«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#16, 2005-02-01 | #17, 2005-02-02 | #18, 2005-02-03


ՀԱՎԱՆԱԲԱՐ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ «ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ» ՓԱԹԵԹԱՅԻՆ ՊԱՏԱՍԽԱՆ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ

Այսօր կեսօրին կկայանա «Արդարություն» դաշինքի նիստը, իսկ ժամը 14-ին ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը սահմանադրական բարեփոխումների շուրջ քաղաքական խորհրդակցության է հրավիրել խորհրդարանի քաղաքական ուժերի ներկայացուցիչներին: Երեկվա դրությամբ դեռ պարզ չէր, կմասնակցի՞ «Արդարություն» դաշինքը խորհրդակցությանը: Մեր այս հարցադրմանը խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը, այնուամենայնիվ, պատասխանեց` հավանաբար կմասնակցենք:

Սահմանադրական բարեփոխումների իրենց տարբերակի վերաբերյալ դաշինքը գրավոր առաջարկներ է ներկայացրել կոալիցիային, եւ ինչպես հայտնեց Վիկտոր Դալլաքյանը, իրենք գրավոր պատասխան են ակնկալում սահմանադրական բարեփոխումների ողջ փաթեթի վերաբերյալ, առանց վերապահումների: «Արդարության» երկրորդ պահանջը եւս զիջողամտության երանգներ չունի` կոալիցիան պետք է միասնական դիրքորոշում արտահայտի:

Ակնկալվում է, որ մինչ հանդիպումն սկսվելը նրանք կարող են արդեն գրավոր պատասխան ստանալ կոալիցիայից: Հիշեցնենք, որ «Արդարություն» եւ «Ազգային միաբանություն» խմբակցությունները մինչ այս դիմել էին ԱԺ նախագահին` առաջարկելով իրենց պայմաններն ու մասնակցությունը սահմանադրական բարեփոխումների քննարկումներին:

Մասնակցության դեպքում «Արդարություն» դաշինքը ներկայացնելու են Վիկտոր Դալլաքյանն ու Շավարշ Քոչարյանը:

Հայտնի է, որ դաշնակցությունն ու հանրապետականները եւս առանձնապես ոգեւորված չեն քաղաքական քննարկումների հեռանկարով:

Կ. Դ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4