Երեկ քաղաքացի Վ. Գասպարյանը խմբագրություն էր ուղարկել մի քանի օր առաջ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին իր հղած նամակը, որտեղ ներկայացված են վերջին շրջանում իր եւ իր ընտանիքի հանդեպ իրականացված անօրինականությունները: Նամակի հեղինակը գրում է, որ անցյալ տարվա օգոստոսին Երեւանի Դեմիրճյան 17 շենքը գազաֆիկացնելու խնդրանքով դիմել է «Հայռուսգազարդին», որտեղից ասել են, որ այդ շենքը չի նախատեսվում գազաֆիկացնել մինչեւ 2007 թ.: Ըստ Գասպարյանի, այնուհետեւ մի ընկերություն որոշակի գումարի դիմաց շենքը մասնակիորեն գազաֆիկացրել է: Ապա բնակարանների գազաֆիկացումը ձգձգվել է: «Այս առնչությամբ նախաձեռնեցի դիմում-բողոք Ձեր վերահսկողության ծառայությանը, գրում է Գասպարյանը ՀՀ նախագահին, որից հետո «անհայտ անձինք» ջարդեցին տանս պատուհանների ապակիները: Կրկնակի դիմում ներկայացնելուց հետո գործն ուղարկվեց ոստիկանություն»: Ըստ Գասպարյանի, ոստիկանությունը սկսել է անհանգստացնել իր ընտանիքի անդամներինՙ պահանջելով, որ Գասպարյանը ներկայանա ոստիկանության բաժանմունք (այդ օրերին քաղաքացին եղել է արտասահմանում):
Գասպարյանն իր նամակում հայտնում է, որ ընտրել է այս եւ նման անօրինականությունների դեմ պայքարի միակ միջոցըՙ հացադուլ է հայտարարել: