Երեւանի խորհրդի երեկ կայացած նիստում որոշում է ընդունվել պետական սեփականության հողերի վարձակալական վճարների մուտքերը տեղափոխել համայնքային բյուջեներ: Սրանք տարբեր գործառնական նշանակության, հասարակական տարբեր նշանակության շենք-շինությունների սպասարկման համար անհրաժեշտ հողատարածքներն են:
Բնականաբար, որոշում է ընդունվել նաեւ վարձակալական պայմանագրերի կնքման լիազորված անձինք ճանաչել համայնքների ղեկավարներին: Անցած տարի սրանցից հավաքված վարձակալական գումարները կազմեցին 322 մլն դրամ: Այս տարի նաեւ պարտքերը նկատի առնելով, նախատեսվում է կրկնակին հավաքել:
Մինչ այժմ այս վճարները լրացնում էին համաքաղաքային բյուջեն, ծախսվում քաղաքային նշանակության բարեկարգման եւ սանմաքրման աշխատանքների համար:
Դեռ անցած տարի քաղաքապետի հանձնարարականով մայրաքաղաքում պետական սեփականություն համարվող հողերի, պայմանագրային հիմքերով հողօգտագործողների գույքագրում ու հաշվառում, նաեւ դրանք օրենսդրությանը համապատասխանեցնելու եւ իրավական դաշտ բերելու միջոցառումներ իրականացվեցին:
Նախնական հաշվառման տվյալներով այսօր 10 հազար հողօգտագործողներից 7722-ը հաշվառված են քաղաքապետարանում, 2525-ը` Կենտրոն համայնքում:
Գույքագրումը պարզեց, որ չափազանց շատ են պայմանագրային պարտավորությունները չկատարած կամ դրանք խախտած հողօգտագործողները, մասնավորապես վարձակալական վճարներից խուսափած անձինք: Նրանցից 57-ի դեմ քաղաքապետարանը դատական հայցեր է հարուցել: Սրանց պարտքի ընդհանուր գումարը կազմում է 150 մլն դրամ:
Մյուս մեղանչածներին մինչեւ մարտի 1-ը պարտքերը վճարելու ժամկետ է տրվել: Հակառակ դեպքում նրանք եւս թակելու են դատարանների դռները:
Ամեն ինչից զատ, այս միջոցառումը նաեւ հողային բազայի ճշգրտված տվյալներ ունենալու եւ հողօգտագործողների գործունեությունը վերահսկելու հնարավորություն կտա: «Հավանաբար, առաջին կիսամյակի ավարտին համակարգչային ծրագրի միջոցով կհաջողվի արտացոլել ողջ իրական պատկերը եւ հողօգտագործողների վերահսկողությունը կառավարելի դարձնել», քաղաքապետարանում կայացած երեկվա ճեպազրույցի ժամանակ հայտարարեց քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը:
«Ֆրոնտալ» համայցեր դպրոցներ
Ձմեռային սկզբի երկրորդ կարեւոր խնդիրը, որ լրագրողներին ներկայացրեց առաջին տեղակալը, դպրոցներն են:
Պետական հիգիենիկ համաճարակային տեսչությունը եւ առաջնային բուժօգնության պոլիկլինիկաները հունվարի սկզբից համատեղ այցեր են կատարում դպրոցներ եւ նախադպրոցական հիմնարկներ` կանխարգելելու համաճարակային իրավիճակները:
Չդադարող ցրտերը շարունակում են տագնապ ու անհանգստություն պատճառել դպրոցահասակ երեխաներ ունեցող ընտանիքներին: Շատերը պարզապես արգելում են երեխաներին դպրոց հաճախել: Այնուամենայնիվ, համատեղ ստուգումները, ըստ Կամո Արեյանի, արտակարգ միջոցառումներ ձեռնարկելու անհրաժեշտություն չեն հայտնաբերել: Որեւէ հիվանդության բռնկման կամ տարածման նախանշաններ չկան գոնե շաբաթ օրվա տվյալներով:
Լոկալ ջեռուցում ունեցող դպրոցների բախտը բերել է, փոխարենը «տենային», էլեկտրական ջեռուցիչների համակարգով յոլա գնացողները բավարարվում են միայն առանձին դասասենյակների ջեռուցմամբ: Միջանցքներում, ինչպես ամեն տարի, ցուրտ է, եւ հիվանդանալու հավանականությունը` մեծ: Այս իմաստով բարդ է հատկապես Նորք, Ավան, Աջափնյակ համայնքների խնդիրը, ուր տեղային ջեռուցում չկա:
Շատ դպրոցների տնօրեններ ստիպված են վերակազմակերպել իրենց աշխատանքները: Դասերը չձախողելու համար հյուսիսահայաց դասարանները տեղափոխվում են արեւահայաց հատվածներ, եւ էլեկտրական տաքացուցիչները տեղադրվում են այնտեղ: Շատերը բավարարվում են 25 կամ 30 րոպե դասաժամերով:
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ