Մինչ Մ. Նահանգները հոգեբանական ճնշումներ է բանեցնում Իրանի նկատմամբ, իսկ նախագահ Բուշը չի բացառում իսլամական հանրապետության նկատմամբ ուժի գործադրումը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը երեկ պաշտոնական այցով մեկնել է Թեհրան: Ադրբեջանի ղեկավարը 2003 թ. հոկտեմբերին իշխանությունը հորից ժառանգելուց հետո երկրորդ անգամ է պաշտոնական այց կատարում հարեւան հանրապետություն:
Ալիեւին դիմավորելու արարողությունից հետո, պատասխանելով ադրբեջանցի լրագրողի հարցին, թե ի՞նչ է անելու Իրանը ղարաբաղյան ճգնաժամի կարգավորման հարցում, Իրանի նախագահ Մոհամմադ Խաթամին, ըստ պաշտոնական ԻՌՆԱ գործակալության, ասել է, որ Իրանը այն քիչ երկրներից է, որը պաշտպանում է Ադրբեջանի ազգային ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը: «Իրանը հավատում է, որ Ղարաբաղի ճգնաժամը պետք է լուծվի երկու կողմերի միջեւ տրամաբանության եւ փոխըմբռնման միջոցովՙ առանց դիմելու ուժի: Ես հավատում եմ, որ Ղարաբաղի հակամարտությունը լուծվելու է, եթե երկու կողմերը լրջորեն ցանկանան դա», ասել է Խաթամինՙ հավելելով, որ Իրանը բարեկամական հարաբերություններ ունի ե՛ւ Ադրբեջանի, ե՛ւ Հայաստանի հետ ու պատրաստ է օգնելու Ղարաբաղի ճգնաժամը կարգավորելու հարցում:
Ըստ ԻՌՆԱ-ի, պատասխանելով մեկ այլ ադրբեջանցի լրագրողի հարցին, թե կա՞ն արդյոք նմանություններ սիոնիստական վարչակարգի կողմից արաբական հողերի զավթման եւ Հայաստանի կողմից Ղարաբաղի զավթման միջեւ, Իրանի նախագահն ասել է, որ իր երկիրը դատապարտում է օկուպացիան եւ ուժի գործադրումըՙ որ երկիրն էլ այն լինի: «Անշուշտ, կա տարբերություն: Ես կարծում եմ, որ Իսրայելը զավթել է ամբողջ Պաղեստինը եւ ձեւավորել անօրինական ներկայություն, բայց Հայաստանը պետություն է, միեւնույն ժամանակ, մեկ այլ երկրի օկուպացիան կամ մեկ թիզ տարածքի զավթումը դատապարտելի է, եւ միջազգային հանրությունը պետք է օգնի վերջ տալու օկուպացիային», ասել է Խաթամին:
Իլհամ Ալիեւին ուղեկցում են խորհրդարանի նախագահը, արտգործնախարարը, մի քանի այլ նախարարներ: Ակնկալվում է, որ այցի արդյունքում կստորագրվեն ադրբեջանա-իրանական երկկողմ համաձայնագրեր տնտեսության, մշակույթի, առողջապահության, ինչպես նաեւ սահմանների անվտանգության ոլորտներում: