Հայաստանի գլխավոր սանիտարական բժիշկ Վլադիմիր Դավիդյանցի հավաստմամբ, հանրապետությունում համաճարակային իրավիճակը միանգամայն հանգիստ է եւ ձմեռային արձակուրդներից հետոՙ երկուշաբթի, դպրոցներում դասերը վերսկսելու համար որեւէ վտանգ չկա: Հիմնական խնդիրը դասասենյակներում անհրաժեշտ ջերմային ռեժիմ ապահովելն էՙ օդակաթիլային վարակների տարածումից խուսափելու համար:
Հանրապետության բոլոր դպրոցների տնօրեններին արդեն հանձնարարվել է դասերը սկսելուց մի քանի օր առաջ դասասենյակներն ապահովել պահանջվող 18 աստիճան ջերմաստիճանով: Երկուշաբթի առավոտյան բոլոր դպրոցներում կանցկացվեն համապատասխան ստուգումներ: Երեւանի քաղաքապետարանի կրթության բաժնի պետ Օնիկ Վաթյանը վստահեցրեց, որ ձմեռային արձակուրդների ընթացքում դպրոցներում ավելացվել է ջեռուցիչների թիվը, եւ ամեն ինչ արվում է բարձր ջերմային ռեժիմ ունենալու համար: Երեւանի դպրոցներից լոկալ ջեռուցում ունեն միայն 18-ը, մյուսները հիմնականում տաքացվում են էլեկտրական ջեռուցիչներով, իսկ մարզերումՙ առավելապես վառարաններով:
Կրթության նախարարության դպրոցական բաժնի պետ Նորայր Ղուկասյանի ասելով, մարզերի բոլոր դպրոցներն ապահովված են վառելիքով, եւ ձմեռային արձակուրդը երկարաձգելու որեւէ պատճառ առայժմ չկա: Երեւանի եւ մարզերի դպրոցներում աշակերտների հաճախելիության, հիվանդությունների եւ ջերմային ռեժիմի վերաբերյալ տվյալները կամփոփվեն հինգշաբթիՙ նախարարությունում անցկացվելիք խորհրդակցության ժամանակ:
Ներկա պահին, ինչպես նշեց պրն Դավիդյանցը, չափազանց կարեւոր է, որ ծնողներն իրենց հիվանդ երեխաներին դպրոց չուղարկենՙ օդակաթիլային ճանապարհով փոխանցվող մի շարք հիվանդություններիցՙ կարմրուկից, շնչառական վիրուսային հիվանդությունից եւ գրիպից զգուշանալու համար:
Առողջապահության նախարարության հաղորդմամբ, այս տարվա հունվարի 18-ի տվյալներով, Հայաստանում արձանագրվել է կարմրուկի 70 դեպք, հիվանդներից 32-ը հոսպիտալացվել են, այժմ նրանց վիճակը բավարար է: Սուր շնչառական վիրուսային հիվանդությունների ամենօրյա մոնիտորինգի հիման վրա նշվում է, որ այս պահին գրիպի համաճարակային վիճակը վտանգավոր չէ: Առողջապահության նախարարության անցկացրած համաճարակաբանական մոնիտորինգը ցույց է տվել, որ կարմրուկի դեպքերը մեծաթիվ են այն մեծահասակների շրջանում, որոնք պատվաստվել են 1980-ականների վերջին եւ 90-ականների սկզբին: Ենթադրվում է, որ դա հետեւանք է այդ տարիներին պատվաստանյութերի պահպանման սառցային շղթայի խախտումներով, ինչից տուժել է պատվաստանյութի որակը եւ չի առաջացել անհրաժեշտ անընկալունակություն: Օջախային պատվաստումները շարունակվում են, արդեն պատվաստվել է մոտ 50 հազար մարդ, ինչը նպաստել է կարմրուկով հիվանդների թվի նվազմանը:
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ