպան Էվանսը կրկնեց, որ հունվարի 13-ին Մոսկվայում Էլիզաբեթ Ջոնսը ԱՄՆ-ի քաղաքականության մասին հայտարարություն չի արել, այլ արտահայտվել է ասուլիսում, եւ ղարաբաղյան կարգավորման հարցում Վաշինգտոնի դիրքորոշումը փոփոխություն չի կրել: Նա նշեց, որ եթե որեւէ մեկը ցանկանում է վնաս հասցնել հայ-ամերիկյան հարաբերություններին, կարող է շարունակել դեսպան Ջոնսի հասցեին վիրավորական արտահայտությունները:
Դեսպան Էվանսը հիշեցրեց, որ ԱՄՆ-ը տարիներ շարունակ մարդասիրական օգնություն է տրամադրում Լեռնային Ղարաբաղին, Հայաստանի հետ «մենք երկրորդ երկիրն ենք, որ մարդասիրական օգնություն է տրամադրում Լեռնային Ղարաբաղին»: Ամերիկացի դեսպանը ցանկալի համարեց նաեւ, որ ղարաբաղյան հարցը լուծվի, որպեսզի «այնտեղ ապրող մարդիկ իրենց վրա չկրեն չճանաչված պետություն լինելու դժվարությունները»:
Երեկ երեկոյան «Հայլուրը» հաղորդեց, որ Էլիզաբեթ Ջոնսը զանգահարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանին եւ ցավ հայտնել, որ Հայաստանում այդպիսի արձագանք են գտել իր խոսքերը, որոնք Ղարաբաղին չէին վերաբերում:
Թ. Հ.