«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#16, 2005-02-01 | #17, 2005-02-02 | #18, 2005-02-03


ԱՄՆ-Ը ՀԱՎԱՏԱՐԻՄ Է ՄՆՈՒՄ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԽԱՂԱՂ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆԸ ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ

ՎԱՇԻՆԳՏՈՆ, 2 ՓԵՏՐՎԱՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Միացյալ Նահանգները Լեռնային Ղարաբաղը չի ճանաչում անկախ երկիր, եւ նրա ղեկավարությունը չունի միջազգային ճանաչում եւ չի ճանաչվում Միացյալ Նահանգների կողմից: ԱՄՆ-ը պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ համարում է, որ Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը կողմերի միջեւ բանակցությունների առարկա է», ասված է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարության 2005 թ. հունվարի 25-ի տեղեկանքում:

Միաժամանակ, փաստաթղթում նշվում է, որ ԱՄՆ-ը «շարունակում է հավատարիմ մնալ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում»:

Տեղեկանքում ասված է, որ Լեռնային Ղարաբաղի առնչությամբ զինված հակամարտությունը տեւել է 1990-ից մինչեւ 1994 թվականը: «Երբ 1994 թվականին հրադադարը գործողության մեջ մտավ, հայկական ուժերը վերահսկում էին Լեռնային Ղարաբաղի մեծ մասը, ինչպես նաեւ հարակից ադրբեջանական տարածքի մեծ գոտիներ: Ռազմական գործողությունների, Ադրբեջանից հայերի եւ Հայաստանից ադրբեջանցիների տեղահանման հետեւանք են միլիոնից ավելի փախստականներն ու ներքին տեղահանվածները: Մոտավորապես 100 հազար ադրբեջանցիներ ներկայումս ապրում են փախստականների ճամբարներում անտանելի պայմաններում: Հակամարտության ժամանակ Թուրքիան փակեց իր ցամաքային սահմանը Հայաստանի հետ, որպեսզի ցույց տա իր համերաշխությունը Ադրբեջանի հետ, եւ այդ ժամանակվանից այն չի բացել», ասվում է փաստաթղթում: Պետքարտուղարությունն ընդգծում է, որ կողմերը 1994 թվականից պահպանում են հրադադարի համաձայնությունը, ու «թեեւ տեղ են գտնում հրադադարի խախտումներ եւ սահմանային բախումներ, բոլոր կողմերը շարունակում են հայտարարել բանակցությունների միջոցով խաղաղ կարգավորմանն իրենց անփոփոխ նվիրվածության մասին»:

Պետքարտուղարությունը նշում է, որ Մինսկի խմբի համանախագահները (Ռուսաստան, Ֆրանսիա եւ ԱՄՆ) հանդես են գալիս որպես միջնորդներՙ սերտ եւ արդյունավետ համագործակցելով կողմերի հետ: 1997-1998 թվականներին համանախագահների մաքոքային դիվանագիտությունը թույլ տվեց մշակել երեք առանձին խաղաղ առաջարկներ: Այդ առաջարկություններից յուրաքանչյուրը մերժվեց կողմերից մեկի կամ մյուսի կողմից:

«Սկսած 1999 թվականից, Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը եւ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը ուղիղ երկխոսություն սկսեցին երկկողմ մի շարք հանդիպումների ճանապարհով: Դրական իրադարձությունները, որ տեղի ունեցան 2001 թ. մարտին նախագահներ Ալիեւի, Քոչարյանի եւ Շիրակի փարիզյան հանդիպմանը, դրդեցին պետքարտուղար Քոլին Լ. Փաուելին երկու նախագահներին երկխոսությունը շարունակելու նպատակով հրավիրելու Միացյալ Նահանգներ: Ալիեւը եւ Քոչարյանը համանախագահների հետ հանդիպեցին 2001 թվականի ապրիլին, Քի Վեսթում: Կողմերը հասան նշանակալի առաջադիմության, սակայն չկարողացան հասնել համապարփակ կարգավորման: 2003 թվականին վախճանվեց նախագահ Հեյդար Ալիեւը, եւ բանակցությունները դանդաղեցին այն տարի, երբ երկու երկրներն անցկացնում էին նախագահական ընտրություններ», ասվում է փաստաթղթում:

Պետքարտուղարությունը նշում է նաեւ, որ 2004 թվականին համանախագահները նախաձեռնեցին մի շարք հանդիպումներ Պրահայում Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջեւ: «Պրահյան գործընթացը» նպատակ ուներ ակտիվացնելու երկխոսությունը կողմերի միջեւ: Արտաքին գործերի նախարարների մի շարք հանդիպումներից, ինչպես նաեւ Վարշավայում եւ Աստանայում նախագահներ Իլհամ Ալիեւի եւ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումներից հետո համանախագահները եւ կողմերը համաձայնեցին, որ պրահյան գործընթացը հարկավոր է շարունակել 2005 թվականին եւ կենտրոնանալ կարգավորման ուղղությամբ բանակցությունների առաջխաղացման վրա»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4