«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#13, 2005-01-27 | #14, 2005-01-28 | #15, 2005-01-29


ՈՐՔԱՆՈ՞Վ Է ՀԱՎԱՆԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐՍԿՍՈՒՄԸ 2005 Թ.

«Մարտերում Բասաեւը եւ Ռադուեւը մեզ տվել են անգնահատելի օգնություն»

Բաքվի «Զերկալո» թերթն Ադրբեջանում հայտնի քաղաքական եւ ռազմական գործիչներից, փորձագետներից փորձել է պարզել, թե ինչքանով է հավանական Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական գործողությունների վերսկսումը 2005 թ.:

Պաշտպանության նախարարության մամլո խոսնակ Ռամիզ Մելիքովն ասել է. «Ադրբեջանական հասարակությանը հայտնի է, թե ինչի է ունակ հայկական բանակը: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայկական զինուժի անգամ մանր դետալներին է տեղյակ: Եթե հայերը չհրաժարվեն մեր տարածքների նկատմամբ հավակնություններից, ապա ռազմի դաշտը ցույց կտա, թե ում բանակն է ավելի ուժեղ»:

Քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն նկատել է, որ ադրբեջանական բանակում կան ոչ սակավ չլուծված խնդիրներ: «Իմ կարծիքով, այսօր ռազմական գործողությունների վերսկսման հեռանկարը մեծ չէ: Սակայն պետք է հաշվի առնել, որ Իլհամ Ալիեւն այն մարդը չէ, որը գործում է մեկ որոշակի կոնցեպցիայի շրջանակներում: Այդ առումով կարելի է ամեն ինչ սպասել, այդ թվումՙ ռազմական գործողությունների», ասել է Ալիզադեն:

Նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուգարովը նկատել է. «Եթե բանակցություններն արդյունքներ չտան եւ պարզվի, որ հայերն այս կամ այն ձեւերով ժամանակ են շահում, տարածաշրջանում լարվածության աճը, ռազմական գործողությունների սկիզբը կդառնան անխուսափելի»:

Ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովը կարծիք է հայտնել, որ Ադրբեջանը կարող է Հայաստանի նկատմամբ առավելության հասնել, եթե սկսվեն ռազմական գործողությունները: Մյուս կողմից, նշել է Ջաֆարովը, ադրբեջանցի դիվանագետները նախ պետք է փորձեն հասնել Ռուսաստանի չեզոքությանը, որից հետո միայն «մենք հանգիստ կարող ենք ազատել զավթած հողերը»:

2005 թ., ինչպես նախկին բոլոր 15 տարիները, Ադրբեջանում հռչակվել է Ղարաբաղի տարի, այսինքնՙ ադրբեջանական բառապաշարովՙ Ղարաբաղը նվաճելու տարի: Իլհամ Ալիեւը տարեմուտի իր ելույթում հերթական անգամ հայտարարեց, որ հարկ եղած դեպքում պատրաստ է խնդիրը լուծել ռազմական ճանապարհով:

Նկատենք, որ Ադրբեջանը 2005 թ. բյուջեով ռազմական ծախսերի համար տրամադրել է 250 մլն դոլար, այսինքնՙ 2,5 անգամ ավելի, քան Հայաստանի ռազմական ծախսերն են: «Ապագայում մենք շարունակելու ենք ավելացնել ռազմական ծախսերն այնքան ժամանակ, քանի դեռ մեր հողերը զավթված են: Դրանք ավելանալու են 50, 100, 200 տոկոսով», ասել է Ալիեւը:

Անկախ փորձագետները կարծում են, որ Իլհամ Ալիեւի ռազմատենչ հայտարարությունները եւ Ղարաբաղի խնդիրը պատերազմով կարգավորելու սպառնալիքները բացառապես ներքին սպառման համար են: Այսպես, աֆղանական եւ ղարաբաղյան պատերազմների վետերան Ազեր Ռուստամովը «Օբոզրեւատել» ռուսատառ թերթի հունվարի 14-ի համարում նկատում է, որ իր նման շատ-շատերն այլեւս չեն մեկնի պատերազմելու եւ «կնախընտրեն առեւտուր անել շուկայում»: Նա հիշեցրել է, որ պատերազմի մասնակիցներն այսօր չափազանց ծանր սոցիալական վիճակում են, անուշադրության են մատնված, պետությունից օգտվում են նրանք, ովքեր զենք չեն վերցրել:

Ռուստամովը, որը եղել է Աղդամի շրջանի տանկային վաշտի հրամանատարը, հիշում է, որ 1992 թ. հունիսին արդեն մոտենում էին Ստեփանակերտին: «Մեր դեմ հայերը դուրս բերեցին իրենց բոլոր պահեստային ուժերը: Այդ պայմաններում, առանց դրսի օգնության, մենք այլեւս չէինք կարող առաջ շարժվել եւ միայն հետ էինք մղում հակառակորդի գրոհները: Այդ մարտերում մեզ անգնահատելի օգնություն ցույց տվեցին Շամիլ Բասաեւի եւ Սալման Ռադուեւի գլխավորած մոտ 100 չեչեն կամավորները: Բայց նրանք էլ մեծ կորուստների պատճառով ստիպված էին թողնել մարտի դաշտը եւ հեռանալ», ասել է նա:

«1992 թ. ամռանը մենք ունակ էինք հակամարտությանը վերջակետ դնելու, ուժով վերադարձնելու զավթված տարածքները: Բայց իշխանությունները մեզ դա թույլ չտվեցին: Բացի այդ, ես տեսել եմ ինչպես են իշխանություններն ավազակներից հերոսներ պատրաստում: Օրինակ, Էլդար եւ Ալահվերդի Բաղիրով եղբայրներն իմ աչքի առաջ դիակապտում եւ ավարառություն էին անում լքված հայկական գյուղերում: Հետագայում Ալահվերդին զոհվեց ականի պայթյունից: Դրա համար նա դարձավ ազգային հերոս», նշել է Ռուստամովը:

Թ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4