«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#13, 2005-01-27 | #14, 2005-01-28 | #15, 2005-01-29


ԱՐՄԵՆ ԷԼԲԱԿՅԱՆՆ ԷԼ...

Այն, որ տարբեր աղանդավորական շարժումները Հայաստանում քայքայիչ գործունեություն են ծավալում, բոլորս էլ գիտենք: Սակայն, ընթերցելով «Ազգի» սույն թվականի 6-րդ եւ 8-րդ համարները, ինչպես նաեւ դիտելով «Կենտրոն» հեռուստաընկերության հունվարի 26-ի «Ուրվագիծ» հաղորդումը, ցավով տեղեկացանք, որ այնպիսի մարդ, ինչպիսին Արմեն Էլբակյանն է, որը նաեւ ներառված է Ֆորշի «Հենց այսպես էլ ապրում ենք» հանրահայտ երգում որպես քաղաքի լավագույն տղերքից մեկը, չունի այնքան ազգային գիտակցություն, որպեսզի հասկանա, որ Ռընե Լեւոնյանի ավետարանական կազմակերպությունը կամ եկեղեցին, եթե աղանդ էլ չէ, ապա իր էությամբ ու բովանդակությամբ, Հայաստանում իր գոյության փաստով իսկ ապազգային, ապահայկական է թեկուզ այն բանի համար, որ պառակտում է մեր ժողովրդին: Անընդունելի համարելով հիմքից զուրկ ամենատարբեր մեղադրանքները, որ հոդվածագիրը ներկայացրել էր «Ազգ»-ի 6-րդ համարումՙ վստահ ենք, որ Էլբակյանների հեղինակությունը շատ ավելին է, որ տուժի նման հրապարակումներից, բայց եւ այնպես սրտի կսկիծով ենք մոտենում մտավորականի ապազգային կողմնորոշմանը:

Ուզում ենք փոքրիկ լուսաբանում տալ առ այն, որ ավետարանականները, հիմնելով իրենց սեփական եկեղեցին եւ իրենց պառակտիչ նպատակների համար ահռելի ֆինանսական միջոցներ ի սպաս դնելով, Հայ առաքելական եկեղեցու հոգեւոր դաշտում անամոթաբար ապօրինի քարոզչությամբ են զբաղվում: Չենք կարող բարեկամական անվանել այն, որ ավետարանականները, օգտվելով իրենց մոր (ինչպես իրենք են անվանում Հայ առաքելական եկեղեցին) ներկայիս տկարությունից, ամեն ինչ անում են նրան էլ ավելի տկարացնելու համար: Սա դավաճանություն է: Վերջապես պիտի հասկանանք, որ այս կամ այն կրոնական կազմակերպության գործունեությունը քննելիս պետք է նաեւ պարզենք, թե որքանով է դրա գործունեությունը հարիր մեր ազգային եւ հոգեւոր շահերին: Այստեղ է, որ ակնհայտ է դառնում այսպես կոչված ավետարանական եկեղեցու ավելորդությունը Հայաստանում: Ավետարանական մի շարք առաջնորդներ դեռ նախանցյալ դարում են գիտակցել ու խոստովանել, որ իրենց գործունեությունը պառակտիչ է, ուստի առաջարկել են ինքնալուծարման ուղին: Զարմանում ենք, թե ինչպես կարելի է զուգահեռներ անցկացնել կին ընտրելու եւ այս կամ այն եկեղեցուն պատկանելու միջեւ, ինչպես դա փորձեցին անել Էլբակյան ամուսինները «Ուրվագիծ» հիշյալ հաղորդման ընթացքում: Վերջիվերջո, եթե, ինչպես Էլբակյաններն են ասում, տարբերություն չկա, թե որ եկեղեցին հաճախել եւ որ իրենք այդքան շատ են սիրում Հայաստանյայց եկեղեցին, ինչո՞ւ են մայր եկեղեցին թողած գնացել ինչ-ինչ «քույր» եկեղեցիների գիրկը:

Հիմք ընդունելով վերոհիշյալըՙ մենք ակնկալում ենք, որ Էլբակյանը եւ մեր երեւելի արվեստագետ ու գիտնական հայրենակիցներն իրենց առաքելությանը հարիր կենցաղավարությամբ ու գործողություններով առավելաբար կառաջնորդվեն հայ ժողովրդի ամբողջականության եւ հատկապես հոգեւոր ամբողջականության ու միասնականության շահերից: Ցավում ենք, որ անկախությունից ի վեր միայն հատուկենտ երեւելիներ իրենց կեցվածքով հրապարակայնորեն հանդես եկան Հայ եկեղեցու կողքին: Մինչդեռ որքան էինք սպասում, որ մեր ժողովրդի այսպես ասած ընտրանին կամ մտավորականությունն իր ձայնը բարձրացներ ու տեր կանգներ մեր հոգեւոր եւ ազգային արժեքներին: Մենք, ցավոք, ցայսօր ականատեսն ենք լինում երկպառակտված մտավորական դասի, որի ներկայացուցիչները հաճախ իրենց նեղ անձնական հոգսերից եւ շահերից վեր չեն բարձրանում: Այս չէ, որ սպասում ենք նրանցից, սա չէ, որ բարձրացնում է նրանց, սրանով չէ, որ երբեւէ պիտի հարգվեն նրանք:

ԱՇՈՏ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Հ. Գ. Անձնապես Էլբակյանի հետ ծանոթ չենք, բայց ունենք շատ հարգված ընդհանուր ծանոթներ: Թող արվեստագետը չնեղանա այս հրապարակումից եւ ընդունի այն որպես հայ ազգի ճակատագրով մտահոգ մի մարդու անկեղծ սրտացավություն:

Խմբ. կողմից.- Հեռուստատեսային վերոհիշյալ հաղորդման ընթացքում կրկին խեղաթյուրվեցին հունվարի 18-ի մեր հրապարակման որոշ տվյալներ եւ, միաժամանակ, հնչեցին սպառնալիքներ: Տարօրինակն այն էր, որ հաղորդումը վարող մեր գործընկերը համաձայն էր դրանց. նա կամ չէր կարդացել մեր հրապարակած նյութերը հարցի վերաբերյալ եւ կամ կարդացածը չէր հասկացել: Ավելի շուտՙ չէր կամեցել հասկանալ: Համենայն դեպս, ողջ հաղորդումը զրույց էր ոչ թե լրագրողի եւ զրուցակիցների, այլ համախոհների միջեւՙ Հայ եկեղեցուն ուղղված անհանդուրժողականության մեղադրանքներով:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4