Հունվարի 28-30-ը Ծաղկաձորում Հայաստանի դատաիրավական համակարգի ներկայացուցիչներիՙ դատավորների, փաստաբանների եւ դատախազների մասնակցությամբ տեղի ունեցավ համաժողով-քննարկումՙ նվիրված սահմանադրական բարեփոխումների փաթեթներին: Միջոցառումը կազմակերպել էր Ամերիկյան իրավաբանների ընկերակցության հայաստանյան գրասենյակը, որն աջակցում էՙ նորաստեղծ ժողովրդավարական պետությունների իրավական համակարգերը եւ օրենսդրությունը վերակազմավորելու ջանքերին:
Ամերիկյան իրավաբանների ընկերակցության իրավաբան Կարեն Անդրեասյանի ներկայացմամբՙ եռօրյա քննարկումների ընթացքում դատաիրավական համակարգի ներկայացուցիչները քննարկել են կոալիցիայի եւ Միացյալ աշխատանքային կուսակցության (ՄԱԿ) ներկայացրած սահմանադրական փոփոխությունների նախագծերը: Քննարկման ընթացքում փաստաբաններն անդրադարձել են մարդու իրավունքներին, դատական համակարգի խնդիրներին, դատախազներն անդրադարձել են դատավարությանը վերաբերող նորմերին, իսկ դատավորները հիմնականում զբաղվել են մարդու իրավունքների, Արդարադատության խորհրդի, դատավորների կարգապահական պատասխանատվության խնդիրներով:
Արդյունքում համաժողովի մասնակիցները հանդես եկան ընդհանուր առաջարկություններով.
1. Մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանություն ապահովելու նպատակով վերաշարադրել անձի ազատությանը եւ անձեռնմխելիությանը վերաբերող դրույթները (15,16,19, 20, 22 եւ 23 հոդվածները), դրանք համապատասխանեցնելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի համապատասխան հոդվածներին եւ մարդու իրավունքների վերաբերյալ վավերացված միջազգային այլ փաստաթղթերի նորմերին:
2. Ընդլայնել Արդարադատության խորհրդի կազմի ներկայացուցչականությունը եւ լիազորությունների շրջանակը:
3. Երաշխավորելու համար դատավորների անկախությունը, սահմանել դատավորի լիազորությունների դադարեցման եւ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջազգային սկզբունքներին համապատասխանող նոր ընթացակարգ:
4. Վերանայել դատախազության կազմակերպմանն ու գործունեությանը վերաբերող դրույթները եւ հստակեցնել լիազորությունների շրջանակը:
Համաժողով-քննարկման արդյունքները լրագրողներին ներկայացնելիս Ամերիկյան իրավաբանների ընկերակցության տնօրեն Քերին Քենդրիքն ասաց. «Կարող եմ ասել, որ այս 3 օրում ունեցել ենք բաց եւ ակտիվ քննարկումներ: Ինձ համար պարզ դարձավ, որ Հայաստանի դատավորները, դատախազները եւ փաստաբանները շատ լավ են պատկերացնում Հայաստանի սահմանադրությանը վերաբերող խնդիրները»:
Մամլո ասուլիսի ժամանակ ներկայացված հարցերում առանձնակի կարեւորվեց սահմանադրական դատարանի դերը: «Դատական իշխանությունը մեր երկրում պետք է կայանա, եւ մեր դատավորները պետք է ավելի անկախ դառնան», նշեց Էրեբունի-Նուբարաշեն համայնքի առաջին ատյանի դատարանի դատավոր Արա Կուբանյանը:
Հետաքրքրական էին Արդարադատության խորհրդի կազմավորման մասին առաջարկները: Պրն Կուբանյանի խոսքերով, Արդարադատության խորհրդի նախագահը պետք է լինի ոչ թե հանրապետության, այլ վճռաբեկ դատարանի նախագահը: Ըստ նրա, Արդարադատության խորհրդի կազմում պետք է գերակշռեն դատավորները, որպեսզի ապահովվի դատական իշխանության անկախությունը:
Փաստաբան Հայկ Ալումյանը նշեց, որ փաթեթում նախատեսվում է սահմանադրական դատարան դիմողների քանակի ավելացում, որը սակայն, գլխավոր դատախազի օգնական Գառնիկ Սաֆարյանի կարծիքով, չպետք է դիտել ներպետական միջոցների սպառում:
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ