«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#16, 2005-02-01 | #17, 2005-02-02 | #18, 2005-02-03


ԿԱՐԵՎՈՐԸ ԵՐԿՐԻ ՇԱՀԵՐԸ ԳԵՐԱԴԱՍԵԼՆ Է

ԺԱՄ հասարակական¬քաղաքական կազմակերպության վերակազմավորումով (այսուհետեւ կոչվելու է Արցախի ժողովրդավարական կուսակցություն) կարծես թե ավարտվեց կուսակցականաշինության շքերթը Արցախում: Ավանդական կոմկուսի եւ ՀՅԴ-ի գոյությանը զուգահեռ ԼՂՀ-ում իրենց գործունեությունը պետք է ծավալեն «Մեր տունը Հայաստանն է», «Շարժում¬88», «Արմենական», «Ազատ հայրենիք» եւ ԱԺԿ կուսակցությունները: Այս գործընթացը, սակայն, պայմանավորված է ոչ միայն «Կուսակցությունների մասին» օրենքի պահանջներով, այլեւ առաջիկայում ԼՂՀ-ում կայանալիք խորհրդարանական ընտրություններով: Անկասկած, քաղաքական բոլոր ուժերն էլ հավակնություն ունեն խորհրդարանում առավելագույն տեղեր զբաղեցնելու: Կուսակցություններից եւ ոչ մեկը, ըստ իրենց հրապարակային հայտարարությունների, չի հրաժարվում երկրի հանդեպ պատասխանատվության բեռն իր ուսերին վերցնելուց, ասել կուզիՙ իշխանության գլուխ կանգնելուց: Զուտ քաղաքական պատասխանատվության տեսանկյունից սա, իհարկե, դրվատելի մոտեցում է: Այլ խնդիր է, թե ով ինչ կերպ է կարողանալու հասնել դրան, մանավանդ որ ներունակության առումով ուժերը հավասարապես չեն բաշխված:

Համենայն դեպս, շաբաթ եւ կիրակի օրերին տեղի ունեցածՙ «Ազատ հայրենիք» եւ ԱԺԿ քաղաքական կազմակերպությունների համագումարները ցուցանել են այս երկուսի լուրջ հավակնությունները: Եթե ԱԺԿ-ն այսպես կոչված իշխանական կուսակցություն էՙ իր վարչական լծակներով, ապա «Ազատ հայրենիքը» հիմնականում ներկայացնում են ԼՂՀ-ում մեծածավալ տնտեսական գործունեություն ծավալող գործարար ուժերը, թեպետ այս կուսակցության մեջ ընդգրկված են նաեւ հասարակական այլ շերտերի ներկայացուցիչներ: Ընդ որումՙ «Ազատ հայրենիքը» իրեն հայտարարել է որպես սոցիալական ուղղվածության աջ կենտրոնամետ ուժ եւ այս առումով գաղափարների ու մոտեցումների ընդհանրություն ունի ԱԺԿ-ի հետ:

Լուրջ քաղաքական դաշինք կարող են կազմել նաեւ ՀՅԴ-ն եւ «Շարժում¬88»-ը: Դժվար է ասել, սակայն այս երկու քաղաքական ուժերը կհամախմբվե՞ն նույն այն ճակատով, ինչ ամռանը կայացած տեղական ինքնակառավարման մարմինների, մասնավորապես, Ստեփանակերտի քաղաքային համայնքի ընտրությունների ժամանակ: Դա ցույց կտա ժամանակը:

Ենթադրաբար, այսօրվա իրավիճակի տրամաբանությամբ, առանձին են հանդես գալու կոմկուսը, նորաստեղծ «Մեր տունը Հայաստանն է» եւ «Արմենական» կուսակցությունները:

Ի դեպ, կուսակցականաշինության գործընթացը ԼՂՀ-ում առանձնահատկորեն տեղի է ունենում թե՛ նորերի ստեղծմամբ, թե՛ արդեն իսկ գոյություն ունեցողների ինքնամաքրմամբ եւ թե՛ փոքր հասարակական¬քաղաքական կազմակերպությունների ուծացմամբ: Ինքնամաքրման երեւույթը առկա է, թերեւս, ՀՅԴ-ում: Ինչպես հայտնի է, վերջերս ՀՅԴ-ն կառավարության կազմում ունեցած իր ներկայացուցչի պաշտոնանկման հետ կապվածՙ հետ է կանչել գործադիր մարմիններում ընդգրկված դաշնակցականներին, որին ոչ բոլոր անդամներն են դրական արձագանքել: Ինքնամաքրումը տեղի է ունեցել հենց նման «անհնազանդ» կուսանդամների հեռացմամբ կամ վտարմամբ:

Իր հերթին, սոցիալ¬դեմոկրատական կուսակցությունը հայտարարել է ինքնալուծարման եւ ԱԺԿ¬ին միանալու մասին:

Հավանական է, այսպիսի ուծացումներ էլի կլինենՙ ի դեմս ԼՂՀ-ում գրանցված մյուս փոքր հասարակական¬քաղաքական ուժերի:

Անկախ այն բանից, թե ինչ դասավորումներ է ունենալու ԼՂՀ քաղաքական դաշտը մոտ ապագայում, կարեւորը այն ակտիվությունն է, որը հասարակությանը ավելի է ներգրավում իր իսկ ճակատագիրը տնօրինելու գործընթացի մեջ: Քաղաքական գնահատման տեսանկյունից նման իրավիճակը կարելի է, իրավամբ, ժողովրդավարական բարեփոխումների արդյունք համարել: Այս ընկալմամբ նույնիսկ կարեւոր չի դառնում, թե ապագա դասավորումներում որ կուսակցությունը ինչ տեղ է զբաղեցնելու: Բոլոր կուսակցություններն էլ հանդես են գալիս երկրի շահերը գերադասելու առաջնահերթությունից: Միեւնույն ժամանակ պարզ է դառնում նաեւ, որ այս իրավիճակում քաղաքական դաշտի հիմնական տերերը լինելու են այն ուժերը, որոնք ոչ միայն ունեն քաղաքական պատասխանատվությանՙ գործնականում արտահայտված փորձ, այլեւ վայելում են ժողովրդի վստահությունը:

Առաջիկա գարունը, այսպիսով, պետք է որ թեժ լինի: Իսկ թե ինչ արդյունքներ կարձանագրի նախընտրական պայքարը, որը նաեւ տվյալ կուսակցության հետագա ճակատագիրը կանխորոշող փորձաքար է դառնալու, հայտնի կլինի, թերեւս, ամռան սկզբին, երբ ձեւավորված կլինի նոր խորհրդարանը եւ ըստ այդմՙ երկրի գործադիր իշխանությունը:

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4