Վերջին շրջանում անճիշտ որոշ տեղեկություններ են շրջանառվել սփյուռքահայ թերթերում, այդ թվում նաեւ Բեյրութում լույս տեսնող «Ազդակ» օրաթերթում: Այդ մասին է ստորեւ լույս տեսնող լուսաբանությունը, որն ուղարկվել է նաեւ մեր պաշտոնակից «Ազդակ» օրաթերթի խմբագրությանըՙ հրատարակության խնդրանքով:
Հարգելի խմբագրություն, Ձեր թերթում վերջերս տպագրված «Անդրշիրիմյան տարակարծություններ» հոդվածի կապակցությամբ հայտնում ենք, որ այն գրված է Արշիլ Գորկուն վերաբերող կարծիքներն ամփոփելու դրական մղումով, սակայն, ցավոք, պարունակում է մի շարք չստուգված փաստեր ու պնդումներ, որոնք կարող են շփոթության մատնել անտեղյակ ընթերցողին:
Կուզեինք նշել միայն մեկ փաստ: Մայր աթոռ Սբ. Էջմիածինը որեւէ առնչություն չունի Գորկու աճյունը Հայաստան տեղափոխելու խնդրո հետ եւ իր կողմից այդ մասին չի եղել որեւէ գրավոր կամ բանավոր առաջարկ:
Մայր աթոռն ու անձամբ Վեհափառ հայրապետը սոսկ նախանձախնդիր են իրագործելու Գորկու եւ նրա քրոջՙ տիկին Վարդուհու ցանկությունը: Նվիրաբերելով Արշիլ Գորկու եւ Ռուբեն Նաքյանի իրեն պատկանող բոլոր գործերն Ամերիկայի հայոց առաջնորդարանին, տիկին Վարդուհին վկայակոչելով Արշիլ Գորկու ցանկությունն իր կտակում նշել է. «Իմ հույսն է, որ Ամերիկայի հայոց առաջնորդարանը Գորկու եւ Նաքյանի գործերն ստանալուց հետո ողջամիտ ժամանակում կուղարկի դրանք ցուցադրելու Էջմիածնում, եւ որ Էջմիածինն ի վերջո կհանդիսանա նշված գործերի մշտական հանգրվանը»:
Մեկնելով կտակի այս կետից, Ամենայն հայոց հայրապետը վեհարանին հարեւանող Խրիմյան Հայրիկի կառուցած թանգարանային շենքը հիմնովին վերանորոգության է ենթարկել, եւ ահա ստեղծվել է միջազգային չափանիշներին համապատասխանող սքանչելի մի պատկերասրահ, ուր մշտապես ցուցադրվելու են նվիրաբերված ստեղծագործությունները:
Մեզանից ո՞վ չի համակվելու ուրախությամբ եւ երախտագիտությամբՙ իրականացած տեսնելով հայրենաբաղձ արվեստագետի ու նրա հեռատես, ազնվասիրտ քրոջ երազանքը:
ՇԱՀԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ, Ամենայն հայոց կաթողիկոսի մշակութային խորհրդական