«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#13, 2005-01-27 | #14, 2005-01-28 | #15, 2005-01-29


ՓԱԿՎԱԾ ԿԱՄ ԿԱՍԵՑՎԱԾ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԵՐԸ ՀԱՆԳՍՏՅԱՆ ՕՐԵՐԻՆ «ՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՆՈՒՄ ԵՆ»

Անցյալ տարեվերջին Կենտրոնական բանկի ստուգումների արդյունքում Տիգրան Մեծի եւ Կասյան փողոցներում գործող 41 փոխանակման կետերի նկատմամբ կիրառվեցին տարբեր պատասխանատվության միջոցներ: Դրանցից 22-ը արժութային օրենսդրության կոպիտ խախտումների համար փակվեցին, 5-ի գործունեությունը կասեցվեց վեց ամիս ժամկետով, 2-ը տուգանվեցին, իսկ մնացած 12-ի նկատմամբ պետք է կիրառվեին այլ պատժամիջոցներ: Վերջին երկու-երեք շաբաթներին մասնավորապես Տիգրան Մեծի պողոտայում ավելի քան երկու տասնյակ փոխանակման կետերից 4-5-ն էին շարունակում իրենց գործունեությունը:

Սակայն պարզվում է, որ այդ պատժամիջոցները գործում են միայն աշխատանքային օրերին, իսկ տոնական եւ շաբաթ-կիրակի օրերին փակված կամ կասեցված փոխանակման կետերը վերստին վերադառնում են իրենց սովորական բիզնեսին: Կոնկրետ երեկ, հայոց բանակի օրը, Տիգրան Մեծի պողոտայում վերոնշյալ 4-5-ի փոխարեն աշխուժորեն գործում էին 15-16 փոխանակման կետեր: Աշխատանքային օրերին չգործողների մի մասն ընտրել էր գործելու կիսապարտիզանական տարբերակՙ փոխանակման արժեքների ցուցանակները տեղադրելով «չենջի» ներսում, իսկ մյուսներն ավելի անկաշկանդ էին եւ ցուցանակները տեղադրված էին այնպես, ինչպես մեկ ամիս առաջ:

Ներկայացնելով երեկվա իրավիճակը Տիգրան Մեծի պողոտայում, Կենտրոնական բանկի եւ հարկային ծառայության ուշադրությունն ենք հրավիրում այս արտառոց փաստի վրա, երբ պատժամիջոցները գործում են միայն աշխատանքային օրերին, իսկ ոչ աշխատանքային օրերին դրանք հեշտորեն շրջանցվում են:

Նման պարագայում ընդհանրապես անիմաստ է դառնում պատժամիջոցների կիրառումը ստվերային տնտեսությանն աջակցած փոխանակման կետերի նկատմամբ, քանի որ օգտվելով ոչ աշխատանքային օրվա ընձեռած հնարավորություններից, ստվերային գործող սուբյեկտների համար արտարժույթի փոխանակման ծառայությունը յուրաքանչյուր օր կատարելու փոխարեն կկատարվեն շաբաթ եւ կիրակի օրերին: Չմոռանանք, որ յուրաքանչյուր օր այդ փոխանակման կետերում առնվազն մի քանի հազար դոլար մնացորդ էր լինում:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4