«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#12, 2005-01-26 | #13, 2005-01-27 | #14, 2005-01-28


ՄՐՑԱՇՐՋԱՆ-2005-Ի ՄՐՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏՎԵՑ

ՀՖՖ նախագահը հանդիպեց լրագրողների հետ

Ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի երեկվա նիստում, որին մասնակցեցին նաեւ լրագրողները, հաստատվեցին ոչ սիրողական ակումբների միջեւ անցկացվող 2005 թ. ֆուտբոլի մրցումների կանոնակարգն ու բարձրագույն խմբի առաջնության խաղացանկը: Դրանք ներկայացրեց մարզական բաժնի պետ Ռոբերտ Դալլաքյանը: Այս տարի ոչ սիրողական թիմերի միջեւ կանցկացվեն բարձրագույն, առաջին խմբերի առաջնությունները, Հայաստանի գավաթի եւ Սուպերգավաթի խաղարկությունները: Ինչպես միշտ, ֆուտբոլային մրցաշրջանը կմեկնարկի ՀՀ գավաթի խաղարկությամբ, որին մասնակցելու ցանկություն է հայտնել 23 թիմ: Առաջին խմբի 14 թիմերը մարտի 8-ին եւ 11-ին կայանալիք 1/16 եզրափակիչ հանդիպումներում ի հայտ կբերեն հաջորդ փուլի 7 մասնակիցներին, որոնք բարձրագույն խմբի 9 ակումբների հետ 1/8 եզրափակիչի զույգեր կկազմեն: Այդ փուլի հանդիպումները կկայանան մարտի 14-15-ին եւ 19-20-ին: Գավաթի եզրափակիչ հանդիպումը տեղի կունենա մայիսի 9-ին: Մայիսի 27-ին Սուպերգավաթը կվիճարկեն ՀՀ չեմպիոն ու գավաթակիր «Փյունիկը» եւ գավաթի եզրափակիչի մասնակից «Բանանցը»:

Բարձրագույն խմբի առաջնությունը կանցկացվի 2 փուլով: Առաջին փուլում 9 թիմերը 2 շրջանով կորոշեն 6 լավագույններին, որոնք «ոսկե միավորներով» կշարունակեն պայքարը մրցանակային տեղերի համար: Իսկ 7-9-րդ տեղերը զբաղեցրած թիմերը վաստակած լրիվ միավորներով կպայքարեն անցումային խաղից խուսափելու համար: Ըստ մրցակարգի, առաջին խմբի 18 թիմերի մրցավեճում լավագույնը ճանաչված թիմը (բայց ոչ դուստր) իրավունք կստանա հաջորդ տարի հանդես գալու ուժեղագույնների խմբում, իսկ 2-րդ տեղը զբաղեցրած ակումբը (կրկին ոչ դուստր թիմը) բարձրագույն խմբի ուղեգրի համար պայքարում ուժերը կչափի այդ խմբում 9-րդ տեղը գրաված թիմի հետ: Այսպիսով, հաջորդ մրցաշրջանում բարձրագույն խմբում հանդես կգա 10 թիմ: Բարձրագույն խմբի առաջնության մեկնարկը կտրվի ապրիլի 12-ին: Մեկնարկային տուրում կմրցեն «Շիրակ»-«Լեռնային Արցախ», «Բանանց»-«Կոտայք», «Կիլիկիա»-«Արարատ», «Փյունիկ»-«Միկա» զույգերը: Առաջնության առաջին փուլը կավարտվի հուլիսի 31-ին: 6 թիմերի մասնակցությամբ 2-րդ փուլը կսկսվի օգոստոսի 28-ին եւ կավարտվի նոյեմբերի 6-ին: 7-9-րդ տեղերի համար պայքարող թիմերն իրենց մրցավեճը կսկսեն սեպտեմբերի 10-ից եւ կավարտեն հոկտեմբերի 15-ին: Փաստորեն, 1-6-րդ տեղերի համար պայքար մղող թիմերն ընդհանուր առմամբ կանցկացնեն 26-ական հանդիպում, իսկ 7-9-րդ տեղերը վիճարկող ակումբներըՙ 20-ական խաղ: Առաջին խմբի առաջնությունը կանցկացվի 2 շրջանով: Յուրաքանչյուր թիմ կանցկացնի 34-ական խաղ:

Ֆուտբոլիստների հայտավորման ժամկետ է նշանակվել փետրվարի 20-ից ապրիլի 5-ը: Վերահայտավորումը թույլատրվում է միայն օգոստոսինՙ երկու փուլերի միջեւ հայտարարված ընդմիջման ժամանակ: Դա չի վերաբերում լեգեոներներին եւ բանակից զորացրվածներին: Վերջիններիս համար 15-օրյա ժամկետ է սահմանվել:

Դուստր թիմից բարձրագույն խմբի թիմում թույլատրվում է հանդես գալ անսահմանափակ թվով ֆուտբոլիստների, իսկ բարձրագույն խմբից դուստր թիմումՙ յուրաքանչյուր խաղում 2-ից ոչ ավելի: Թիմերն առաջնության մուտքավճարը պետք է վճարեն մինչեւ փետրվարի 10-ը: Հակառակ դեպքում ստիպված կլինեն 500 հազար դրամ տուգանք վճարել: Գործկոմի անդամների քվեարկությամբ հաստատվեց նաեւ, որ դեղին եւ կարմիր քարտեր ստանալու դեպքում ֆուտբոլիստը որակազրկվում է այն խմբի առաջնության հանդիպումներում, որ խմբում հայտավորված է:

Գործկոմը քննարկեց նաեւ «Կոտայք» ակումբի դիմումը: Ելնելով այն հանգամանքից, որ թիմի հովանավորչությունն անցյալ տարվա վերջերից ստանձնել է Իրանի «Էստեղլալ» ֆուտբոլային ակումբը, առաջարկվել է թիմի անունը վերանվանել «Էստեղլալ-Կոտայք»: Գործկոմը հաստատեց անվանափոխությունը:

Գործկոմի նիստից հետո լրագրողները հանդիպեցին ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին: Վերջինս անդրադառնալով Մոսկվայում «Փյունիկի» ելույթներին, նշեց, որ իր համար եւս ցավալի էր «Նեւթչիից» կրած պարտությունը, սակայն չպետք է դա քաղաքականացնել: Նախագահի կարծիքով, «Փյունիկն» իրեն լավ է դրսեւորել, ինչի մասին են վկայում թիմի մի խումբ ֆուտբոլիստների ստացած հրավերները ռուսաստանյան թիմերից: Ռուբեն Հայրապետյանը ցավով նկատեց, որ Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը ոչ մի աջակցություն ցույց չի տվել թիմին: Հայաստանի դեսպանի հետ կապվելու եւ ՀՀ դրոշներ խնդրելու իր բոլոր փորձերն ապարդյուն են անցել: Դեսպանը տեղում չէր, իսկ դեսպանատան աշխատողներն ընդհանրապես տեղյակ չէին մրցաշարից: Ֆեդերացիայի նախագահն էլ վկայեց, որ խաղն անցել է լարված մթնոլորտում եւ իր միակ մտահոգությունը հնարավոր բախումներից խուսափելն էր, որի համար էլ ինքը ողջ հանդիպումն անցկացրել է թիմի պահեստայինների նստարանին: Նա միաժամանակ նշեց, որ «Նեւթչին» բավական ուժեղ թիմի տպավորություն թողեց, որը գրագետ ֆուտբոլ է ցուցադրում: Թիմում մեծ թիվ են կազմում լեգեոներները:

Նա անդրադարձավ նաեւ ՖԻՖԱ-ի նախագահի, Միշել Պլատինիի հետ հանդիպումների ընթացքին, որոնց ժամանակ քննարկվել է «Գոլ» ծրագրի շրջանակներում մեր մարզադպրոցների մարզիչների համար օտարերկրացի մասնագետների կողմից դասընթացների անցկացման հարցը: ՀՖՖ նախագահը նաեւ տեղեկացրեց, որ Վարդան Մինասյանի փոխարեն ՀՀ երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Սամվել Պետրոսյանը, որը նաեւ շարունակելու է աշխատանքը մինչեւ 19 տարեկան պատանեկան հավաքականի հետ: Ինչ վերաբերում է ՀՀ ազգային հավաքականի համար ընկերական խաղերի կազմակերպման ցավոտ հարցին, ապա բանակցություններ են վարվում Մեքսիկայի եւ Սաուդյան Արաբիայի հավաքականների հետ: Աշնանը մեր մինչեւ 17 տարեկանների պատանեկան հավաքականը, որի գլխավոր մարզիչ է նշանակվել Աշոտ Բարսեղյանը, Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում ուժերը չափել է Ադրբեջանի ընտրանու հետ: Ըստ ֆեդերացիայի նախագահի, թեեւ 1989 թ. ծնված պատանիների պակաս ունենք, սակայն ամեն դեպքում հավաքականի առաջ հաղթելու եւ հաջորդ փուլ մտնելու խնդիր է դրվելու:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4