Հայաստանն օրերս առաջին կրակոցն արձակեց Հայոց ցեղասպանության 90-ամյակի առթիվ նախատեսված հիշատակի ծրագրերի շրջանակներում: Արտգործնախարար Վարդան Օսկանյանը ելույթ ունեցավ հունվարի 24-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 28-րդ հատուկ նստաշրջանում, որը հրավիրված էր նշելու նացիստական համակենտրոնացման ճամբարների ազատագրման 60-ամյակը: Պարոն Օսկանյանի ելույթը ուղիղ եթերով հեռարձակվել է Իսրայելում: Ներկայացնում եմ որոշ հատվածներ, որոնք բարձրագույն ամբիոնից արտասանվեցին հանպատրաստից, վշտաբեկ սրտով ու խորագույն կրքով:
«Հայաստանի ժողովրդի ու կառավարության անունից եւ որպես ցեղասպանություն վերապրածների հետնորդ, ես իմ պարտքն եմ համարում այսօր գտնվել այստեղ, միանալ վերապրածներին, ինչպես նաեւ զոհերի ու հրահրողների հետնորդներին, մասնակցել հիշատակի այս միջոցառմանը: ... 15 ցեղասպանություններ տեսած 20-րդ դարում միայն զոհերի համար այդ չարաբաստիկ վայրերն իրենց անուններն ունեն: Ֆրանսիացիների կոչած «Հիշողության չարաբաստիկ վայրերն» ամենուր են, սարսափի, ջարդերի, կոտորածների ու անխնա սպանությունների վայրեր այն մարդկանց համար, որոնք պատկանում են որեւէ հատվածի, որեւէ դասի, որեւէ ազգային խմբի, ռասայի կամ կրոնի: Հայերի համար դա Դեր-Զորի անապատն էր, կամբոջացիների համարՙ սպանդների հովիտները, 21-րդ դարի երեխաների համարՙ Դարֆուրը: Հրեաների ու լեհերի եւ մեր մի ողջ սերնդի համար, որ մեծացավ պատերազմից հետո, Աուշվիցը (Օսվենցիմ):
Աուշվիցից հետո կարելի էր ակնկալել, որ որեւէ մեկն այլեւս կույր ու խուլ չի լինի: Որպես հայ ես գիտեմ, որ չտեսնող աչքը, չլսող ականջն ու համր լեզուն հավերժացնում են վերքերը: ... Զոհերին ճանաչելն ու ընդունելը նշանակում է նաեւ ընդունել, որ կան ոճրագործներ: Բայց սա ամենեւին նույնը չէ, ինչ նրանց անունը հնչեցնելը, ամոթանք տալը, կանխելն ու զգուշացնելը, մեկուսացնելն ու պատժելը:
Ծագումով իսպանացի ամերիկացի փիլիսոփա Ջորջ Սանտայանան հորդորում էր մեզ հիշել անցյալը կամ դատապարտված լինել այն կրկնելու: Այս հորդորն անձամբ ինձ համար մեծ նշանակություն ունի, քանի որ իմ ժողովրդի բնաջնջումը, որի ճակատագիրը որոշ չափով իր անդրադարձն ունեցավ Եվրոպայի հրեաների ճակատագրի վրա, պետք է ավելի ընդգրկուն կերպով դիտվեր, ընկալվեր որպես ապագա իրադարձությունների զգուշացում:
Հիտլերը մեկընդմիշտ միմյանց է կապել հրեաներին ու հայերին: Հիտլերի ցինիկ հիշատակումը հայերի մասին ըստ պատշաճի ներկայացված է Վաշինգտոնի Հոլոքոսթի թանգարանում, քանի որ դա ցեղասպանության կանխարգելման ու հիշատակի հարցում երրորդ կողմի ունեցած վճռական դերի ճշգրիտ մեկնաբանությունն է: Երրորդ կողմն է, որ դառնում է ցեղասպանության կանխարգելման, մարդասիրական օգնության ու ցեղասպանության հիշատակի հարցում վճռական դերակատար»:
Պարոն Օսկանյանի ելույթը հատկանշական է հետեւյալ պատճառներով.
ա) Ելույթն ինքըՙ արտաքին գործերի նախարարն արտասանեց եւ ոչ թե ՄԱԿ-ում Հայաստանի դեսպանը:
բ) Ելույթը մեկ անգամ եւս բացահայտեց թուրքերի հերյուրանքները, թե Հայաստանում հայերը ցեղասպանության հարցով չեն հետաքրքրվում: Մի քանի տարի առաջ նախագահ Քոչարյանը ցեղասպանության մասին խոսեց ՄԱԿ-ի ամբիոնից: Ավելին, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության նպատակներից մեկն է:
գ) Ելույթը թուրք առաջնորդներին հասկացնում է, որ հայերն ամեն հնարավոր առիթ օգտագործելու են այդ հարցը օրակարգում պահելու համար, մինչեւ թուրքերը բացահայտորեն ընդունեն, որ «ընտանեկան գաղտնիք» ունեն, որից պետք է ազատվենՙ խոստովանելով:
դ) Խոսելով ՄԱԿ-ի լայն լսարանի առաջ, Հայոց ցեղասպանության հարցը հանձնվեց ամբողջ աշխարհի ուշադրությանը:
Ինչպես անցյալ դեկտեմբերին գրել էի, ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների դեսպանը խնդրել էր, որ Գլխավոր ասամբլեան հատուկ նիստ հրավիրիՙ նշելու նացիստական համակենտրոնացման ճամբարների ազատագրման 60-ամյակը: Քանի որ Մ. Նահանգների կառավարությունը նույնանման խնդրանքով չէր դիմի ՄԱԿ-ինՙ նշելու Հայոց ցեղասպանության 90-ամյակը, գովելի է, որ արտգործնախարար Վարդան Օսկանյանն անձամբ ներկայացավ հրավիրված հատուկ նիստին, ելույթ ունենալու հրեական Հոլոքոսթի եւ Հայոց ցեղասպանության տարելիցների առթիվ:
Հետաքրքրական է, որ անցյալ շաբաթվա ընթացքում, երբ մամուլի ասուլիսի ժամանակ գլխավոր քարտուղար Կոֆի Անանին հարցնում են, թե արդյոք Հոլոքոսթի առթիվ հատուկ նիստ հրավիրելը «դուռ չի՞ բացի այլ, ասենք, հայկական կողմիՙ նույն վերաբերմունքին արժանանալու խնդրանքին», նա պատասխանել է. «Հնարավոր է, որ հետագայում անդամ երկրներից որեւէ մեկը ցանկանա նշել այլ իրադարձություններ», բաց թողնելով նման հնարավորությունների «դուռը»:
Հետաքրքրական է նաեւ համեմատել Գերմանիայի եւ Թուրքիայի ներկայացուցիչների դիրքորոշումները: Մինչ Գերմանիայի արտգործնախարարը խստորեն դատապարտեց նացիստական վարչակարգի վայրագությունները, Թուրքիայի դեսպանն անամոթաբար ստեց իր երկրի խորապես թերի մարդու իրավունքների մասին, ասելով, որ Թուրքիան միշտ էլ հանդուրժողական երկիր է եղել, որը պայքարել է ատելության եւ նախապաշարումների դեմ: Մինչ գերմանացիները ներողություն են խնդրում եւ փոխհատուցումներ կատարում, թուրքերը շարունակում են պաշտպանել իրենց ցեղասպան նախորդներին:
Վերջերս թուրք մեկնաբանները վախ էին արտահայտում, թե «հայկական մի ցունամի» է մոտենում Թուրքիային Հայոց ցեղասպանության 90-ամյակի առթիվ: Հակառակ այս զգուշացումներին, «հայկական ցունամիի» այս առաջին հարվածից անակնկալի էր եկել Թուրքիայի դեսպանը, որն անպատրաստ էր պատասխանելու Օսկանյանի ելույթին: Նա պարզապես կարդաց իր նախօրոք պատրաստած զեկույցը, որը ոչ մի ձեւով չէր անդրադառնում Օսկանյանի արտահայտություններին:
Քանի դեռ ժխտում են 20-րդ դարի առաջին ցեղասպանության փաստը, թուրքերը պետք է պատրաստ լինեն նման «վատ եղանակի» այս տարվա հաջորդ 11 ամիսներին եւս:
ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ, «Կալիֆոռնիա կուրիեր»