«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#9, 2005-01-21 | #10, 2005-01-22 | #11, 2005-01-25


ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԵՆ ՆԱԽԸՆՏՐՈՒՄ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԱՌԵՎՏՈՒՐԸ ԲՈՐՍԱՅՈՒՄ

Թերեւս պատճառը պահանջվող թափանցիկությունն է

Հայաստանի ֆոնդային բորսան ստեղծվել է 2001 թ.-ին արժեթղթերի շուկայի մասնակից բրոքերային ընկերությունների կողմից` «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքի պահանջներին համաձայն, որպես ինքնակարգավորվող կազմակերպություն: Բորսայի գործունեության արդյունքում ստացվող բոլոր շահույթներն ուղղվում են բացառապես ՀՖԲ կանոնադրական նպատակների իրագործմանը:

Բորսան իր հարթակում կազմակերպում է բորսայական առեւտուր եւ առեւտրի մասնակիցների համար ապահովում է հավասար պայմաններ` նպաստելով թափանցիկ շուկայի ձեւավորմանը եւ ներդնողների շահերի պաշտպանությանը: Ներկայումս ՀՖԲ-ում տեղադրված է միջազգային չափանիշներին ու ստանդարտներին համապատասխանող առեւտրային համակարգ:

«Ազգի» զրուցակիցն է Հայաստանի ֆոնդային բորսային գործադիր տնօրեն Արմեն Մելիքյանը:

- Ինչպիսի՞ վիճակում է ներկայումս Հայաստանի ֆոնդային շուկան, արդյոք լիարժե՞ք է գործում:

- «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» օրենքի ընդունումից անցել է 4 տարի եւ ունենք ձեւավորված ինստիտուցիոնալ ենթակառուցվածք: Շուկայի 3 հիմնական կառույցներն են արժեթղթերի հանձնաժողովը, կենտրոնական դեպոզիտարիան եւ ֆոնդային բորսան:

Կարեւորագույն խնդիր է թերեւս այն, որ շուկան դեռեւս պատրաստ չէ ամբողջությամբ օգտագործելու այս կառույցների հնարավորությունները: Պատճառներից մեկն էլ շուկայի մասնակիցների բավարար հմտություններ չունենալն է: Մեկ այլ խնդիր է կապիտալի շուկայի ու դրա հնարավորությունների մասին պոտենցիալ ներդնողների տեղեկացվածության պակասը:

- Մշտապես շեշտվում է, թե Հայաստանը մասնագետներ ունի շատ ոլորտներում: Բորսայի առումով ստացվում է, որ մենք մասնագետների խնդիր ունե՞նք:

- Այո, ինչպես քանակական, այնպես էլ որակական, ընդհանուր շուկայում 5-6 մասնագետը բավարար չէ: Արժեթղթերի շուկայական գինը ձեւավորելու համար մասնակիցների մեծ թիվ է անհրաժեշտ: Այլապես գինը կարող է սուբյեկտիվ կարծիք պարունակել:

Նշված գործընթացն աշխուժացնելու եւ խթանելու համար ՀՖԲ-ն նախաձեռնել է սեփական ուսումնական կենտրոնի ստեղծում:

- Բրոքերային ընկերությունները չեն ապահովում ծառայությունների անհրաժեշտ մակարդակ: Բայց արդյոք հայաստանյան բաժնետիրական ընկերությունները` թողարկողներն իրենք բավարար հետաքրքրվա՞ծ են բորսայում իրենց արժեթղթերի առեւտրի կազմակերպման հարցերով:

- Ներկայումս հայկական ընկերությունները դեռեւս բավարար ուշադրություն չեն դարձնում կապիտալի շուկայի ընձեռած միջոցների հավաքման հնարավորություններին: Դա պայմանավորված է մի շարք գործոններով, որոնցից է կորպորատիվ կառավարման բնագավառում թերացումների խնդիրը: Եթե չեն պահպանվում կորպորատիվ կառավարման սկզբունքները, ապա ներդնողը չի կարող վստահ լինել իր իրավունքների պաշտպանության հարցում: Մասնավորապես, որ կարող է մասնակցել ընկերության կառավարման գործընթացին կամ շահութաբաժիններ ստանալ:

Այսօր արդեն կարող եմ փաստել, որ ՀՖԲ-ում ունենք ցուցակված թողարկողներ, որոնք ուշադրությամբ հետեւում են իրենց արժեթղթերով բորսայում կատարվող գործառնություններին եւ, կարծում եմ, դա ուրախալի փաստ է:

- Ինչպիսի՞ն են ցուցակվող ընկերություններին ներկայացվող պահանջները:

- Ներկայումս ՀՖԲ-ում ցուցակված են հիմնականում սեփականաշնորհումով ձեւավորված բաց բաժնետիրական ընկերություններ, որոնք հաշվետու թողարկող են եւ ունեն 100-ից ավելի բաժնետեր: ՀՖԲ-ում սահմանված են ցուցակման երեք մակարդակ: Վերին A մակարդակում ցուցակման են թույլատրվում այն թողարկողները, որոնց կանոնադրական կապիտալը մեծ է կամ հավասար է 1 մլն ԱՄՆ դոլարի: Ընկերությունը պետք է ունենա 500 բաժնետեր, որոնցից ոչ մեկը չպետք է տիրապետի բաժնետոմսերի ավելի քան 10 տոկոսի: Բացի այդ, ընկերության արժեթղթերով գործարքների քանակը ամսական չպետք է պակաս լինի 10-ից: Այս մակարդակում ցուցակված ընկերություն առայժմ չունենք:

Միջին B մակարդակում ցուցակվում են այն ընկերությունները, որոնց կանոնադրական կապիտալը 100 հզ. ԱՄՆ դոլար կամ ավելի է, բաժնետերերի քանակը` 100-ից ավելի, վերջին 3 ֆինանսական տարիների արդյունքը` դրական: Այս մակարդակում ունենք 19 ընկերություն:

Ստորինՙ C մակարդակը բաժանել ենք երկու ենթամակարդակի: C1-ում ցուցակված ընկերությունները չեն համապատասխանում նախորդ մակարդակներում ներկայացվող պահանջներին: Իսկ C2-ում այն ընկերություններն են, որոնք լուծարման փուլում են կամ սնանկ են ճանաչվել: C2-ում գործարքներ չեն կատարվում, այն ավելի շատ տեղեկատվական գործառույթ է կատարում:

- Իսկ ինչպե՞ս է լուծվում տեղեկատվության հարցը:

- Տեղեկատվական գործառույթը ֆոնդային բորսայում կարեւորագույններից է: Նախ եւ առաջ դա վերաբերում է ՀՖԲ-ում ցուցակված ընկերությունների հաշվետվություններին: Մեզ մոտ ցուցակված 200 ընկերություններից ստանում ենք ամփոփ հաշվետվություններ: Ամեն ոք կարող է ՀՖԲ-ում ստանալ այդ ընկերություններին վերաբերող անվճար տեղեկություններ:

Բորսայական առեւտրի, այդ թվում կատարված գործարքների ծավալների, թվի ու գների մասին տեղեկատվությունը տրամադրում ենք օրական հաճախականությամբ ՀՖԲ պաշտոնական ինտերնետ կայքի եւ ԶԼՄ միջոցով:

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4