ԿՀՎ-ի փորձագետները պատրաստել են գաղտնի զեկույց, որտեղ վերանայվում են Սադդամ Հուսեյնի ռազմական ծրագրերի վերաբերյալ անցյալում եղած տեսակետները եւ ընդգծվում է, որ Իրաքը 1991 թ. իրոք հրաժարվել էր քիմիական զենքի մշակման ծրագրերից:
«Լոս Անջելես թայմսը» նշում է, որ զեկույցը նախատեսված է միայն ներքին օգտագործման համար: Այնտեղ ԿՀՎ-ն առաջին անգամ խոստովանում է 2003 թ. հակաիրաքյան պատերազմից առաջ իր թույլ տված սխալը:
Նոր զեկույցը հիմնված է ԿՀՎ-ի փորձագետների նյութերի վրա, որոնք Իրաքում զանգվածային բնաջնջման զինատեսակների ապարդյուն որոնումներից հետո ստիպված են խոստովանել, որ Սադդամ Հուսեյնի վարչակարգն արգելված զենքի մշակումներով չի զբաղվել:
Ամերիկյան հատուկ ծառայությունների ներկայիս եւ նախկին աշխատակիցներից ոմանք արտառոց են համարում ԿՀՎ-ի արարքը: ԿՀՎ-ի նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից Ռիչարդ Քերի կարծիքով, իրավիճակը եզակի է, քանզի «սովորաբար երբեք չի հաջողվում հստակորեն ապացուցել նախկին հայտարարությունների սխալականությունը»: