Անկարայում նրա հետ կհանդիպի նաեւ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը
Հունվարի 31-ին Անկարա էր ժամանել ԱՄՆ պաշտպանության նախարարության խորհրդական Դուգլաս Ֆեյթը: Ի դեպ, նա սոսկ խորհրդական չէ, այլ կարեւորության Պենտագոնի երրորդ դեմքը: Թերեւս այդ առումով պատահական չէ, որ այցելության առաջին օրը Ֆեյթին ընդունել է Թուրքիայի բարձրագույն ղեկավարությունը, իսկ երկրորդ օրը նա հանդիպել է Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար Յիղիթ Ալփոգանին:
Ալփոգանի հետ հանդիպումից հետո հրավիրված մամուլի ասուլիսում Դուգլաս Ֆեյթը, թուրքական «Զաման» թերթի տվյալներով, հայտարարել է. «Իրաքի հարցում մեր միջեւ ծագել են որոշ տարաձայնություններ, որոնք տեղիք են տվել բարդությունների: Սակայն Իրաքում սկզբնավորված քաղաքական գործընթացը բխում է մեր համընդհանուր շահերից: Իրաքի տարածքային ամբողջականության եւ միասնության պահպանումը համապատասխանում է երկու երկրների շահերին: Թուրք-ամերիկյան հարաբերությունները պետք է գնահատել ամբողջության մեջ: Երկու երկրները միմյանց հետ սերտորեն դաշնակցում են, այդ դաշինքը կշարունակվի, որովհետեւ ամուր հիմքերի վրա է դրված»:
Ֆեյթը միաժամանակ Թուրքիայի ղեկավարությունից պահանջել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների առնչությամբ համապարփակ տեղեկություններ տալ թուրք հասարակությանը, ապա ի պատասխան թուրք լրագրողի ասել է, որ Պենտագոնը չունի «Ինջիրլիքի» ռազմաբազային վերաբերող որեւէ պահանջ: Նա անդրադարձել է նաեւ Իրանի միջուկային զենք ստեղծելու այսպես կոչված ծրագրին:
Եթե Պենտագոնը «Ինջիրլիքի» առնչությամբ որեւէ պահանջ չունի, ապա ԱՄՆ պաշտպանության նախարարության խորհրդականն ի՞նչ նպատակով է գործուղվել Թուրքիա: Թուրքական թերթերը Ֆեյթի այցը լուսաբանելիս լռությամբ շրջանցեցին դրա նպատակը: Այսինքնՙ տեղեկացված չէին: Այս պայմաններում դժվար է այցի նպատակի մասին որեւէ հետեւություն անելը: Պարզապես գիտենք, որ Ֆեյթի այցին նախորդել էր ԱՄՆ պետքարտուղարի օգնական Արմիթեյջի այցը: Ըստ երեւույթին ԱՄՆ նորանշանակ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսի այցն էլ կհաջորդի Ֆեյթի այցին:
Երբ ընդամենը մեկ ամսում մի երկրից մյուսը երեք պաշտոնական այց է կատարվում, ապա այդ երկրների հարաբերություններում պետք է լինեն լուրջ խնդիրներՙ կամ մեկը մյուսից ունենա ռազմաքաղաքական պահանջներ, կամ էլ երրորդ երկրների հետ վերջինի մերձեցումը դիտարկվի մտահոգիչ զարգացում:
Թուրքիայի պարագայում ամենայն հավանականությամբ ԱՄՆ-ի խնդիրը Իրանի, Սիրիայի, ինչու չէ, նաեւ Ռուսաստանի հետ նրա մերձեցմամբ չի սահմանափակվում: Միջինարեւելյան քաղաքականության հարցում պաշտոնական Անկարան հետզհետե մերձենում է նաեւ Եվրոմիությանը: Տարածաշրջանում միանձնյա գերիշխանության ձգտող ԱՄՆ-ի համար մերձեցման վերոհիշյալ դրսեւորումները չեն կարող մտահոգիչ չլինել: Մանավանդ որ տարածաշրջան ներթափանցելու ճանապարհին կամրջի դեր կատարող Անդրկովկասում շարունակվում է ռուս-ամերիկյան մրցապայքարը, ԱՄՆ-ն ամեն կերպ փորձում է տարածաշրջանային երկրները զերծ պահել ԵՄ-ի ազդեցությունից, ավելինՙ շարունակում է ռազմական ներխուժման սպառնալիքների ենթարկել Իրանին ու Սիրիային, իսկ Թուրքիան, ի դեմս վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, տարբեր առիթներով անընդմեջ քննադատում է Վաշինգտոնի միջինարեւելյան քաղաքականությունը եւ պահանջում, որ վերջինն ամերիկյան զորքերը դուրս բերի Իրաքից:
Համենայն դեպս, այսօր Կոնդոլիզա Ռայսը պետք է ուղեւորվի Եվրոպա: Նա Անգլիա, Գերմանիա, Լեհաստան այցելելուց հետո կշարժվի Թուրքիա, որտեղից էլ շրջայցով կուղեւորվի Իսրայել, Պաղեստին, Իտալիա, Ֆրանսիա, Բելգիա եւ Լյուքսեմբուրգ: Հատկանշական է, որ շրջայցով Թուրքիա ուղեւորվող Ռայսի հետ հանդիպելու համար փետրվարի 5-ին Անկարայում կլինի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Անատոլու» գործակալությունը տեղեկացնելով այդ մասին նշում է, որ Լավրովն Անկարայում ԱՄՆ նորանշանակ պետքարտուղարի հետ կքննարկի նախագահներ Ջորջ Բուշի եւ Վլադիմիր Պուտինի փետրվարի 24-ին Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում նախատեսվող հանդիպմանն առնչվող հարցեր:
Մերձավոր եւ Միջին Արեւելքի քաղաքական զարգացումներն ու դրանց հիմքի վրա առաջացած թուրք-ամերիկյան տարաձայնությունները առանձնահատուկ նշանակություն են հաղորդում ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսի Թուրքիա կատարելիք այցին, իսկ պետքարտուղարի հետ հանդիպելու համար Ռուսաստանի արտգործնախարարի ուղեւորությունն Անկարա ավելի քան ուշագրավ է դարձնում առաջիկա այցը:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ