«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#12, 2005-01-26 | #13, 2005-01-27 | #14, 2005-01-28


ԻՐԱՆԱԿԱՆ «ԱՅԳԱԲԱՑԻ ՏԱՍՆՕՐՅԱԿ» ՓԱՌԱՏՈՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Իրանի իսլամական հեղափոխության 26-րդ տարեդարձի նախաշեմին Հայաստանում իրանական մշակութային կենտրոնում լրագրողների հետ հանդիպեց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի վխորհրդական Ռեզա Աթուֆին: 26 տարի առաջ Իրանի ժողովուրդն իմամ Խոմեյնու առաջնորդմամբ իրականացրեց հեղափոխություն, որը տեւեց 10 օր: Դա անցած դարի ամենակարեւոր իրադարձություններից էր, որի շնորհիվ տապալվեց 2500 տարվա թագավորական իշխանությունն ու ստեղծվեց իսլամական ժողովրդական հանրապետություն: Այդ հեղափոխությունից հետո աշխարհի 40 երկրներ միացել են ամենամյա 10-օրյա փառատոնին:

Հայաստանը նույնպես փետրվարի 1-10-ն անցկացնելու է «Այգաբացի տասնօրյակ» խորագրով փառատոնը: Փառատոնի յուրաքանչյուր օր ունի հատուկ ուղղվածություն ու նպատակ: Փետրվարի 1-ին Ժողարվեստի թանգարանում գեղանկարչության ու լուսանկարչության արվեստի ցուցադրությամբ կբացվի փառատոնը: Փետրվարի 3-ին Ազգային պատկերասրահում կբացվի իրանական արվեստների մշտական ցուցադրության սրահը, որտեղ իրենց ուրույն տեղը կգտնեն ՀՀ Ազգային պատկերասրահի պահոցներում եղած 200 արժեքավոր ստեղծագործություններ: Կլինեն նաեւ արտասահմանյան երկրների հետ բարեկամության կոմիտեի համատեղ 3 գրքերի շնորհանդեսներ, համերգներ, պոեզիայի երեկո եւ այլ միջոցառումներ:

Իրանի Իսլամական Հանրապետությունում անցկացվող փառատոնին Հայաստանից հրավիրվել է Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնը «Անտիգոնե» ներկայացումով, որը մասնակցելու է «Ֆաջր» խորագրով փառատոնին:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4