Իսկ գողության մեղադրանքը մնում է
«Ազգային ժողովի պատգամավոր Հակոբ Հակոբյանի հետ կապված թյուրիմացությունը պարզվեց, եւ այսօր նա իր որդու հետ ազատ արձակվեցՙ պայմանով, որ մինչեւ նախաքննության ավարտը չհեռանա երկրից», Աբու Դաբիում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ «Ազգի» հարցին ի պատասխան ասաց արտգործնախարարության մամլո խոսնակ Համլետ Գասպարյանը:
Նախորդ մի քանի օրվա ընթացքում հայկական լրատվամիջոցները բազմիցս եւ տարաբնույթ կտրվածքներով անդրադարձան Արաբական Միացյալ Էմիրություններում ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) ձերբակալության հայտնի ու անհայտ հանգամանքներին: Մասնավորապես նշվում էր, որ Հակոբ Հակոբյանն իր որդու եւ ընկերոջ հետ ձերբակալվել է Դուբայի առեւտրային կենտրոններից մեկում գողություն կատարելու մեղադրանքով:
Երեկվա դրությամբ գողության մեղադրանքի եւ դրա համար ձերբակալության փաստը հաստատված էր: Նշվում էր նաեւ, որ Հակոբ Հակոբյանը Էմիրությունների ոստիկանության կողմից կալանքի տակ է վերցվել նաեւ Ինտերպոլի ցուցակում նշված լինելու պատճառով:
«Ազգը» Աբու Դաբիում Հայաստանի դեսպան Արշակ Փոլադյանից տեղեկացավ, որ Համլետ Գասպարյանի նշած թյուրիմացությունը վերաբերում էր հենց Ինտերպոլի ցուցակում հայտնվելու հանգամանքին:
Պրն Փոլադյանը նշեց, որ թեեւ Ինտերպոլի ցուցակում Հակոբ Հակոբյանի ազգանվան պատճառով ստեղծված թյուր վիճակը շտկվել է, սակայն երկրորդՙ գողության մեղադրանքն, այնուամենայնիվ, մնացել է: Եվ դա է պատճառը, որ Հակոբ Հակոբյանը եւ իր որդին թեեւ ազատվել են կալանքից, բայց մինչեւ ներկայացված մեղադրանքով նախաքննության ավարտը չեն կարող հեռանալ երկրից:
Ինչ վերաբերում է այս իրադարձությունների երրորդ մասնակցին, վերջինս դեռ մնում է կալանքի տակ:
Ինչեւէ, մամուլում բազմապիսի արծարծումների արժանացած այս իրադարձությունները մնում են ամոթալի մեր պետության համար: Ու թեեւ գործում է անմեղության կանխավարկածը, Հակոբ Հակոբյանին ներկայացված գողության մեղադրանքն արդեն իսկ վիրավորական է: Տարբեր գնահատականներովՙ մեղադրանքի արդարացիությունը կամ էլ ԱԺ պատգամավորի անմեղ լինելը պարզ կդառնա ոչ շուտ, հատկապես եթե հաշվի առնենք, որ նախաքննության դրական ելքի դեպքում այս գործը կանցնի նաեւ դատական բոլոր փուլերով:
Ա. Հ.