«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#16, 2005-02-01 | #17, 2005-02-02 | #18, 2005-02-03


ՆՈՐ ՄԱՐԱՂԱՆՙ ՀԻՆ ՎԵՐՔԵՐՈՎ

ԵԱՀԿ փաստահավաք առաքելությունը Աղդամում

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ, Աղդամ-Նոր Մարաղա

25-ամյա Գարիկ Ստեփանյանը տունը եւ հորը կորցրել է 12 տարեկանում: Այժմ նա կնոջ եւ 2 մանկահասակ երեխաների հետ բնակվում է Նոր Մարաղայում: Գարիկի հայրը վիրավորվել է կռվի ժամանակՙ Մարտակերտում: Տեղափոխել են Հայաստանՙ հիվանդանոց, որտեղ մահացել է ու թաղվել է Արամուս գյուղում, որովհետեւ ընտանիքը հնարավորություն չի ունեցել ու պատերազմն էլ թույլ չի տվել Գարիկի հոր վիրավոր մարմինը տանել հայրենի տունՙ Մարաղա:

«Մեր գյուղում ադրբեջանցիները շատ են երեխա, հարս, ծերեր կոտորել», ասում է Գարիկը իրենց բարբառով: Նա պատմում է, որ ամեն տարի ապրիլի 10-ին գյուղացիները հավաքվում են հուշարձանի մոտՙ սգո սեղան գցում, հիշում սպանված ու գերեզման չունեցող հարազատներին:

Մարաղան Մարտակերտի հինգ մյուս գյուղերի հետ մնում է Ադրբեջանի վերահսկողության տակ 1992 թվականից: Գյուղը մինչեւ թշնամու գրավումը ունեցել է շուրջ 4.000 բնակիչ: Այսօր Նոր Մարաղայում հաստատվել են նրանցից մի քանի հարյուրը, մյուսները ցիրուցան են եղել Ռուսաստանի տափաստաններում:

ԵԱՀԿ փաստահավաք առաքելությունը երեկ մի քանի ժամ անցկացրեց այս գյուղում: Գյուղապետ Ռոմա Առուստամյանը առաքելության ղեկավար Էմիլի Հաբերին ասաց, որ եթե ադրբեջանցիներն ազատեն իրենց գյուղը, ապա բոլոր մարաղացիները կվերադառնան:

«Մեր գյուղերը ե՞րբ են ազատագրվելու, դրան ենք սպասում, գնանք մեր տներում ապրենք մարդավայել պայմաններում: 10 տարի որեւէ միջազգային կազմակերպություն չի այցելել, չի հետաքրքրվել մեզանով: Ինչո՞ւ են ադրբեջանցի փախստականներին օգնում, մեզՙ ոչ», բողոքեց գյուղապետը տիկին Հաբերին:

Սակայն փաստահավաք խումբը Նոր Մարաղա էր ժամանել բացարձակապես այլ նպատակով: Թեեւ տիկին Հաբերը գյուղապետ Առուստամյանին ասել է, որ կանեն հնարավորը, որպեսզի օգնեն մարդկանց, բայց ակնհայտ է, որ եվրոպացի եւ ամերիկացի «փաստ հավաքողներին» այնքան էլ չի հետաքրքրում, որ, օրինակ, 52-ամյա Աիդա Երեմյանը տուն ու տեղը, 50 գլուխ ոչխարը, պտղատու այգին թողել է շփման գծի այն կողմում:

Ընդհանրապես Նոր Մարաղայում յուրաքանչյուր ընտանիք մի դժբախտ պատմություն է: Մարաղան ցավոտ վերք է մնացել ղարաբաղյան պատերազմից. տասնյակ հայեր, այդ թվում երեխաներ, ծերեր, կանայք են սպանվել, եւս մի քանի տասնյակը շարունակում են համարվել անհետ կորած:

57-ամյա Էլմիրա Սահակյանը կորցրել է 21-ամյա տղային, ամուսնուն եւ վերջինիս հորը: Տիկին Էլմիրան բնակություն է հաստատել Նոր Մարաղայում որդու եւ դստեր հետ: Ընտանիքին կերակրում է պատերազմի ժամանակ վիրավորված որդին:

Կյանքի 70-րդ տասնամյակը մտած Զոյա Սարգսյանը կորցրել է երեք երիտասարդ որդիներին, նրանցից մեկըՙ կրտսերը, անհայտ կորած է: Սպանված որդիների կանայք երեխաների հետ հեռացել են Ռուսաստան, իսկ տիկին Զոյան ապրում է թոռների հեռախոսազանգերով:

ԵԱՀԿ փաստահավաք առաքելության անդամները զրույցները վերջացրին, ավելի ճիշտ փորփրեցին նորմարաղացիների հին վերքերը ու ջիպերով շարունակեցին փնտրել նորակառույց տներ: Նրանք, ինչպես հայտնի է, շրջում են ԼՂՀ վերահսկողության տակ գտնվող, վարչականորեն նախկինում Ադրբեջանին պատկանող շրջաններում, որպեսզի պարզենՙ արդյոք ԼՂՀ իշխանությունները պետական մակարդակով վերաբնակեցման եւ յուրացման քաղաքականությո՞ւն են վարում:

Նախօրեին նրանք նոր տուն ու մարդ էին փնտրում Ֆիզուլիում ու Ջեբրայիլում, երեկ ամբողջ օրըՙ Աղդամի շրջանում, որը 1993 թ. ամռանը պատերազմական գործողությունների արդյունքում անցել է ղարաբաղյան զինուժի վերահսկողության տակ: Աղդամի շրջանի միայն մի մասն է գտնվում ԼՂՀ զինուժի վերահսկողության տակ:

Մինչ նոր վայրեր այցելելը փաստահավաք խմբի ղեկավարը շատ կարճ ասուլիս տվեց: Մեր հարցին տիկին Էմիլի Հաբերը պատասխանեց, որ ղարաբաղյան իշխանությունները օժանդակում են խմբի աշխատանքներին, եւ «մենք կարողանում ենք կատարել մեր առաջադրանքները»: Նա հավելեց, որ փաստահավաք խումբը զեկույց է պատրաստելու, եւ Մինսկի խումբն է վճռելուՙ ինչ անել այդ զեկույցի հետ:

Նոր Այգեստան գյուղում բնակություն է հաստատել մի քանի տասնյակ մարդ, բոլորն էլ Մարտակերտի շրջանի Չայլու գյուղից: 1992 թ.-ից ի վեր գյուղը ադրբեջանական օկուպացիայի տակ է, իսկ նախկինում 4000 բնակիչ ունեցող գյուղի ընտանիքները նոր տանիք են փնտրում ով որտեղ կարող է:

Գյուղացիներին թվում էր, թե ջիպերով Նոր Այգեստան եկած անծանոթները հավանաբար օգնություն են բաժանելու: Նրանք, չնայած չքավորությանը, ֆինն Վեսա Յաակո Վասարային, ամերիկացի Լուիս ՕՙՆիլին եւ խմբի մյուս անդամներին հրավիրում էին իրենց տունՙ հյուրասիրելու:

Չայլուն թշնամին գրավել է 1992 թվականի հունիսին, գյուղը տվել է տասնյակ զոհեր: Գաղթի ճանապարհին նրանցից 2 տասնյակը շրջափակման մեջ է ընկել Լաչինի միջանցքում եւ մինչեւ օրս այլ 200 հայ փախստականների հետ համարվում է անհայտ կորած:

Մարդկային ողբերգական այս պատմությունները գործնականում կարող էին ազդել ԵԱՀԿ փաստահավաք առաքելության եվրոպացի եւ ամերիկացի անդամների վրա, սակայն նրանց ժամանակը այնքան էլ երկար չէ, ու նրանք հավանաբար ժամանակ չունեն ապրելու ուրիշի ողբերգությամբ:

Այսօր փաստահավաք առաքելությունը կրկին օրն անցկացնելու է Արաքսի ափին, այս անգամՙ Զանգելանի շրջանում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4