Թենիսի Ավստրալիայի բաց առաջնությունում հայտնի դարձան առաջին չեմպիոնները: Գլխավոր մրցանակը խաղարկեցին կանանց զուգախաղի մասնակիցները: Վճռորոշ խաղում ուժերը չափեցին Սվետլանա Կուզնեցովա-Ալիսիա Մոլիկ եւ Լինդսեյ Դեւենպորտ-Կորինա Մորարիա զույգերը: Սվետլանա Կուզնեցովան 2-րդ տարին անընդմեջ զուգախաղում իրավունք ստացավ վիճարկելու գլխավոր մրցանակը: Անցյալ տարի Ելենա Լիխովցեւայի հետ Կուզնեցովան չկարողացավ հաղթել, իսկ ահա այս անգամ ընկերակցելով ավստրալացի Մոլիկին, հասավ հաջողության: Այս զույգի հաջողությունն իրոք օրինաչափ էր, քանի որ նախորդ հանդիպումներում միայն 1/8 եզրափակիչում մեկ խաղափուլ էին զիջել մրցակիցներին: Վճռորոշ մրցախաղում էլ ռուս-ավստրալական զույգն առանձնակի դժվարություններ չունեցավ եւ վստահ հաղթանակ տոնեց: Նշենք, որ Լինդսեյ Դեւենպորտն այսօր կանանց մենախաղի եզրափակիչում Ավստրալիայի չեմպիոնուհու կոչումն է վիճարկելու Սերենա Ուիլյամսի հետ:
Հայտնի դարձավ նաեւ տղամարդկանց մենախաղի եզրափակիչում ռուսաստանցի Մարատ Սաֆինի մրցակիցը: Ավստրալացի Լլեյթոն Հյուիթը, որ նախորդ փուլում պայքարից դուրս էր մղել Դավիթ Նալբանդյանին, հաղթեց նաեւ մրցաշարի թիվ 2 ռակետ, ամերիկացի Էնդի Ռոդիկին: Առաջին խաղափուլում առավելության հասավ Ռոդիկը (6-3): Հաջորդ երկու խաղափուլերում Հյուիթը թայ-բրեյքում հաղթեց միեւնույն 7-6 հաշվով, իսկ չորրորդ խաղափուլում նրա առավելությունը մրցակցի նկատմամբ արդեն ակնհայտ էր (6-1):
Սաֆին-Հյուիթ մրցախաղը կկայանա կիրակի օրը: Նրանց անձնական հանդիպումներում առայժմ հավասարակշռություն է: Մրցակիցներից յուրաքանչյուրը 5-ական հաղթանակ է տոնել: Վերջին անգամ մրցակիցները հանդիպել են 2004 թ. Փարիզում, որտեղ 1/4 եզրափակիչում հաղթել է Սաֆինը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ