Երեկ նրանք հանդիպել են Վիեննայում
Մինսկի խմբի համանախագահները եւ ԵԱՀԿ փաստահավաք առաքելությունը (Ֆինլանդիայի, Իտալիայի, Շվեդիայի ու Գերմանիայի ներկայացուցիչները) երեկ հավաքվել են Վիեննայումՙ ճշտելու հաջորդ շաբաթ տարածաշրջանային իրենց համատեղ այցի մանրամասները: Նախօրեին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը «Ազատ Ադրբեջան» հեռուստաընկերությանն ասել է, որ Վիեննայի հանդիպմանը քննարկվելու են այցելության բոլոր մանրամասները, այդ թվումՙ փաստահավաք առաքելության ղեկավարի նշանակման հարցը:
Հունվարի 20-ին Կասպրշիկը Բաքվում երկժամյա հանդիպում է ունեցել Ադրբեջանի արտգործնախարարի հետ: Էլմար Մամեդյարովը լրագրողներին ասել է, որ «Ադրբեջանի գրավյալ շրջաններ այցելությունից հետո» փաստահավաք առաքելությունը փետրվարի վերջերին կպատրաստի զեկույցՙ կապված այդ տարածքներում հայկական բնակեցումների հետ: «Եկեք սպասենք եւ տեսնենք, թե ինչպիսին է լինելու զեկույցը: Թող առաքելությունը հավաքի փաստերը, եւ մենք կտեսնենք, թե ինչ է լինելու», ասել է Մամեդյարովը:
Դեռեւս վերջնականապես չի հստակեցվել, թե փաստահավաք առաքելությունը ղարաբաղյան ուժերի վերահսկողության տակ գտնվող որ շրջաններն է այցելելու: Նախապես հաղորդվել էր, որ նրանք կայցելեն Քելբաջար, Լաչին, Ջեբրայիլ, Ղուբաթլու եւ Զանգելան: Ենթադրվում է, որ հունվարի 28-ին փաստահավաք առաքելությունը կհավաքվի Երեւանում եւ կուղեւորվի Ստեփանակերտ:
ԼՂՀ փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանը նախօրեին հայտարարել էր, որ Ստեփանակերտում «դրական են գնահատում ԵԱՀԿ փաստահավաք խմբի այցը Լեռնային Ղարաբաղ եւ պատրաստ են ամեն կերպ աջակցել նրա աշխատանքին»: «Մենք միջազգային հանրությունից թաքցնելու ոչինչ չունենք եւ պատրաստ ենք ցույց տալ ԵԱՀԿ փաստահավաք խմբին ինչպես ԼՂՀ տարածքի, այնպես էլ դրա սահմաններից դուրս ղարաբաղյան ուժերի վերահսկողության տակ գտնվող բոլոր շրջանները», ասել էր Մայիլյանը:
Մայիլյանը հիշեցրել է, որ նախկինում իրավիճակը տեղում ուսումնասիրելու եւ ԼՂՀ հասցեին Ադրբեջանի մտացածին մեղադրանքները հերքելու նպատակով Ստեփանակերտը բազմիցս Լեռնային Ղարաբաղ է հրավիրել նմանատիպ առաքելությունների:
Թ. Հ.