«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#13, 2005-01-27 | #14, 2005-01-28 | #15, 2005-01-29


«ՊԱՐՏՎԵՑԻՆՔ ԽԱՂԱԴԱՇՏՈՒՄ, ՍԱԿԱՅՆ ՀԱՂԹԵԼ ԵՆՔ ՌԱԶՄԻ ԴԱՇՏՈՒՄ»

Հարցազրույց «Փյունիկի» ավագ Սարգիս Հովսեփյանի հետ

Հայաստանի ազգային հավաքականի եւ «Փյունիկի» փորձառու պաշտպան Սարգիս Հովսեփյանն անցյալ մրցաշրջանի ավարտից հետո մտադրվել էր հրաժեշտ տալ ֆուտբոլին: Սակայն նա «Փյունիկի» կազմում մասնակցեց Մոսկվայում անցկացված «Համագործակցության գավաթի» խաղարկությանը: Նրա հետագա ծրագրերի մասին հարցով էլ սկսվեց հարցազրույցը «Փյունիկի» ավագի հետ:

- Սարգիս, դու հայտարարել էիր, որ եթե արտերկրի որեւէ թիմից հրավեր չստանաս, կավարտես ելույթներդ:

- Իրոք, նման մտադրություն ունեի: Սակայն խորհրդակցելով թիմի ղեկավարության, տղաների հետ, համոզվեցի, որ դեռեւս հարկավոր եմ հայկական ֆուտբոլին, վերջնական խոսքս չեմ ասել: Ուստի «Փյունիկի» հետ նախապատրաստվում եմ նոր մրցաշրջանին: Եթե զգամ, որ իմ կարիքն այլեւս չկա, բարձր մակարդակի խաղ չեմ կարողանում ցուցադրել, ինքս կհեռանամ:

- Մոսկովյան մրցաշարի ժամանակ ֆուտբոլային գործակալների կողմից քեզ առաջարկներ չեղա՞ն:

- Ինձ հետ ցանկանում էր բանակցել ՌԴ պրեմիեր-լիգայի թիմերից մեկի ադմինիստրատորը, սակայն ասացի, որ եթե ինձանով հետաքրքրվում են, ապա թող գլխավոր մարզիչը բանակցի հետս:

- Դու առաջին անգամը չէ, որ մասնակցեցիր «Համագործակցության գավաթի» մրցաշարին: Ինչպիսի՞ն են տպավորություններդ:

- Խաղացանկի եւ մրցավարության առումով մրցաշարը վատ էր կազմակերպված: Պարապմունքների համար էլ դահլիճ չէին տրամադրել, յուրաքանչյուր թիմ ինքը պիտի հոգար մարզումների համար մարզադահլիճ գտնելու հարցը: Բոլոր մասնակիցներին տեղավորել էին «Կոսմոս» հյուրանոցում, որտեղ պայմանները նորմալ էին: Սակայն կրկին հաշվի չէին առել մեր եւ ադրբեջանցիների միջեւ սրված հարաբերությունները: Միեւնույն ռեստորանում էինք ճաշում, միմյանց հանդիպում հյուրանոցի նախասրահում: Իսկ եթե որեւէ ընդհարո՞ւմ տեղի ունենար: «Նեւթչիի» հետ խաղում էլ մարզադահլիճում ընդամենը չորս ոստիկան էր հետեւում կարգուկանոնին: Եթե հանկարծ երկրպագուների միջեւ ընդհարում տեղի ունենար, ո՞վ պետք է բաժաներ նրանց: Մի խոսքովՙ թերությունները շատ էին:

- Մրցակցի միտումնավոր կոպտության պատճառով դու առայժմ չես կարողանում մարզվել: Ի՞նչ էր տեղի ունեցել:

- Երկու երկրների միջեւ լարված հարաբերությունները չէին կարող չանդրադառնալ ֆուտբոլիստներիս վրա: Մթնոլորտն իրոք շիկացած էր: Հաղթանակի արժեքը շատ մեծ էր, իսկ պարտության դեպքում սկսվելու էին տարբեր մեղադրանքները ֆուտբոլիստների հասցեին: Դա մենք լավ էինք գիտակցում, թեեւ հոգնած էինք, մեր ողջ ուժերը ներդրեցինք հաջողության հասնելու համար: Անկեղծորեն խոստովանում եմ, որ եթե այլ թիմի հետ խաղայինք, հնարավոր է խոշոր հաշվով պարտվեինք, քանի որ չէինք հասցրել վերականգնվել նախորդ օրը «Սկոնտոյի» հետ անցկացրած ծանր մրցախաղից հետո: Հենց խաղասկզբից զգացվեց, որ ադրբեջանցիներն ագրեսիվ են տրամադրված, միտումնավոր հարվածում էին մեզ, իսկ մրցավարը չէր ուզում նկատել: Ես որպես թիմի ավագ, մրցակցի ավագին խաղի ժամանակ ասել էի, որ զսպի իր խաղընկերներին, կոպտություն չդրսեւորեն մեր հանդեպ: Խաղի ընթացքում «Նեւթչիի» ֆուտբոլիստներից մեկն արմունկով հարվածեց, որի հետեւանքով մի քանի օր հազիվ էի կարողանում շնչել: Իսկ խաղի ավարտից հետո «Նեւթչիի» ավագը հրեց ինձ եւ անմիջապես թիմերի խաղացողների միջեւ հրմշտոց սկսվեց, որը շարունակվեց նաեւ հյուրանոցում: Լավ է, որ լուրջ կռվի չվերածվեց: Ինչ արած, միմյանց չենք սիրում: Մենք, իհարկե, լի ենք ռեւանշի հասնելու վճռականությամբ: Սակայն երեւի ավելի ճիշտ կլինի, որ հետագայում միմյանց հետ չհանդիպենք, քանի որ ընդհարումն անխուսափելի է: Մենք պարտվեցինք խաղադաշտում, սակայն ամենագլխավորըՙ հաղթել ենք ռազմի դաշտում:

- Մարտին մեր ազգային հավաքականը վերսկսելու է ելույթներն աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում, սակայն առայժմ անգործության է մատնված: Այս իրավիճակը չի՞ անհանգստացնում քեզ:

- Իմ կարծիքով, նախապատրաստական այս փուլում սխալ կլիներ հավաքականի հավաք անցկացնելը, քանի որ ֆուտբոլիստները մարզվում են իրենց ակումբներումՙ ձգտելով ամրապնդվել թիմի կազմում: Օրինակ, անցյալ տարի տրանսֆերային ժամանակահատվածում առանց «Մոսկվայի» մարզիչների թույլտվության մեկնեցի Կիպրոսՙ մասնակցելու ՀՀ հավաքականի հանդիպումներին, որի պատճառով զրկվեցի թիմում իմ տեղից: Իսկ ընկերական հանդիպումներ կարելի է անցկացնել դրանց համար ՖԻՖԱ-ի հատկացրած հատուկ օրերին: Նման խաղերին նախապատրաստվելու համար կարելի է 2-3 օրով հավաք անցկացնել: Կարծում եմ, հավաքականն ընտրական մրցախաղերից առաջ ընկերական հանդիպումներում ուժերը փորձարկելու հնարավորություն կունենա:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4