«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#12, 2005-01-26 | #13, 2005-01-27 | #14, 2005-01-28


... ԲԱՅՑ ԵՍ ԴԵՌ ԿԱՄ

Երեկ ՀՀ գրողների միությունը Կամերային երաժշտության տանը կազմակերպել էր հուշ երեկոՙ նվիրված բանաստեղծ, գրող, հրապարակախոս, գրողների միության նախկին նախագահ Հրաչյա Հովհաննիսյանի 85-ամյակին: Երեկոյին ներկա գրողներին, մտավորականներին, հյուրերին, բանաստեղծի հարազատներին համակած հուզմունքն ակնհայտ էր. բոլորը հիշելու, մեծարելու խոսքեր ունեին:

Երեկոն, որը վարում էր Ազատ Գասպարյանը, սկսվեց Հրաչյա Հովհաննիսյանի տողերով: Ազատ Գասպարյանի ներկայացմամբ Հրաչյա Հովհաննիսյան մարդը, բանաստեղծը, հավատավոր քաղաքացին, եռամիասնության օրենքով արվեստագետ է, որը միշտ կա իր ժողովրդի պատմության նման:

Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանի խոսքում Հրաչյա Հովհաննիսյանը ներկայացվեց որպես մեր պոեզիայի հրաշալի այգեպան, որին սիրում են բոլորը:

Հետաքրքրական էր գրող, հրապարակախոս Ալվարդ Պետրոսյանի ներկայացրած Հրաչյա Հովհաննիսյանըՙ «Առյուծը ձմռանը կամ աշնանը», որի հետ հանդիպումները, հետո նաեւ արդեն տեւական շփումներն անմոռանալի եւ հիշարժան են եղել Ալվարդ Պետրոսյանի համար: «Հորիցս հետո ոչ մի տղամարդու մեջ քնքշությամբ զուգորդված այդքան ասպետություն չեմ տեսել: Նրա գենը տաղանդավոր է եւ այդ հրաշալի տունկը շարունակվում է», ասաց տկն Պետրոսյանը:

Մեծարման շռայլ խոսքերը, հիշողությունները, բանաստեղծի տողերի ասմունքը, «Նազանի» երաժշտական համույթի ողջույնը գրողի հուշ-երեկոն վերածել էին իսկական տոնի:

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4