Հայտնի է, որ Աժ պատգամավորներ Վիկտոր Դալլաքյանի եւ Մանուկ Գասպարյանիՙ Երեւան քաղաքի դատախազ Հրաչ Բադալյանին ներկայացրած միջնորդությունը «Հայ արիական միաբանության» ղեկավար Արմեն Ավետիսյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ մերժեց ավագ քննիչ Արամ Գրիգորյանը:
Նույն հիմքերով քաղաքի դատախազին դիմել է նաեւ «Հայ արիական միաբանությունը», եւ ըստ կարգի պատասխանը ստացվելու է այսօր: Եթե քաղաքի դատախազությունը նրանց եւս մերժի, կազմակերպությունը մտադիր է դիմել հանրապետական դատախազություն:
Հայ արիական միաբանությունը հայց է ներկայացրել նաեւ վերաքննիչ դատարան` բողոքարկելով առաջին ատյանի դատարանի վճիռը: Միաբանության գերագույն խորհրդի անդամ Մառ Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ վերաքննիչ դատարանը գործը կլսի փետրվարի 4-ին, ժամը 12-ին:
Հայտնի է, որ այս խնդրով ՀՀ նախագահին է դիմել նաեւ հանրապետության գլխավոր իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատող Նորա Ալախվերդյանը մեզ հայտնեց, որ օմբուդսմենը պատասխան դեռ չի ստացել:
Կ. Դ.