«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#8, 2005-01-20 | #9, 2005-01-21 | #10, 2005-01-22


ՀԱՅՐԵՆԻ ՍԵՐՄՆԱՑԱՆՆԵՐԸ

Գարնանացանը նախապատրաստողները եւ տապալողները

Երեկ Մամուլի ազգային ակումբում գուշակություններով էր զբաղված քաղաքական հայտնի ու ոչ այնքան հայտնի գործիչների խայտաբղետ մի համակազմ: ԱԺՄ-ի, Հանրապետականի առաջին դեմքերը չկային, իսկ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի եւ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի մասին հարկ էր հիշողությունը թարմացնել: Ներկա էր նաեւ քաղաքական հեռուստախոսության քանքարավոր ներկայացուցիչ Տիգրան Կարապետյանը: Քաղաքական խայտաբղետ կողմնորոշումների ներկայացուցիչները, իրենց ներկա պահի տրամադրությանն ու վիճակին հանգույն ամենամռայլ ու ամենավարդագույն կանխատեսումներն արեցին:

Հանրապետականի կանխատեսումների բանբեր Սամվել Նիկոյանը ե՛ւ դատողությունների, ե՛ւ ձեւակերպումների առումով բավական զգույշ էր: Հնարավոր են կոալիցիոն նոր հակասություններ, հնարավոր է ընդդիմության նոր ֆորմատի ձեւավորում, բայց ընդդիմության ու իշխանությունների միջեւ ոչ թե ընդհանրական, այլ լոկալ բնույթի դիմակայություններ կլինեն: Ինչ վերաբերում է դրսի ուժերին, ապա Հանրապետականը փորձում է հավատալ, որ նրանց դրդմամբ Հայաստանում իշխանափոխություն չի լինի:

ՍԻՄ-ի ղեկավար Հրանտ Խաչատրյանը կանխատեսեց, որ «2005 թվականին թե՛ ներքին, թե՛ արտաքին կյանքում հնարավոր են բազմաթիվ ճյուղավորված սցենարներ: Ընդդիմությունը փորձելու է մեջքը շտկել, ամրացնել թույլ տեղերը, եւ իշխանության չափ ցնցումների մեջ չի ընկնի»: Շատերի նման Հրանտ Խաչատրյանը եւս ենթադրում է, որ սահմանադրական բարեփոխումների խնդիրը այս տարի կարող է կապող օղակ դառնալ իշխանությունների ու ընդդիմության համար: Եվ նույնիսկ համագործակցության կոչ արեց:

2005 թվականի համար իր առաջարկած բանաձեւը հետեւյալն է. քաղաքական խառնաշփոթից զտել դրականը, ասպարեզից հեռացնել բոլոր նրանց, որոնց խնդիրները կապված չեն այս երկրի ու ժողովրդի հետ:

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանի կանխատեսումը մարտահրավերի էր նման. «Վստահ եմ, որ ժողովրդի սպասելիքները 2005 թ. չեն իրականանա, եւ կլինի ցնցումային տարի` վրացական ու ուկրաինական տարբերակներով, բայց ոչ թե արտաքին, այլ ներքին դրդումներով»: Արտաքին ու ներքին սրված խնդիրների պատասխանատվությունը Մակեյանը բարդեց Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, կոալիցիայի, օլիգարխների վրա:

Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ենթադրում է, որ այս տարի սոցիալական խնդիրների սրացումներն ավելի ակնառու կդառնան:

Արտաքին քաղաքականության մեջ նա բացարձակ տանուլ տված է համարում ԼՂՀ-ի հարցը, իսկ «Իրաք զորախումբ ուղարկելը «տեկտոնիկ» տեղաշարժեր է առաջացնելու, այնպես, որ իշխանավորները վախից փախչելու են երկրից»:

Արամ Սարգսյանը քաղաքական գործողությունների հանգուցալուծման նոր ժամկետ նշեց. «Եթե մինչեւ սեպտեմբեր մենք մեր հարցերը չլուծենք, կստանանք մի երկիր, որ ապագա չունի»: Արամ Սարգսյանը հույս ունի, որ այս տարի ընդդիմությունը հզորանալու է, եւ ժողովուրդը նորից կանգնելու է նրա կողքին:

Համլետ Հարությունյանը դարձյալ վերադարձավ մի քանի օր առաջ ԱՄՆ պետքարտուղարի օգնականի հայտարարությանը: «Ջոնսի հայտարարությունը դիվանագիտական հետախուզական միջոց էր` ստուգելու Հայաստանի քաղաքական դաշտի ամրությունը, թե որքանով այն կարելի է օգտագործել իշխանափոխության եւ այլ նպատակների համար: Ռուսներն էլ են ստուգելու, Եվրոխորհուրդն էլ: Եվ Ղարաբաղի հարցը չեն կարող իրենց ուզած ձեւով լուծել, եթե քաղաքական դաշտն ամուր լինի: Մի խոսքով, 2005 թվականը լինելու է արտաքին մարտահրավերների տարի»:

Հանդիպման խոսքը պատկանում էր Համլետ Հարությունյանին: Նրա ձեւակերպմամբ` 2005 թվականը կլինի «գարնանացան նախապատրաստողների եւ գարնանացանը տապալողների տարի»: Գարնանացան ասելով նա նկատի ունի եւ ընդդիմության, եւ իշխանությունների առաջիկայում ծրագրած մարզային արշավները: Նրանք երկուսն էլ պայքարելու են ժողովրդի համակրանքը շահելու համար եւ փորձելու են տապալել մեկը մյուսին:

Իշխանափոխություն, սակայն, ըստ Համլետ Հարությունյանի, Հայաստանում չի լինի, որովհետեւ «հեղափոխական սիտուացիա» չկա: Այն առկա էր 2003, 2004 թվականներին, բայց ընդդիմությունը չկարողացավ ավարտին հասցնել:

Տիգրան Կարապետյանի ասելիքը, ինչպես միշտ, հատկանշվում էր անսովոր ու կոշտ սահմանազատումներով: Նրա բնորոշմամբ, քաղաքական տարին արդեն իսկ սկսվել է վերադասավորումներով, որովհետեւ ե՛ւ իշխանության դաշտում, ե՛ւ ընդդիմության մեջ շատերը հույս ունեն, որ «ԱՄՆ-ը «ստավկա կդնի իրենց վրա, եւ նույնիսկ ռուսամետներն արեւմտամետ են դարձել»:

Վահան Շիրխանյանը 2005 թվականի արտաքին վտանգը տեսնում է ԱՄՆ- Իրան հակամարտության հնարավոր զարգացման մեջ, որը եթե նույնիսկ պատերազմի էլ չհանգի, կարող է աննպաստ լինել հայ-իրանական հարաբերությունների համար: Իսկ Բաքու-Ջեհյանի շահագործման հետ կապված Ադրբեջան- Վրաստան հարաբերությունների հնարավոր ջերմացումը եւ նրանց տնտեսական ցուցանիշների աճը իսկական մարտահրավեր կդառնան Հայաստանի համար:

Մի խոսքով, մեր քաղաքական գործիչները տարին կանխատեսում են այնպես, ինչպես կուզենային, որ լիներ: Ընդդիմությունը` իր ցանկացածի տրամաչափով, իշխանություններնՙ իրենց:

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4